Տոմս բաժանողը հեղինակությո՞ւն է

27/10/2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀՀԿ ներքին խմորումներին` մասնավորապես` ՀՀԿ-ականների տարբեր թիմերի բաժանվելու խնդրին, ասել է, թե դրանք բամբասանքներ են, որոնք շատ հեռու են իրականությունից:

«Ցանկացած օրգանիզմի ներսում կան տեսակետներ, կա բանավեճ` դա նորմալ երեւույթ է, եւ առանց այդպիսի երեւույթների հնարավոր չեն զարգացումներ: Ցանկացած կուսակցության ներսում էլ կան տարբեր տեսակետներ ապագայի, ներկայի, անցյալի վերաբերյալ, ինչը ապահովում է կուսակցության զարգացումը եւ ուժեղացումը»,- ասել է նա: Հարցին էլ, թե «ՀՀԿ-ն ի՞նչ է ակնկալում Պարույր Հայրիկյանից, ով հնարավոր համարեց ՀՀԿ-ին միացումը, մյուս կողմից` լուրեր են պտտվում, որ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, հնարավոր է, ՀՀԿ համամասնական ցուցակով մտնեն խորհրդարան»` Տ. Սարգսյանը պատասխանել է. «Դուք տվեցիք երեքի անունը, առնվազն տասնյակ քաղաքական գործիչների անուններ կան, որոնք ուզում են, պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ, եւ մենք նույնպես պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, որովհետեւ մեր թիմի ղեկավարը` Սերժ Սարգսյանը, բազմիցս հայտարարել է` ՀՀԿ-ն համախմբող կուսակցություն է: Եվ այն մարդիկ, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցելու մեր երկրի ապագան կառուցելու գործում, մենք պատրաստակամ ենք, եւ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունենալով մեծամասնություն, այնուամենայնիվ, ստեղծեց կոալիցիա, հրավիրեց ոչ կուսակցական նախարարների, գործիչների, որոնք կարող են համագործակցել մեզ հետ եւ օգնել մեզ լուծելու երկրի առջեւ ծանրացած խնդիրները: Այս սկզբունքային դիրքորոշմամբ մենք շարունակելու ենք, եւ ՀՀԿ-ն է լինելու համախմբող քաղաքական ուժը»: Դիտարկմանը, թե` ցանկացած մեկը, ով դիմի ՀՀԿ-ին, կարո՞ղ է դառնալ ՀՀԿ-ական, նա պատասխանել է. «Գիտեք, ծայրահեղության կարելի է հասցնել սկզբունքը, բայց ես ձեզ սկզբունքներն եմ ներկայացնում»: Հարցին էլ, թե` կարծում եք` նման լուսանցքային գործիչները կբարձրացնե՞ն ՀՀԿ վարկանիշը, Տ. Սարգսյանը պատասխանել է. «Առաջինը` դուք չէ, որ պետք է գնահատական տաք` լուսանցքի ա՞յս կողմում են, թե՞ այն: Հանրությունն է գնահատական տալիս` ընտրությունների միջոցով, իսկ մենք ցուցակ ձեւավորելիս` հաշվի ենք առնում հանրության վերաբերմունքը այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ: Իսկ այն քաղաքական գործիչների անունները, որոնք դուք տվեցիք, ունեն հեղինակություն, անցել են մեծ ճանապարհ: Աշխարհահռչակ շատ քաղաքական գործիչներ ընտրությունների ընթացքում պարտվել են: Հազարամյակի լավագույն քաղաքական գործիչը` Չերչիլը, ընտրությունների ժամանակ պարտվել է, Ֆրանսիայի հերոս դը Գոլը պարտվել է ընտրություններում: Սակայն նրանց դերակատարությունն իրենց պետականաշինության աշխատանքներում թերագնահատելը սխալ է»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է հենց վարչապետը բաժանում ՀՀԿ կուսակցական տոմսեր, արդյո՞ք դա նշանակում է, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ համամասնական ցուցակը, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Կուսակցության տոմսեր բաժանելը նորմալ կուսակցական շինարարության գործ է, եւ երբ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներն իրենք են հանձնում այդ տոմսերը, նշանակում է, որ ավելի լուրջ վերաբերմունք են ցուցաբերում կուսակցական շինարարությանը, որը նոր թափ է ստանալու: Մենք նպատակ ունենք էլ ավելի ամրացնելու Հանրապետական կուսակցությունը եւ գալիք ընտրություններում ամրապնդելու մեր դիրքերը»: