ՀԲ-ն հաստատել է 18 միլիոնի նոր վարկի հատկացումը Հայաստանին

27/10/2011

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեի ուշ երեկոյան հաստատել է 18 միլիոն դոլարի վարկի հատկացումը Հայաստանին` «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` այդ միջոցներով կվերականգնվեն լրացուցիչ 110 կիլոմետր ընդհանուր երկարությամբ տարբեր նշանակության ջրանցքներ: ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի խոսքով, վարկային միջոցներով կբարելավվի ջրօգտագործման արդյունավետությունը` կրճատելով կորուստները տարեկան մոտ 44.2 միլիոն խորանարդ մետրով եւ հնարավորություն կստեղծվի վերականգնել նախկինում ոռոգվող 6 հազար 500 հեկտար գյուղատնտեսական տարածք: «Ակնկալում ենք, որ ծրագրից կօգտվեն 88 հազար գյուղացիներ, ինչը հնարավորություն կտա գյուղական վայրերում ստեղծել ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ աշխատատեղեր»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: ՀԲ աջակցությամբ այս պարագայում շարունակվում են «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրով անավարտ մնացած որոշ նախագծեր: Արդյո՞ք դա կարող է նվազեցնել Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի երկրորդ ծրագրի հաստատման հավանականությունը. այս հարցին Ժան-Միշել Հապին պատասխանել է. «Եթե նույնիսկ այդ նախագծերը չլինեին կազմված, միեւնույն է` Համաշխարհային բանկը տրամադրելու էր իր օժանդակությունը: Այդուհանդերձ, նախկինում «Հազարամյակի մարտահրավերի» կազմած ոչ բոլոր նախագծերն են այս ծրագրով իրականացվելու»:

Ծրագիրը ներառում է 7 մարզեր: Հավելենք, որ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.6 միլիոն դոլար է, որից 3.4 միլիոնը ապահովելու է Հայաստանի կառավարությունը, եւս 0.2 միլիոն դոլար կապահովեն շահառուները: Ի դեպ, այդ գումարն արդեն հավաքվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին` արտոնյալ ժամկետով: «Հայաստան մուտք գործելուց ի վեր` 1995 թվականից, Համաշխարհային Բանկը մի քանի ծրագրեր է իրականացրել ոռոգման համակարգերի վերականգնման բնագավառում, եւ կշարունակի ներգրավված մնալ այդ աշխատանքներում»,- ըստ «Ազատության»` ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը: Ի դեպ, վերջերս Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին ասել էր, թե Հայաստանի տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրագոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջեւ: Հապիի հայտարարությանը հետեւել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, թե դեռ շուտ է խոսել այն մասին, որ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները վերածվել են ճգնաժամի երկրորդ փուլի: «Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք սովոր ենք աշխատել ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին»,- ասել էր Ս. Սարգսյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք մոտ երկու շաբաթ առաջ արված հայտարարությունից հետո Դուք նույն կարծիքին եք, Ժան-Միշել Հապին պատասխանել է. «Մեր քննարկումներից հետո ոչինչ չի փոխվել: Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ նույնքան խոցելի, որքան մի քանի օր առաջ էր: Սակայն, դրա հետ մեկտեղ, շատ կարեւորում եմ այն ջանքերը, որ իրականացվում են արտաքին ցնցումների նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ»:

«Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում առկա է բավականին մեծ ստվերայնություն` 8 տոկոս, իսկ հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը 17 տոկոս է կազմում։ Նման պայմաններում ինչպե՞ս է Համաշխարհային բանկը վերաբերվում հարկադրույքները բարձրացնելու` կառավարության մտադրությանը» հարցին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հետեւյալ կերպ է արձագանքել. «Հարկադրույքների ավելացումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ, եւ որոշ դեպքերում հարկային եկամուտների հավաքագրումն իրականացվի ավելի արդյունավետ կերպով, այլ դեպքերում էլ` որոշակի լրացումներ կատարելով հարկային քաղաքականության մեջ: Կարծում եմ, որ նաեւ հատուկ ջանքեր են գործադրվում, որպեսզի հարկային եկամուտների հավաքագրումն ավելացվի 500 խոշոր հարկ վճարողներից»:

Իսկ ինչ վերաբերում է մակրոտնտեսական կանխատեսումներին, Համաշխարհային բանկը տարեվերջին Հայաստանում կանխատեսում է` ՀՆԱ-ի 4.5, իսկ հաջորդ տարի` 4-5 տոկոս աճ: