«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրողի հետ զրույցում ազգությամբ ռուս, ծնունդով` Ղրիմի Կոկտեբել առողջարանային քաղաքից Նադեժդա (Նադյա) Քադաֆին, ով ներկայացել է որպես Լիբիայի սպանված բռնակալ Մուամար Քադաֆիի սիրելի որդու` Սեյֆ ալ Իսլամի ռուս կին, պատմել է մինչ երկրում սկսված խռովությունները Քադաֆիների ընտանիքում տիրող բարքերի մասին:
Հիշեցնենք, որ հոր սպանությունից հետո Սեյֆ ալ Իսլամը խոստացել էր վրեժխնդիր լինել հոր նկատմամբ կատարվածի համար: Որեւէ մեկին հայտնի չէ` որտեղ է գտնվում Քադաֆիի այս որդին, որին համարում էին Մուամար Քադաֆիի իրավահաջորդ: Ո՞ղջ է նա, թե՞ մահացած է, Լիբիայո՞ւմ է, թե՞ այլ երկրում. այս առթիվ տարբեր լուրեր են պտտվում:
Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի` Նադեժդան հարցազրույցը տվել էր մինչեւ Քադաֆիի սպանությունը, սակայն թերթն այն հիմա է հրապարակել: Սեյֆ ալ Իսլամը պաշտոնապես ամուրի է, սակայն Նադեժդան ունի ընտանեկան լուսանկարներ, որոնք ապացուցում են իր ասածի ճշմարտացիությունը:
Քադաֆիի կինը դառնալուց հետո Նադյան սկսել է ապրել Եվրոպայի շքեղագույն հյուրանոցներում, կրել է մինչեւ կես միլիոն դոլար արժողությամբ զարդեր, հագուստներ գնել է անվանի դիզայներներից, երթեւեկել է մասնավոր ինքնաթիռներով: Բայց հեքիաթն այդ արագ ավարտվել է…բայց դա դեռ վերջը չէր: Ինչեւէ, Նադյան թերթի լրագրողի հետ հարցազրույցից առաջ ներկայացրել է իր եւ Քադաֆիի որդու ամուսնական կյանքի մասին հաստատող ապացույցներ` լուսանկարներ, լիբիական վիզաներով անձնագիրը եւ ընտանեկան լուսանկարներ:
16 տարեկանում նա նշանվում է, տեղափոխվում Մոսկվա, սակայն որոշ ժամանակ անց նշանածին բռնացնում է այլ կնոջ հետ եւ ամուսնալուծվում: Սկսում է պարել եւ փող աշխատել Մոսկվայի «Ռասպուտին» ստրիպտիզ-ակումբում: Հենց առաջին իսկ օրը Նադյային ակումբի մշտական այցելուներից մեկը` Ալիկ անունով, վճարում է եւ կես տարի միայն ինքն է օգտվում նրանից:
– Նրա անունը Ալիկ էր, Մոսկվայում բավական ճանաչված անձնավորություն էր: Ինձ համար նա բնակարան վարձեց, իմ բոլոր ծախսերը հոգում էր, հագուստ էր գնում եւ օրական 500 դոլար էր ինձ տալիս… Արդյունքում կարողացա բավական գումար կուտակել` Մոսկվայի կենտրոնում մի սենյականոց բնակարան գնել: 4 ամիս հետո Ալիկը կորավ: Ծանոթներիցս լսեցի, որ նա տեղափոխվել է Կենտրոնական Աֆրիկա: Մեր ծանոթության ընթացքում ազդեցիկ ծանոթներ ձեռք բերեցի: Հենց իրենք էլ ինձ աշխատանքի տեղավորեցին` որպես PR տնօրեն, Արկադի Նովիկովի սրճարանում:
Այդտեղ Նադյան ծանոթանում է իր մյուս` գործարար ամուսնու հետ, ով իրենից 30 տարով մեծ էր: Նադյան ապրում է նրա հետ` մեծ եւ շքեղ բնակարաններում, PR-ով է զբաղվում գիշերային ակումբներում, թանկարժեք մեքենաներ է վարում: Կես տարի անց` 2005թ. հուլիսի 1-ին, թանկարժեք ժամացույցների վաճառքով զբաղվող խանութում հանդիսավոր արարողության ժամանակ հանդիպում է Քադաֆիի որդուն` Սեյֆին: «Հայացքս չէի կարողանում նրանից կտրել…»,- պատմում է Նադյան:
Որոշ ժամանակ անց Քադաֆիի որդին Մոսկվա է ժամանում Քսենյա Սոբչակի եւ Շուստերովիչի այդպես էլ չկայացած հարսանիքին մասնակցելու նպատակով: Բացի այդ, նա մտածում է` մի քիչ ժամանակ անցկացնել: Նադյան եւ Սեյֆը փոխանակվում են հեռախոսահամարներով: «Չեք հավատա, ես նույնիսկ չգիտեի, որ այդ մարդը կրում է Քադաֆի ազգանունը: Երկար ժամանակ նա ինձ համար պարզապես Սեյֆն էր»,- ասում է Նադյան:
Շուտով Նադյայի օրինական ամուսինը նրան ճամփորդական տոմս է նվիրում` դեպի Իբիցա: Նադյան մեկնելուց առաջ զանգահարում է նոր ծանոթին` Սեյֆին: «Ամեն ինչ թող ու արի Վիեննա»,- նրան առաջարկում է Սեյֆը: Աղջիկը Իբիցայի փոխարեն` մեկնում է Ավստրիա: Բայց ինքն էլ չէր կարող գլխի ընկնել, որ այնտեղ կմնա մոտ կես տարի: Մի քանի օրից Նադյային է զանգում ամուսինը եւ գոռում. «Դու գոնե գիտե՞ս, թե ում հետ ես կապվել: Դա Քադաֆիի տղան է»: Նադյան ասում է, թե չէր հավատում, բացի այդ` հո չէ՞ր կարող սիրեկանից անձնագիրն ուզել ու ստուգել: Կես տարի հետո Սեյֆը Նադյային առաջարկում է մեկնել Լիբիա` ծանոթանալու հոր հետ: Անձնական ինքնաթիռից իջնելուց Նադյան նկատում է, որ բոլորը ընկնում էին Սեյֆի ոտքերը եւ պատրաստ էին համբուրել նրա կոշիկները:
«Մամ, կարծես թե ամուսնանում եմ Քադաֆիի հետ»,- մոր հետ հեռախոսազրույցում շշուկով ասում է Նադյան: Տրիպոլիում ինքնաթիռից իջնելուց հետո Նադյային են մոտենում երիտասարդ 2 տղամարդ, վրան փարանջա են գցում եւ նստեցնում ավտոմեքենան: Այդ հագուստը նա հանում է արդեն տանը, որտեղ փակցված էին Քադաֆիի ընտանեկան լուսանկարները:
Քադաֆիի բնակավայրը նկարագրելիս` Նադյան ասում է, որ այն լի էր էկզոտիկ կենդանիներով: «Օրինակ, մեր տան շուրջ վագրեր էին վազում, Սեյֆի կրտսեր եղբոր` Սաադի տան շուրջ առյուծներ էին ապրում»: Մուամար Քադաֆիի տան շուրջ օձեր էին, սարդեր, սիրամարգեր, լողավազանում` կոկորդիլոսներ…:
Նադյան պատմում է, որ տանը երբեք իրեն չէր հաջողվում մենակ լինել: Նրան մշտապես շրջապատում էին Սեյֆի ընկերները` 24 ժամ շարունակ. ուտում-խմում էին, Սեյֆի հաշվին իրենց համար կանանց էին գնում, ընդ որում` առանց անհարմար զգալու նրանց տան մեջ այդ ընկերները վարտիքներով էին շրջում: Ավելին, Նադյայենց ննջասենյակում այդ կանանց հետ սեռական հարաբերություններ էին ունենում: Սեյֆը Նադյային նախապես զգուշացրել է, որ «իր ընկերներն իր համար սրբություն են»: Այնպես որ, վիճելն անիմաստ էր:
Սեյֆը պատրաստվում էր հարսանիքին: «Սկզբի համար, որպեսզի Սեյֆի ծնողներին չհիասթափեցնեմ, ստիպված եղա մեկնել Փարիզ եւ վերականգնել իմ կուսությունը: Ավելի ուշ այդ բժիշկը Սեյֆի հարազատ հորաքրոջ ներկայությամբ հաստատեց իմ` կույս լինելը: Հետո ես ընդունեցի մուսուլմանությունը»: Նրանց հարսանիքն արվում է ավանդույթների խիստ պահպանմամբ: «Հարսանիքի առաջին երկու օրը տղամարդկանց օր է համարվում` սեղանի շուրջ ներկա են լինում միայն ես եւ Սեյֆի մայրը: Հաջորդ 3 օրը ներկա են լինում եւ քեֆ են անում Քադաֆիների բոլոր հարազատները: Խմում են բոլորը, չնայած Լիբիայում խմելը խստիվ արգելված է: Հիմնականում կոնյակ են խմում, քանի որ գույնով այն թեյի է նման: Սեյֆի հայրը ժողովրդի մեջ դուրս չէր գալիս, նստած էր կուլիսներում, իսկ իր բարեմաղթանքները նախապես տեսագրել էր ժապավենի վրա եւ ցուցադրվել էր: Ի՞նչ էր մաղթում: Առանձնապես ոչինչ` առողջություն եւ հնարավորինս շատ երեխաներ»:
Հենց որ Նադյայի եւ Սեյֆի ամուսնությունը ձեւակերպվում է` ինտելիգենտ-փողկապով երիտասարդից ոչինչ չի մնում: Սեյֆը ոչ միայն իր սիրուհիներին չէր թաքցնում Նադյայից, այլեւ նրանց իրենց տուն էր բերում: Սկզբում Նադյան լաց է լինում, վիճում է, բայց հետո համակերպվում է: Ամուսնուն պարզապես խնդրում է հաճախակի ստուգվել բժիշկների մոտ: Սեյֆը ընկերների հետ սեքսուալ օրգիաներ է կազմակերպում եւ այդ ամենը նկարահանում:
Երկու տարի առաջ Սեյֆը Ուկրաինայում գեղեցկության մրցույթ է հովանավորում, իսկ աղջիկներին ընտրում է Նադյան: Աղջիկների մի մասը հենց պոդիումից թռչում է Սեյֆի անկողին…
«Մի անգամ շատ մեծ վեճ ունեցանք Սեյֆի հետ, եւ ես գնացի մորս մոտ` Ղրիմ: Այդ ժամանակ Լիբիայում մուսուլմանների համար սուրբ տոն էր սկսվում` Ռամադանը: Սեյֆը ուղղակի ջարդում էր իմ հեռախոսը` զանգելով ու գոռալով, որ չի կարող առանց ինձ, թեեւ ես շատ լավ գիտեի, որ նրան սեքսն էր անհրաժեշտ: Նրան այդ օրերին ոչ միայն արգելված էր խմելը, այլեւ այլ կանանց հետ հարաբերություններ ունենալը: Հայրը պարզապես կսպաներ որդուն դրա համար: Ես չվերադարձա: Իսկ մեկ շաբաթից եղբայրս զանգահարեց Դոնեցկից. նա սարսափահար էր` որդուն ինչ-որ մարդիկ գողացել էին: Ավելի ուշ որդուն վերադարձրեցին: Պարզվեց, որ այդ ձեւով Սեյֆն ուզում էր ինձ վախեցնել: Նա հսկայական կապեր ունի Ուկրաինայում»,- պատմել է Նադյան, ով որոշ ժամանակ անց վերադառնում է Լիբիա:
Նադյան իր գրպանի փողը չուներ, չնայած Սեյֆը հիմար ձեւով էր ծախսում այդ գումարները. «Օրինակ, ինձ առաջարկում էր Լիբիայում շրջելու համար «Բենթլի» գնել: Ես չէի կարող խանութներ հաճախել: Եթե ինձ ջուր կամ որեւէ բան էր անհրաժեշտ լինում` վարորդին էի դիմում: Լիբիայի վարսավիրանոցները` առանձին թեմա են: Մի անգամ իմ գլխին սեւամորթի մազեր «աճեցրեցին»»: Նադյան պատմել է, թե ինչ գրոշներ են վճարել Քադաֆիներն իրենց սպասավորներին. «Մեր տանը 2 ֆիլիպինցիներ էին աշխատում, լուսաբացին արթնանում էին, որ նախաճաշ պատրաստեն այդ բոլորի համար: Սենյակները մաքրելուց եւ ճաշ պատրաստելուց բացի, նրանք նաեւ շատ նվաստացուցիչ աշխատանք էին անում: …Ինձ Սեյֆը ստիպում էր մերսել իր ոտքերը, երբեմն` 4 ժամ: Հատկապես նրան դա հաճելի էր լրագրողներին հարցազրույց տալու ընթացքում»: Միակ նվերը, որ Նադյան պահում է իր ամուսնուց` ոսկյա եւ ադամանդյա ականջօղերն են, որոնց արժեքը 1,5 միլիոն դոլար է:
Նադյայի հերթական ծննդյան տարեդարձին ամուսինը 20 ուկրաինուհիներով շրջապատված տոնական ընթրիք է պատվիրում: Նրանց նա գնել էր` մտածելով, որ կնոջը հաճելի կլինի համերկրացիների հետ շփումը: «Մի կողմից, Սեյֆը հիմար չէ, կրթված տղամարդ է, 3 կրթություն ունի, այդ թվում` Օքսֆորդը: Բայց տարրական բաներ նա չէր կարողանում հասկանալ: Օրինակ, երբ դիտում էինք «Ապոկալիպսիս» ֆիլմը, ամուսինս շոկի մեջ էր: Նա առաջին անգամ էր լսում հին ցեղերի մասին: Հայրը նրան մեծացրել էր Կարլ Մարքսի «Կապիտալի» հիման վրա: Դա նրանց սեղանի գիրքն էր»:
Ըստ մահմեդական օրենքների` Նադյան չէր կարող դիմել ամուսնալուծության: Ցանկացած կոնֆլիկտ Սեյֆը բռնությամբ էր լուծում: «Առաջին բուռն վեճը մեր միջեւ տեղի ունեցավ, երբ Սեյֆին բողոքեցի իր ընկերոջ մասին, ով իմ առջեւ բոլորովին մերկ էր ման գալիս: Նա չհավատաց, ավելին, սարսափելի զայրացավ ինձ վրա: Եվ որպես պատիժ` հրահանգեց ինձ անապատ տանել: Մեկ շաբաթ ես ապրեցի անապատում` ուղտի եւ գնացքի վարորդի հարեւանությամբ: Երբ վերադարձա` ամուսնուս ընկերներն այլեւս չէին ամաչում իմ ներկայությամբ օնանիզմով զբաղվել… Դրանից հետո ես հավաքեցի իրերս ու առանց որեւէ մեկին զգուշացնելու` փախա Մոսկվա…»: Որոշ ժամանակ անց Նադյայի հետ կապվում են Լիբիայի դեսպանությունից եւ ասում, որ նա պետք է Վիեննա մեկնի` Քադաֆիի հետ հարաբերությունները հարթելու համար: Նադյան հույս ուներ, որ Սեյֆը զղջում է իր արածների համար…. «Հիմար էի, հավատացի, մեկնեցի»,- ասում է նա: Սեյֆը Վիեննայում մի ռեստորան է վարձում իրենց երկուսի համար, զրուցում են, հետո սկսում են վիճել: Սեյֆը 2 անգամ նրան հարվածում է։ «Այլեւս ոչինչ չեմ հիշում, արթնացա` հիվանդանոցում, իմ առջեւ մայրս էր նստած ու դեսպանատան աշխատակիցը, որը լրագրողներին էր ինձնից հեռու պահում»,- հիշում է Նադյան, ով հետո իմանում է, որ 47 օր կոմայի մեջ է եղել: Բժիշկների խոսքով` աղջիկը հրաշքով է փրկվել: Տեղական մամուլն իմանում է այդ մասին, սակայն դեսպանատան աշխատակիցներն ասում են, թե աղջիկը շատ է խմել, ծառն է բարձրացել եւ ընկել… Նադյան ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, երբ ինքը գիտակցությունը կորցրել է` Սեյֆը նրան ցած է նետել 12-րդ հարկից: Բժիշկները նրան գտել են փողոցում ընկած: Մայրը Նադյային ասել է, որ Սեյֆը հիվանդանոցային բոլոր ծախսերը փակել է եւ գնացել անապատ: Մեկ ամիս նրան ոչ ոք չի տեսել… Նադյային մի շարք բարդ վիրահատությունների են ենթարկում:
Ապաքինվելուց հետո Նադյան նկատում է. «Իմ ներկայությամբ Սեյֆը թմրամիջոցներ չէր օգտագործում: Խմում էր, բայց քիչ: Բայց նրա պահվածքը երբեք չէր կարելի ադեկվատ անվանել: Մենք նույնիսկ չէինք կարողանում միասին քնել: Առաջին գիշերներից մեկի ժամանակ Սեյֆը համարյա խեղդամահ էր անում ինձ, առավոտյան ներողություն էր խնդրում, հետո նորից կրկնվում էր: Զայրացած պահին սիրելի վագրին գնդակահարեց… Հոգեբանական այդ տրավման նա ստացել է 4 տարեկանում, երբ Նիգերիայում իր աչքի առաջ մարդ են սպանել: …Այդ հասուն տղամարդը սարսափահար էր լինում խավարասերներից (տառական): Սեյֆը եղբոր հետ բարձրանում էին աթոռների վրա եւ գոռում, երբ այդ միջատներին տեսնում էին: Պետք էր տեսնել, թե նրանց մայրը «Շանելի» թանկարժեք կոշիկներով ինչպես էր այդ միջատներին սատկացնում: Ի դեպ, նրանց մայրը միակն էր, որ ինձ հասկանում էր եւ իսկապես կարեկցում էր»,- պատմել է Նադյան:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված այս հարցազրույցից հետո Նադյան անհետացել է նաեւ Մոսկվայից: Նրա գտնվելու վայրն այժմ հայտնի չէ: