– Պրն Մարջանյան, Ֆուկուսիմայի երկրաշարժից եւ ատոմակայանի դեպքերից հետո մեր ատոմակայանի շուրջ մտահոգությունները խորացան։ Իսկ օրերս Վանում տեղի ունեցած երկրաշարժը կրկին քննարկման առարկա դարձրեց ատոմակայան ունենալու նպատակահարմարությունը։ Պե՞տք է արդյոք աշխարհին եւ, մասնավորապես, Հայաստանին ատոմային էներգետիկան, թե՞ կարելի է նաեւ «յոլա գնալ» առանց դրա։
– Մինչ Ֆուկուսիման՝ տարածաշրջանում ընթանում էր շատ ինտենսիվ մրցավազք` ատոմային էներգետիկա զարգացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ Իրանը՝ իր Բուշերի ատոմակայանով, կամ Թուրքիան, որը պատրաստվում է առաջիկայում կառուցել ոչ թե մեկ, այլ 5 ատոմակայան, կամ արաբական մի շարք երկրներ եւ նույնիսկ Վրաստանը` որ մեկ` հայտարարում է ատոմակայան ունենալու իր ցանկությունը, մեկ` հրաժարվում դրանից։ Կարճ ասած, տարածաշրջանում դա շատ ինտենսիվ գործընթաց էր։ Ֆուկուսիմայից հետո մի շարք երկրներ վերանայեցին ատոմային էներգետիկայի զարգացման իրենց ծրագրերը։ Ճապոնիայից սկսած, արաբական երկրներով վերջացրած, բոլոր տեղերում լուրջ խմորումներ գնացին։ Երկարաժամկետ առումով՝ զարգացման մեծ դինամիկա ունեցող երկրները ներկայումս ատոմային էներգետիկային իրական այլընտրանք չունեն։ Այդ տեսակետից մի փոքր տարբերվում է Գերմանիան. դա միակ երկիրն էր, որի համար ատոմային էներգիայից հրաժարումը ուներ վառ ընդգծված ներքաղաքական բաղադրիչ։ Սակայն ոչ մի լուրջ անալիտիկ չի կասկածում, որ մի քանի տարի հետո Գերմանիան կվերանայի իր մոտեցումը եւ կվերադառնա ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Իրական այլընտրանքը այստեղ կհայտնվի միայն, եթե տեղի ունենա տեխնոլոգիական էական առաջխաղացում կամ հեղափոխություն էներգետիկ տեխնոլոգիաների որոշ ասպարեզներում։ Նշեմ դրանցից մեկը` այսպես կոչված, ցածր ջերմաստիճանային գերհաղորդականությունը։ Եթե դրանք իրոք դառնան հուսալի եւ էժան, ապա կփոխվի աշխարհի էներգետիկ պատկերը եւ ընդհանրապես աշխարհը։
– Կոնկրետ Հայաստանը Ֆուկուսիմայից ի՞նչ դասեր կարող է քաղել։
– Իմ կարծիքով` առաջին դասն այն է, որ ժամանակին Հայաստանը ճիշտ որոշում էր ընդունել ռեակտորի տիպի ընտրության հարցում։ Բանն այն է, որ Մեծամորի եւ Ֆուկուսիմայի ատոմակայանները դիամետրալ հակադիր ատոմակայաններ են: «BBP» տիպի ռեակտորները, որոնք օգտագործվում են մեզ մոտ, ապացուցեցին իրենց լուրջ առավելությունները` ի հակադրում Ֆուկուսիմայի կայանում օգտագործվող, այսպես կոչվող, «Եռացող շերտով ռեակտորների»։ Երկրորդ դասն այն է, որ, ըստ երեւույթին, պետք է հրաժարվել «MOX» կոչվող ատոմային վառելիքի օգտագործումից: Այս տիպի վառելիքի օգտագործումը խորացրեց Ֆուկուսիմայի աղետի հետեւանքները։ Երրորդը՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել ռեակտորի վթարային հովացման անխափան աշխատանքի վրա։ Չորրորդը՝ թե ինչքան վտանգավոր է ոչ թե առաջնային, այլ երկրորդական հարվածը ատոմակայանի վրա։ Բանն այն է, որ թե՛ Հայկական ատոմակայանը Սպիտակի երկրաշարժի ժամանակ, թե՛ Ֆուկուսիման` Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, բուն երկրաշարժին շատ լավ դիմացան։ Սակայն երկրորդական հարվածը` ցունամիի ալիքը, Ֆուկուսիմայի համար ճակատագրական եղավ։ Մեր պարագայում «ցունամիի ալիքին» կարող է համապատասխանել ՀԱԷԿ-ի վթարային սարքավորումներում սնուցման խափանումը` զուգորդված էլեկտրական համակարգում ՀԱԷԿ-ի հետ կապ չունեցող խոշոր վթարի հետ: Դրա վրա պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել։
– Կոնկրետ ատոմակայանի հետ կապված` ինչպե՞ս կգնահատեք մեր մասնագետների որակավորումն ու գիտելիքները։
– Բավականին բարձր։ Փառք Աստծո, պահպանված են որոշակի ավանդույթներ, պահպանվել է կադրային կորիզը։ Բացի բուն ատոմակայանից, գործում է նաեւ ատոմային էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ նույնպես բավականին լուրջ կադրային պոտենցիալ կա։
– Իսկ հաջորդ սերնդի՝ ներկայիս կադրերի առումով վիճակն ինչպե՞ս է։ Կա՞ն փոխարինողներ, եւ երիտասարդների շրջանում արդյոք հետաքրքրություն կա՞ այդ ոլորտի նկատմամբ։
– Այդ ամենը կա, բայց կան նաեւ բազմաթիվ խնդիրներ։ Նախ՝ սոցիալական խնդիր։ Ատոմակայանի շուրջ վերջերս ստեղծված իրավիճակին, կարծում եմ, բոլորը ծանոթ են, երբ աշխատակիցները պահանջում էին աշխատավարձի բարձրացում։ Փառք Աստծո, իրավիճակը հանգուցալուծվեց։ Դա եզակի դեպք չի, երբ աշխատողն իրեն զգում է անպաշտպան, խոցելի եւ զուրկ որեւէ երաշխիքից։ Այսինքն՝ սոցիալական այն իրավիճակը, որն առկա է ամբողջ Հայաստանում, արտահայտվում է նաեւ ատոմակայանում։ Ես ուրախ եմ, որ դեպքերն այսպես զարգացան։ Նախ` դա ցույց տվեց, որ կոլեկտիվը համախմբված է, կարող է հստակ դնել իր պահանջները, հետեւողականորեն որոշակի գործընթացներ տանել եւ հանգուցալուծման հասնել։ Սա, կարելի է ասել, նախազգուշացնող զանգ էր, որ ժամանակն է այդ հարցերին ուշադրություն դարձնել եւ մարդկանց չդնել անմարդկային վիճակի մեջ։
– Պրն Մարջանյան, հարցազրույցներից մեկում նշել էիք, որ իրականացվում է Հայաստանին տարածաշրջանի էներգետիկ նախագծերից մեկուսացնելու ծրագիր, եւ, որ մեկուսացման այդ ծրագիրն իրականացվում է Արեւմուտքի համաձայնությամբ, եթե չասենք՝ կոորդինացմամբ։ Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ միանշանակ պետք է ուղղվի Ռուսաստանի կո՞ղմը։
– Եթե շատ կոպիտ ասենք, այո։ Մեզ առանձնապես ուրիշ այլընտրանք ռեալ կյանքը չի տալիս։ Դա, իհարկե, շատ վատ է, որովհետեւ Հայաստանի համար ավելի ձեռնտու է զարգանալ մի քանի ուղղություններով, քան միակողմանի դիրք ունենալ։ Սակայն, ցավոք սրտի, իրադարձությունները զարգացան այն ուղղությամբ, որ այդ մանեւրելու հնարավորությունը փոքրանում է։ Ռեալ երաշխիքներ են պետք, առաջին հերթին՝ անվտանգության առումով, եւ հետո` զարգացման։ Իսկ այդ երաշխիքը մեզ տվեց Ռուսաստանը, եւ ոչ վերացական, այլ ռազմական հենակայանների տեսքով: Բացի այդ, ի լուր աշխարհի հայտնվեց, որ Հայաստանի վրա հարձակումը կընկալվի` որպես հարձակում իր վրա։ Հայաստանը այդպիսի բարեկեցիկ միջավայրում չէ, որ վերացական երաշխիքների հավատա։ Վրաստանը հավատաց, եւ տեսանք, թե ինչ եղավ:
– Ստացվում է, որ ոչ թե Հայաստանն է գնում դեպի Ռուսաստան, այլ Արեւմուտքն ինքն է հեռու վանում իրենից Հայաստանին։
– Կարելի է եւ այդպես ասել։ Չէի պնդի, որ դա արվում է դիտավորությամբ։ Սակայն Արեւմուտքի վարած աշխարհաքաղաքականության հետեւանքներից մեկն էլ հենց դա է։
– Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ֆրանսիայի նախագահի վերջին այցն ու ուշադրության մեծացումը մեր երկրի, մասնավորապես, էներգետիկ համակարգի եւ նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ։ Այսինքն՝ հիմա ցանկանում են հակառակ ուղղությամբ շարժվել, Հայաստանին գրավել իրենց կո՞ղմը։
– Դեռ նախորդ դարից ձեւավորվել է մի իրավիճակ, որ Վրաստանի «կուրատորը» Եվրոպայում հանդիսանում էր Գերմանիան, Ադրբեջանի կուրատորը` Միացյալ Թագավորությունը, դե, իսկ Հայաստանի կուրատորը միշտ եղել է Ֆրանսիան։ Եվ շատ լավ է, որ մենք ունենք այդպիսի կուրատոր՝ ի դեմս Ֆրանսիայի, այս հրաշալի երկրի։ Սարկոզիի այցը նաեւ այդ համատեքստում է պետք դիտարկել։ Դա նաեւ ավանդական հայ-ֆրանսիական հարաբերությունների արգասիքն է։ Սարկոզիի պարագայում, իհարկե, հարցն ունի նաեւ ներքաղաքական բաղադրիչ, որովհետեւ ֆրանսահայ ընտրազանգվածը բավականին մեծ ուժ է։
Ինչ վերաբերում է ֆրանսիական հետաքրքրությանը ատոմակայանի նկատմամբ, այն երկար տարիների պատմություն ունի։ Դեռ 10 տարի առաջ Հայաստանում էր ֆրանսիական ՖՐԱՄԱՏՈՄ ընկերության ատոմակայանների անվտանգության գծով հայտնի մասնագետ Ժ. Փանոսյանը` իր փորձագիտական խմբով: Իրականացվեցին մի շարք ծրագրեր` միտված մեր ատոմակայանի անվտանգության բարձրացմանը։ Ձեռքբերումները տպավորիչ էին, եւ պրն Փանոսյանն արժանացավ նույնիսկ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւի: Այնպես որ, Ֆրանսիայի հետաքրքրությունը շատ բնական է: Հավելեմ, որ վստահաբար մեծ է նաեւ ՌԴ հետաքրքրությունը Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ կլինեն նաեւ այլ հետաքրքրված կողմեր:
– Եթե Լեռնային Ղարաբաղի հարցով վերջնական համաձայնագիր կնքվի, եւ Թուրքիայի հետ էլ հարաբերությունները կարգավորվեն, արդյո՞ք դա կփոխի իրավիճակը, եւ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում, կվերանայվի՞։
– Եթե խաղաղություն հաստատվի, եւ բացվեն Թուրքիայի հետ սահմանները, ապա մեր տարածաշրջանը կհայտնվի բոլորովին նոր իրավիճակում։ Այդ իրավիճակն իր մեջ կունենա վտանգներ, բայց նաեւ` զարգացման հսկայական ներուժ։ Դա էապես կփոխի նաեւ էներգետիկ համագործակցությունը տարածաշրջանում։ Այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ, այսպես ասենք, էլեկտրաէներգետիկ կարգավորող տարածաշրջանային կենտրոն։ Որովհետեւ, եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ Հայաստանն է գտնվում տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգի սրտում եւ ունակ է կարգավորել էներգետիկ հոսքերը, օրինակ, Իրանից` Թուրքիա, Ռուսաստանից` Թուրքիայով – դեպի արաբական աշխարհ, եւ այլն։ Իսկ դա էապես կբարելավի տարածաշրջանի թե՛ տնտեսական կոնֆիգուրացիան, թե՛ աշխարհաքաղաքական հենքը, եւ թե առօրեական սոցիալական վիճակը։