Թղթե բաժակներն ավելի ամուր են

18/11/2005

1907 թ. Կանզասի բնակիչ Հյու Մուրը մեկնում է Բոստոն եւ ընդունվում Հարվարդի համալսարան: Որոշ ժամանակ անց նրա քենու ամուսինը՝ Լոուրենս Լուելլենը, որ զբաղվում էր գազավորված ջուր վաճառող ավտոմատ սարքի արտադրությամբ, համոզում է Մուրին թողնել ուսումն ու զբաղվել բիզնեսով:

Ավտոմատ սարքին հարկավոր էին միանգամյա օգտագործման թղթե բաժակներ, որոնք Լուելլենը պատրաստում էր իրար սոսնձված սովորական գրելու թղթից:

Գործընկերներն իրենց ավտոմատ սարքերը տեղադրում են երկաթուղային կայարաններում, քաղաքային փողոցներում. թղթե բաժակով ջուրն արժեր 1 ցենտ: Բայց առեւտուրը վատ էր գնում. քաղաքների մեծ մասում կային ջրի անվճար ծորակներ, որոնց կողքին շղթայով կախված էին ընդհանուր օգտագործման երկաթե բաժակներ: Էլ ո՞վ պիտի վճարեր մի բանի համար, ինչն անվճար կարելի էր ստանալ:

Գործերը մի քիչ լավացան այն բանից հետո, երբ Կանզաս նահանգի Առողջապահության կոմիտեի երիտասարդ նախագահ Սեմուիլ Քրումբայնը հայտարարեց, որ ընդհանուր բաժակից ջուր խմելը մանրէների տարածման լավագույն ճանապարհն է: Նրան հաջողվեց հասնել այն բանին, որ հասարակական ծորակները փակվեցին: Չնայած դրան՝ պարզ էր, որ ավտոմատները դատապարտված են. ոչ ոք չէր ուզում ջուր գնել: Եվ մի օր էլ Մուրը եկավ այն եզրակացության, որ պետք է վաճառել ոչ թե ջուրը, այլ… թղթե բաժակները. վարակիչ հիվանդություններով հիվանդանալու վտանգը մարդկանց կստիպի գնել միանգամյա օգտագործման բաժակներ:

1910թ. գործընկերները տեղափոխվեցին Նյու Յորք եւ սկսեցին հովանավորներ փնտրել թղթե բաժակների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Մի քանի տասնյակ բանկիրներից մերժում ստանալուց հետո նրանք դիմեցին ամերիկյան Պահածոների գործարանի տնօրեն ՈՒ. Տ. Գրեհեմին: Վերջինիս մասին ասում էին, որ հիվանդագին մաքրասեր է ու ահավոր վախենում է վարակիչ հիվանդություններից ու մանրէներից: Ինչեւէ, Գրեհեմը համաձայնեց 200.000 դոլար ներդնել: Մուրը, օգտագործելով իր կապերը, համոզեց դոկտոր Կրումբայնին՝ հրապարակայնորեն հանդես գալ միանգամյա բաժակների օգտագործման օգտին՝ որպես վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցի: Շուտով Լաֆայետի քոլեջի դասախոսներից մեկը հրապարակեց իր կողմից դպրոցներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները: Դրանք հաստատում էին, որ ընդհանուր օգտագործման ջրի տարաներում բազմաթիվ մանրէներ կան: Դպրոցականների ծնողները, ուսուցիչներն ու առողջապահության աշխատողները խառնվեցին իրար:

Մուրը կրակին յուղ էր լցնում իր գովազդային կարգախոսներով ու հոդվածներով. «Խնայե՛ք ձեր երեխաներին»: Հոդվածի տակ նկար էր. տուբերկուլյոզով հիվանդ մարդը խմում է ընդհանուր օգտագործման բաժակով, իսկ նրա կողքին իր հերթին է սպասում երիտասարդ մի կին: Կամ. «Գրիպի համաճարակը նորից սպառնում է մեզ…Գրիպը նստած է ընդհանուր օգտագործման բաժակների եզրին»:

Եվ միանգամյա օգտագործման բաժակները սկսեցին վաճառվել ամենուրեք: Սկսած 1912-ից՝ մեկը մյուսի հետեւից Կանզասի օրինակին հետեւեցին ԱՄՆ-ի մյուս նահանգները եւս: Թղթե բաժակները հայտնվեցին բոլոր հասարակական վայրերում՝ դպրոցներում, գրասենյակներում, սրճարաններում, եւն: