Բեռլուսկոնին համաձայնել է հեռանալ

27/10/2011

Հնարավոր է` Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վաղաժամ հեռանա իր պաշտոնից: Սկանդալներով հայտնի վարչապետը համաձայնություն է ձեռք բերել ընդդիմության հետ կենսաթոշակների բարեփոխումների դիմաց` պաշտոնից իր վաղ հեռանալու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: Իտալական «La Repubblica»-ն գրում է, որ Բեռլուսկոնին համաձայնել է հրաժարական տալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչպես նաեւ` կազմակերպել խորհրդարանական ընտրություններ 2012թ. մարտին: Փոխարենը` «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Ումբերտո Բոսսին, ով զբաղեցնում է դաշնային բարեփոխումների նախարարի պաշտոնը, համաձայնել է աջակցել կենսաթոշակային բարեփոխումների նախագծին, որը նախատեսում է, որ 2012թ. իտալացիները թոշակի կգնան 67 տարեկանում, ոչ թե 65-ում, ինչպես հիմա է: ԵՄ առաջնորդների հետ Բրյուսելում հանդիպելուց հետո Բեռլուսկոնին հրապարակավ հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը Իտալիայում պետք է ավելացնել մինչեւ 67 տարի: Սակայն, Բոսսին եւ «Հյուսիսի լիգայի» այլ նախարարներ կտրականապես հրաժարվել են աջակցել այդ ծրագրին: