Գրեթե ամեն օր մեր թերթի խմբագրությունը էլեկտրոնային բազմաթիվ նամակներ է ստանում Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցիչներից եւ ծնողներից: Վերջիններս իրենց դժգոհություններն են հայտնել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Թումանյանից: «Մեր դպրոցում տիրում է խայտառակ իրավիճակ, երբ 1 մարդու պատճառով ամբողջ դպրոցն ընկնում է դեպրեսիայի մեջ: Տնօրենի պաշտոնակատար Է. Թումանյանը սպառնում է մեզ բոլորիս, որ կազատի աշխատանքից, եթե մենք չենթարկվենք եւ չսատարենք: Մենք չենք ցանկանում գործ ունենալ նման մարդու հետ: Է. Թումանյանի կատարյալ վակխանալիա: Ուսուցիչների մեջ գցել է գժտություններ, որից տուժում են աշակերտները: Դպրոցում սովորող աշակերտների ծնողները բողոքում են մեզ: Դպրոցը վերածվել է շիլաշփոթի: Խնդրում ենք, օգնեք մեզ եւ հրապարակեք «168 Ժամ» թերթում այս ամենի մասին»,- ասվում է դպրոցի ուսուցիչների եւ ծնողների համատեղ նամակում: Մեկ այլ նամակում, որը մակագրվել է դպրոցի աշակերտների ծնողներից անունից, նշվում է. «Մենք` Շեւչենկոյի թիվ 42 ավագ դպրոցի ծնողներս, դժգոհ ենք այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Պ. Թումանյանից` իր կամայական ու անմարդկային վերաբերմունքի համար: Նա հալածում է ոչ միայն ուսուցիչներին, այլեւ աշակերտներին: Օրինակ, ժամը 8:30-ից հետո հրամայել է փակել դպրոցի դռները եւ ոչ ոքի ներս կամ դուրս չթողնել մինչեւ ժամը 2:30-ը: Հրամայել է դպրոց չթողնել ծնողներին, հեռվից եկող ուշացած աշակերտներին, նաեւ ուշացած ուսուցիչներին: Սկսել է սպառնալ մեզ եւ մեր երեխաներին, որ եթե մենք տնօրենի` նոյեմբերի 1-ին սպասվող ընտրության ժամանակ իրեն չսատարենք ու չընտրենք, նա մեր երեխաներին «ռադ կանի» այդ դպրոցից: Նույնը սպառնացել է ուսուցիչներին ու փոխտնօրեններին: Մենք ունենք մեր տնօրենի թեկնածուն` Լիանա Ռ. Ավագյանը, որը սիրված է ողջ դպրոցի կողմից, եւ բոլորը նրան են սատարում: Մենք` 42 ավագ դպրոցի ծնողներս, չենք ուզում, որ մեր երեխաները սովորեն մի դպրոցում, որտեղ իշխելու է նման մարդ, եւ դիմում ենք ձեզ` ակնկալելով այս ամենի մասին արդար լուսաբանում եւ հարցի լուծում, հակառակ դեպքում մենք մեր երեխաներին կհանենք այդ դպրոցից եւ կտանենք այլ դպրոց, որտեղ չեն լինի նման մարդիկ: Ընդհանուր թվով մենք 400 երեխայի ծնողներ ենք, եթե ոչ ավելի»: Այս եւ մի քանի այլ նամակների առնչությամբ տեղեկություններ պարզելու նպատակով երեկ այցելեցինք դպրոց: Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Աիդա Շահվերդյանի փոխանցմամբ` այս տարվա ամառային արձակուրդների ժամանակ` օգոստոսի 5-ին, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Էլեոնորա Թումանյանը (հուլիսի 13-ին լրացավ դպրոցի նախկին տնօրեն Զեմֆիրա Պողոսյանի 65-ամյակը, ով համաձայն իր դիմումի` ազատվեց աշխատանքից): Օգոստոսի 5-ին դպրոցի ուսուցչական կոլեկտիվին է ներկայացվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: «Մեզ համար դա շատ անսպասելի էր, քանի որ դպրոցում կային մանկավարժներ, որոնք լիակատար կարող էին փոխարինել: Մեր դպրոցում կան երկու հավակնորդներ` Լիանա Ավագյանն ու Կրեմլինա Իսրայելյանը, ովքեր դեռեւս գարնանն անցել են տնօրենների վերապատրաստման փուլերը,- ասաց դպրոցի փոխտնօրեն Ա. Շահվերդյանը` նկատելով,- Այն վերապատրաստումը, որ ինքը գնաց, եղավ սեպտեմբերի վերջին, թե հոկտեմբերից, բայց այդ խումբը պետք է հավաքվեր միայն այն տնօրենների համար, որոնք տնօրենների վերապատրաստման առաջին փուլից կտրվել էին, չէին կարողացել հաղթահարել շեմը: Անկեղծ ասած, տպավորություն է, որ այդ խումբը կազմվել էր նրա համար, քանի որ քննությունը եղել է հոկտեմբերի 21-ին, հաջորդը` 26-ին: Իսկ հոկտեմբերի 25-ին փաստաթղթերը հանձնելու վերջին օրն էր: Այսինքն` մրցույթը պետք է լիներ նոյեմբերի 1-ին եւ ավելի վաղ անցկացվեց: Այդ ամենն անցկացվեց շատ արագ: 3 ամսվա ընթացքում նա հասցնում է եւ՛ վերապատրաստվել, եւ՛ աշխատել»: Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի ասելով` ինքը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը չի տեսել, եւ նույնիսկ եղել են դեպքեր, երբ չեն իմացել նաեւ վերջինիս դպրոցից դուրս գալու մասին: «Օգոստոսի 28-ի մանկխորհուրդն էր, որը կազմակերպչական էր դպրոցի համար: Մեր զրույցի ամբողջ թեման էր` ուսուցիչների հագուստը, կալգոտկաները, կարող եք թանկ զգեստ չհագնել, եւ այլն: Երբ նա սկսեց ասել, թե ինքն այսպես կամ այնպես է անում, անկախ ինձնից` սկսեցի թղթի վրա գծիկներ դնել: Ժողովի ավարտին ուսուցիչներից մեկը, որ հասկացել էր, թե ինչու եմ գծիկներ անում, ասաց` քիչ են գծիկները: Մեկ մանկխորհրդի ընթացքում 107 անգամ ասել էր` ես, իսկ չէ՞ որ սա դպրոց է, եւ պետք է լինի համատեղ աշխատանք»,- նշեց Ա. Շահվերդյանը` հիշելով, թե Է. Թումանյանն ինչպե՞ս էր ծնողազուրկ կարիքավոր երեխային նկատողություն արել` ասելով, թե այդ ի՞նչ կոշիկներով է դասի գնացել: «Միգուցե սա բամբասանքի պես հնչի, բայց այդ արտահայտությունը Է. Թումանյանն ասել է մի շրջապատում` «Գնացել եմ բոմժանոցում լողացրել եւ հագցրել», այսինքն` Է. Թումանյանը նկատի ունի դպրոցն ու կոլեկտիվը: Անձամբ եմ լսել իր այս արտահայտությունը` էս ի՞նչ ուսուցչանոց ա: Ինքներդ տեսաք, որ մեր դպրոցը մեծ վերանորոգման կարիք ունի: Շենքային մեծ խնդիրներ ունենք, բայց մթնոլորտն այդպես շիկացնելն անընդունելի է»,- շարունակեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվի անդամը: Դպրոցի տնօրենի հավակնորդներից Լիանա Ավագյանի խոսքով` դպրոցում քաոսային վիճակ է տիրում: «Դժգոհությունն այս մթնոլորտն է, վիճակը, որ չենք կարողանում իրար հասկանալ: Անձնական որեւէ խնդիր չկա: Դպրոցում քաոսային վիճակ է, եւ սրանք միայն խոսքեր չեն: Երբ Նարինե Հովհաննիսյանը (ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետը.- Մ.Մ.) ներկայացրեց տիկին Թումանյանին, այնպես ներկայացրեց, ասես` նա նշանակված տնօրեն է, եկել է, որ շենացնի, ծաղկացնի դպրոցը: Երբ մենք հարց բարձրացրեցինք, թե ընտրությունը ե՞րբ է լինելու, ըստ կանոնակարգի` 3 ամիս հետո պետք է լինի, տիկին Հովհաննիսյանն ասաց` դեկտեմբերին կլինի: Մենք զարմացանք, քանի որ դա օրենքից դուրս է: Նա ասաց, որ ինքը օրենքը լավ չգիտի եւ կճշտի,- ասաց Լ. Ավագյանը` ավելացնելով,- Էլեոնորա Թումանյանը, երբ խոսեցի նրա հետ, անձամբ իմ ներկայությամբ ասաց. «Իմ նման մարդուն 2 ամսով հենց էնպես չէին բերի, որ ձեր զիբիլները մաքրեմ-գնամ»: Նա չգիտեր, որ դպրոցում տնօրենի պաշտոնի համար երկու հավակնորդ կա, իսկ մի՞թե Նարինե Հովհաննիսյանը չգիտեր այդ մասին, այն դեպքում, երբ իրենք են հավաստագիր տվել մեզ»:
Դպրոցում տիրող իրավիճակի մասին մենք խոսեցինք նաեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Թումանյանի հետ, ով մեր այցելության պահին դպրոցում չէր գտնվում: Որոշ ժամանակ անց մենք նրա հետ խոսեցինք հեռախոսով: «Ես տեղյակ եմ, որ տարբեր թերթեր, խմբագրություններ ստանում են անանուն նամակներ, բայց տեղյակ չեմ, որ կոլեկտիվն ունի ինչ-որ դժգոհություններ, բողոքներ, կարծում եմ` հակառակը: Ոչ ուսուցիչների, ոչ ծնողների կողմից դժգոհություններ չեմ լսել: Մանկավարժական կոլեկտիվը նորմալ աշխատում է ինձ հետ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Է. Թումանյանը: Ի դեպ, ըստ ՀՀ Հանրակրթության մասին օրենքի` «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ»:
Է. Թումանյանը, սակայն, նկատում է, թե իր հարցում օրենքի որեւէ խախտում չի գրանցվել։ «Ինչ վերաբերում է իմ ստաժին, ապա նշեմ, որ ես մեծ աշխատանքային ստաժ ունեմ, որից 27-ը մանկավարժական ստաժ է, եւ օրենքն ասում է, որ վերջին 10 տարվա ընթացքում պետք է ունենալ 7 տարվա մանկավարժական ստաժ, որը ես ունեմ, եւ որեւէ անընդմեջության մասին օրենքը չի խոսում»,- նշեց Է. Թումանյանը, ում փոխանցմամբ` ինքն աշխատում է բոլոր տնօրենների պես` պատրաստվել են ուսումնական նոր տարվան` դպրոցի մաքրության, գիտելիքի օրվան նվիրված միջոցառումների անցկացմամբ, դասաբաշխմամբ եւ այլ հարցերով: Ըստ Է. Թումանյանի` 20 տարի աշխատել է Երեւանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, որից հետո Կենտրոն վարչական շրջանում աշխատել է որպես Կրթության բաժնի պետ, այնուհետեւ աշխատել է Երեւանի քաղաքապետարանում` որպես Մշակույթի վարչության պետ: Է. Թումանյանը քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետի պաշտոնից հեռացվելուց անմիջապես հետո տեղափոխվել է դպրոց. «Այո՛, ես ինքս ցանկացա վերադառնալ դպրոց: Դա իմ մասնագիտությունն է, եւ ինչո՞ւ չէ, կրթության համակարգում ճանաչում են ինձ: Ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եւ որեւէ մեկը չի պատրաստվում օրենք խախտի»:
Երեկ կեսօրից հետո մեր խմբագրություն դիմեց դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Աիդա Շահվերդյանը, ով բավական հուզված պատմեց հետեւյալը. «Ես ստացել եմ ինֆորմացիա, ըստ որի` նախարարության 3 անդամները, որոնք կառավարման հանձնաժողովի մեջ են` Բավեյան Վահե, Մնացականյան Նարինե, Սարգսյան Արշակ, եւ քաղաքապետարանի ներկայացուցիչ Շահումյանը, պարտադրել են, որ իրենց ձայները տան Է. Թումանյանին»: Դպրոցում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու եւ որոշ հարցեր պարզաբանելու նպատակով դիմեցինք նաեւ ՀՀ ԿԳՆ, որտեղից պատրաստակամություն հայտնեցին հարցերին պատասխանել, սակայն գրավոր տարբերակով: Հարցերը նախարարություն մենք կուղարկենք առաջիկայում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին տեղի կունենան դպրոցի տնօրենի ընտրությունները:
Երեկոյան կրկին նամակ ստացանք այս դպրոցի Ծնողների եւ ուսուցիչների միություն/խորհրդից, որում ասվում էր. «Հարգելի 168.am, մենք այսօր նոր տեղեկություններ ենք ստացել, որ Տ.Գ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, ապագա տնօրեն Է. Թումանյանը ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել 3 իրեն սատարող ուսուցիչների հետ: Այդ պայմանավորվածության համաձայն` տնօրեն ընտրվելուց հետո Է. Թումանյանը ազատելու է աշխատանքից փոխտնօրեններ Լ. Ռ. Ավագյանին եւ Ա. Վ. Շահվերդյանին ու նրանց տեղը այդ պաշտոնին նշանակելու է նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Ա. Մկրտչյանին եւ Մարիետտա Գ. Հարությունյանին: Շարունակելով փոփոխությունների ցուցակը, նշենք, որ նոր քարտուղարուհի է նշանակվելու, եւ քարտուղարուհի Գեղեցիկ Գ. Գրիգորյանը ազատվելու է աշխատանքից: Հետո նա ազատելու է աշխատանքից գրադարանավարուհուն, հավաքարարներին, պահակներին, աշխատանքի ուսուցման ուսուցիչ Արմեն Ռ. Փիլիպոսյանին, ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սուսաննա Ս. Թումանյանին եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Մայա Ա. Հովհաննիսյանին: Այս կադրային փոփոխությունների քաղաքականությունը կշարունակվի, եւ շատ այլ ուսուցիչներ կզրկվեն իրենց աշխատանքից: Կո՛չ ենք անում բոլոր ուսուցիչներին ընդվզել եւ դեմ դուրս գալ Է. Թումանյանին ու նրա կադրային քաղաքականությանը: Մենք Ձեզ հետ ենք: Նաեւ հրավիրում ենք բոլոր ԶԼՄ-ների ուշադրությունը այս ամենի շուրջ»: