«WebԾիրան». ինտերնետային կինոփառատոն

27/10/2011

«Վիվա Սել ՄՏՍ»-ը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը երեկ հայտարարել են նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի անցկացման մասին: «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը երեկ նշել է, որ web-փառատոնը լավ գաղափար է, քանի որ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր չեն հաճախում կինոթատրոններ եւ այլ կերպ են ծանոթանում կինոաշխարհին: Ըստ Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանի` «WebԾիրան» կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ ռեժիսորները` ներկայացնելով 2-20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների: «Ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով` տեսախցիկով, հեռախոսով, եւ այլն: Ֆիլմերն ընդունվելու են մինչեւ նոյեմբերի 15-ը, իսկ արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին` մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Սահմանված է 2 մրցանակ` «WebԾիրան»-ի գլխավոր մրցանակ` $1000, եւ խրախուսական մրցանակ` $500»,- ասել է Ա. Մանուկյանը: Յուրաքանչյուր ֆիլմ Webtv.am ինտերնետային հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, եւ այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն Webtv.am կայքում եւ Facebook սոցիալական ցանցում: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի գլխավոր հովանավորն է «Վիվա Սել ՄՏՍ»-ը: