Փոթորիկը
Շեքսպիրը, ինչպես եւ մենք` բոլորս, քրիստոնյայի հոգեկերտվածք ունի: Կարելի է մինչեւ ձայնը խզվելը վիճել այն մասին, թե հատկապես ինչին էր հավատում Շեքսպիրը, բայց հոգեբանության նրա ընկալումը հիմնված է քիստոնեական թողտվությունների վրա, որոնք միեւնույնն են ամենքի համար: Բոլոր մարդիկ հավասար են ոչ թե իրենց ունակությունների տեսակետից, այլ` յուրաքանչյուրին ներհատուկ ընտրության ազատության տեսանկյունից: Մարդը ենթակա է գայթակղությունների, նրա արարքներն ու տառապանքները ժամանակի մեջ են` միջավայրում, ուր նա իրականացնում է իր պոտենցիալը: Ժամանակի անորոշությունը նշանակում է, որ իրադարձությունների հետեւանքներն էլ վերջնական չեն: Բարիները կարող են անկանել, չարերը` զղջալ, իսկ տառապանքը կարող է վերածվել հատուցման կամ հաղթանակի: Միջինի հեթանոսական հասկացությունը որպես իդեալ անհետանում է: Մարդը պիտի անսահման հակում ունենա առ չարն ու բարին: «Միջինի» հին հունական իդեալը մարդուն հարմարվող է դարձնում, համանման Ռոզենկրանցին ու Հիլդենստերնին:
Ոչ քրիստոնեական նախադրույթները ենթադրում են, առաջին հերթին, որ բնավորությունը որոշվում է ծննդով կամ միջավայրով, եւ, երկրորդ, որ մարդ կարող է ազատ լինել միայն իմացության շնորհիվ, եւ բարիք գործել: Իմացությունը, ինչպես համոզվեցին եղիսաբեթականները, լոկ ուժգնացնում է վտանգը:
Մաքուր վիճակում ազատության որոնումը իմացության միջոցով` բավական հազվագյուտ երեւույթ է, եւ կասկածելի է, եթե դա կարելի է անմիջականորեն պատկերել դրամատուրգիայի միջոցներով, սակայն եղիսաբեթականները հմայված էին այդ թեմայով եւ դրա կապով քիստոնեական acte gratuity (անառիթ արարքի) հասկացությանը: Հետաքրքրությունն առ իմացությամբ գայթակղությունը Շեքսպիրի սխրանքն է սրիկայի կերպարի զարգացման մեջ` ավանդական, բոլորին ծանոթ Ռիչարդ 3-րդից մինչեւ անճանաչելի Յագոն: Մնացյալ եղիսաբեթականները կանգ առան պերսոնաժների վրա, որ նման էին Ռիչարդ 3-րդին եւ Արոն-մավրին: Երրորդ ոչ քրիստոնեական հղումը Աստծո ընկալումն է` որպես պատժող դատավորի, ինչի հետեւանքով հաջողությունը բարիք է համարվում, իսկ անհաջողությունը` չարիք, իսկ ներման կամ խղճահարության համար տեղ չի մնում: Ժամանակակից գրքերում պերսոնաժն ամբողջովին ենթարկված է հանգամանքներին, ինչը որ երազանք է ծնում մարդ-հրեշտակի մասին, որի հզորությունն անսահման է: Բացի դրանից, ժամանակակից գրքերը հաճախ արտացոլում են հավատն առ այն, որ հաջողությունը նույնական է պատմության առաջընթաց շարժմանը, կնշանակի եւ` արդարությանը:
Շեքսպիրի ինչպես ողբերգությունները, այնպես էլ կատակերգությունները` ուղղված են նախնական մեղքի գաղափարին եւ մարդու պատրանքներ փայփայելու անջնջելի հակմանը: Կատակերգություններում պերսոնաժները անցնում են պատրանքից դեպի իրականություն: Գործողությունը եզրահանգում է գտնում ամուսնության մեջ, որում պատրանքները, մեծ մասամբ, անհետանում են, իսկ այն, ինչ դրանցից մնում է, այսուհետ ընկալվում է որպես իրականության մի մասը: Շեքսպիրի կատակերգությունները տառապանքի պատկերներ են բովանդակում, բայց այդ պիեսները տարբերվում են դասական կամ ջոնսոնյան կատակերգությունից, որոնցում մարդիկ ծիծաղում են կուզերի եւ այլ դժբախտների վրա: Շեքսպիրի մոտ դուք պերսոնաժների հետ տառապում եք, մինչեւ որ հասկանաք, որ նրանց տառապանքները տեղի են ունենում ինքնախաբեությունից:
Ողբերգություններում ինքնախաբեության ճահիճն ավելի ու ավելի խորն է քաշում, մինչեւ որ նրանք նմանվում են Տիմոնին եւ Յագոյին, որոնց թվում է, թե իրենք պատրանքներից վեր են կանգնել: Շեքսպիրյան հերոսի ողբերգական մեղքը ոչ թե անտիկ պատկերացման մեջ է այն մասին, թե ձեզ հետ չի կարող ոչ մի վատ բան պատահել, այլ գոռոզության ու տագնապի մեջ, որ տեղի են ունենում անբավարարվածությունից, ինքնաբավություն ձեռք բերելու վճռականությունից: Բնական մարդու բնական հակազդեցությունը բարդ իրավիճակներին կարող է դրսեւորվել որպես Մաքիավելիի ցինիզմը, որպես Սենեկայի հռոմեական ստոիցիզմը կամ էլ որպես Մոնտենի սկեպտիցիզմը: Անհնար է ապացուցել, թե արդյո՞ք Շեքսպիրը համակիր էր այս հայացքներից որեւէ մեկին, եւ այդ մասին խոսել կարելի է լոկ ժխտական իմաստով: Իր օրերի մայրամուտին Շեքսպիրը, գուցե թե, փոքր-ինչ խաղաթղթերը բացում է, քանի որ դրամատուրգը, այս կամ այն չափով, արտացոլում է դարաշրջանի ինտելեկտուալ շարժումները: Սակայն այնպիսի պիեսների, ինչպիսին են, ասենք, «Համլետն» ու «Տրոիլն ու Կրեսիդան», դրամատուրգիական անկատարությունը, ցույց է տալիս, որ թեպետ Համլետի սկեպտիցիզմն ու Թերսիթի ցինիզմը կարող էին արտահայտել դարի տրամադրությունները, իրենք` պերսոնաժները դաժանորեն տառապում էին այդ հատկություններից: Մոնտենն անվրդով էր գրադարանի անդորրում, բայց Համլետի սկեպտիցիզմը` դա մտքի տառապանք է, իսկ Թերսիթի ցինիզմը` մտքի խռովք, այնպես որ, այդ վիճակները նրանց համար չեն կարող ապաստան լինել: Ցինիկի հետ հանդիպելիս Շեքսպիրը ամենից հաճախ ձեզ հրամցնում է ցուցակը պատճառների, որոնք կոչված են բացատրելու պերսոնաժի վերաբերմունքը կյանքի նկատմամբ եւ ցույց տալու, որ ցինիկը լիովին անմասն չէ: Գլոստերի նիհիլիզմը «Արքա Լիրի» սկզբում տեղի է ունենում նրա գեշ արարքներից, որոնց մասին մեզ հայտնի է դառնում:
Ելակետային նախադրյալները Շեքսպիրի ստեղծագործության մեջ լուրջ փոփոխություններ չեն կրում: Սակայն էականորեն փոխվում է նրա բանաստեղծական լեզուն: Նա սկսում է ընդօրինակման գրից, ժառանգելով երկու բանաստեղծական ավանդույթ:
Դրանցից առաջինը Քրստոֆեր Մարլոյի զինվորի խոլերիկ լեզուն է:
Շեքսպիրի երկրորդ ժառանգած ավանդույթը` դա քնարական, պաթետիկ ոճն է, որը, եթե դրաման չհաշվենք, ներհատուկ էր Սփենսերի պոեզիային եւ Սենեկայի վաղ շրջանի ստեղծագործություններին:
Եվ մարլոյական եւ քնարական ոճերը Շեքսպիրի վաղ շրջանի ստեղծագործություններում զուգահեռաբար են զարգանում:
Այդ երկու ոճական ավանդույթների շրջանակներից դուրս գալու Շեքսպիրի առաջին փորձերը, այն պերսոնաժների ստեղծումն է, որոնք քննադատում են պայմանականությունները: Բանաստեղծական ռիթմն այնքան էլ չի տարբերվում նախկինից, բայց փոխվում են երանգներն ու փոխաբերությունները, ինչպես երեւում է «Սիրո անպտուղ ջանքերում» Բիրոնի մենախոսության մեջ, որում նա կնոջը համեմատում է գերմանական ժամացույցի հետ:
Այստեղ Շեքսպիրն արդեն շատ ավելի ազատ է վարվում պատկերաշարի եւ դադարների հետ:
Շեքսպիրի բանաստեղծական վարպետության զարգացման հետ մեկտեղ տեղի է ունենում նրա արձակ լեզվի զարգացումը: Կատակերգություններում արձակով խոսում են հումորով օժտված մարդիկ, բանաստեղծություններով` տափակ մարդիկ: Համլետն այլոց հետ արձակով է խոսում, բանաստեղծություններով` ինքն իր հետ: «Օթելլոյում» բանաստեղծությունները վկայում են զգացմունքի մասին, արձակը` անտարբերության: «Արքա Լիրում» արձակը` խելագարության բաժինն է: Շեքսպիրի ոճին նվիրված էսսեում, «Բառերն ու պոեզիան» ժողվածուից, Ջորջ Ռայլենդսը գրում է.
Միանգամայն բնական է, որ եղիսաբեթյան դրամայում արձակը, սկզբում, կիրարկվում էր ստորին, զավեշտական պերսոնաժների համար, ծառաների եւ խեղկատակների համար: Շեքսպիրի առաջին հաջողությունները կապված են հենց այդ, ռեալիստական միջավայրի հետ` Շելոուի, Քոքլիի, Ֆլյուելենի, անվանենք լոկ երեքին: Հետզհետե արձակի գայթակղությանը տրվեցին եւ մյուսները, առավել նշանակալից պերսոնաժները: Ֆակոնբրիջը, Գլոստերը, Բիրոնը, Հոթսփերը արժանանում էին արձակով խոսելու իրավունքին, Մերկուցիոն (առաջին ողբերգական պերսոնաժը), Շեյլոքը եւ Կասկան` տիրեցին այդ իրավունքին: Ավելի ուշ, երբ Շեքսպիրը Մարլոյի եւ Քիդի սպիտակ ոտանավորից կաշկանդված, դիմեց Լիլիի արքունական կատակերգության ժանրին, նա ստեղծեց արձակով` Ռոզալինդային եւ Բեատրիչեին: Այդ աղջիկների շնորհիվ Շեքսպիրն արքունական կատակերգությունը ավելի ռեալիստական դարձրեց, արարելով Ֆալստաֆին` ինտելեկտուալ պերսոնաժին: Նրանում, ինչպես եւ Համլետի, Յագոյի, Էդմունդի կերպարներում Շեքսպիրն օգտագործում է արձակը փիլիսոփայական նպատակներով, պատճառաբանության համար, այնժամ, երբ պոեզիան միեւնույն պերսոնաժների շուրթերին ծառայում է, հիմնականում, զգացմունքի արտահայտության համար: Առավել հմտորեն եւ նրբորեն է Շեքսպիրը կիրառում արձակը, որպեսզի շեշտի բնավորության որոշակի գծերը, գուցե թե, ունայնամտությունը, կամ հումորի զգացողությունը, կամ ցինիզմը: Հաճախ արձակով են խոսում հասարակ պերսոնաժները` հասարակ պարտադիր չէ ծնունդով, այլ նաեւ հոգեկերտվածքով, օրինակ` Սեբաստիանը, նեոպոլիտանցի արքայի եղբայրը «Փոթորիկում»: Հատկանշական է, որ առաջին արարվածի երկրորդ տեսարանում Ստեֆանոն եւ Տրինկուլոն արձակով են խոսում, մինչդեռ Կալիբանը, հրեշը` բանաստեղծություններով: Նույն կերպ «Օթելլոյում» տաղտկալի Էմիլիան (եթե չհաշվենք նրա եզրափակիչ մենախոսությունը) Դեզդեմոնայի բանաստեղծական խոսքն ընդմիջում է արձակով:
Ի հավելումն այդ ամենի, արձակի շնորհիվ Շեքսպիրը որպես դրամատուրգ գտավ ինքն իրեն, այդ տարերքի հետազոտություններն օգնեցին նրան «միջին շրջանի» ստեղծագործության մեջ, երբ հրաժարվելով հին նմուշօրինակներից, նա սպիտակ ոտանավորի նոր ձեւ ստեղծեց: Ճիշտ է նաեւ այն, որ նոր ոճի զարգացմանը համընթաց` Շեքսպիրը կարող էր իրեն թույլ տալ ավելի ու ավելի հեռանալու արձակից: Սակայն «Օթելլոյի», «Արքա Լիրի», եւ, հատկապես, «Համլետի» մեծությունը հիմնված է արձակի եւ պոեզիայի միահյուսման վրա, ինչի շնորհիվ Շեքսպիրը կարողացավ պերսոնաժներին ի ցույց դնել, այսպես կոչված, նոր չափարկմամբ: Ընդհակառակը, «Անտոնիոսի եւ Կլեոպատրայի» հիասքանչությունը պարփակված է (թեպետ եւ պիեսը արձակ հատվածներ էլ է պարունակում) բանաստեղծություններում: «Անտոնիոսից եւ Կլեոպատրայից» հետո Շեքսպիրն ասես մոռանում է դրամատուրգի իր պարտականությունների մասին, նա ազատորեն օգտագործում էր բանաստեղծական ոճը, իսկ եթե բանաստեղծական ներշնչանքը նրան դավաճանում է` պարապ տեղերն արձակով է լցնում:
Շեքսպիրի միջին շրջանի բանաստեղծական լեզուն, «սուբստանցիայով հագեցած», ինչպես գրում է Ռայլենդսը, «ոճ, որը ունակ է նվազագույն խթանից քառատրոփ վարգի անցնելու, ռիթմի մեջ ազատ եւ էմոցիոնալ ճնշումով համակված», առաջին անգամ դրսեւորվում է մենախոսության մեջ, որի մասին մենք վերը նշեցինք:
Այդ տողերը իմաստ են ձեռք բերում դադարի շնորհիվ: Ներմուծած դարձվածքները, նախադասության կամային բաժանումը, հատած եւ կարճառոտ տողերը` բոլոր այդ առանձնահատկությունները», ինչպես եւ հետագայում, մեծ ողբերգություններում, դերասաններին թույլ են տալիս խոսքն ուղեկցել ժեստերով: Դա ժեստի պոեզիան է:
Ստեղծագործական ուղու սկզբում Շեքսպիրը կիրառում է նրա ժամանակին բնորոշ ոճական եւ բանաստեղծական հնարքները, ներառելով հովվերգական պատկերներն ու հռետորական ֆիգուրները: Ավելի ուշ նա ստեղծում է իր սեփական պատկերային համակարգը: Արձակի շնորհիվ նրա բառարանը նշանակալիորեն ընդլայնվեց: Շեքսպիրը նույնքան ազատ գործածում է խիստ, միավանկ բառերը «Հուլիոս Կեսարում» եւ լատինացված լեզուն: Նրա անկախությունը պայմանականություններից դրսեւորվում է լատիներենի հանդեպ գոռոզամտության իսպառ բացակայությունից: Լատինացված գիտունությունը նրա լեզվում միաձույլ է բարբառային ձեւերին: Նա երեւակայությունն ապշեցնող բառապաշար ունի, դա, ի դեպ, ամենքին չէ, որ օգուտ է: Շեքսպիրը երբեմն սխալվում է, սակայն, ամբողջությամբ վերցրած, նա զարմանալի ճշգրիտ բառազգացողություն ունի:
Հիանալի է այն, թե ինչպես է Շեքսպիրը վարվում փոխաբերության հետ, նա զարմանալի, կալեյդոսկոպիկ փոխաբերությունների փոփոխության է անցնում Մակբեթի մենախոսության մեջ:
Բանաստեղծական վարպետության զարգացման հետ մեկտեղ` զարգանում է Շեքսպիրի արձակ լեզուն, որը համապատասխանաբար իր ազդեցությունն է թողնում պոեզիայի վրա:
Շեքսպիրն ազատ կիրառում է խառը փոխաբերությունները, ինչպես Կլավդիոսի խոսքում, երբ նա բացատում է Լաերտին, թե ինչու ինքը չսկսեց բացահայտ դեմ դուրս գալ Համլետին.
Երկրորդ պատճառը, թե ինչու համար
Անկարելի էր հրապարակային հաշիվ պահանջել,
Դա այն մեծ սերն է, որ ամբոխն ունի
Համլետի հանդեպ,
Եվ թաթախելով նրա սխալներն իր գորովի մեջ,
Այն աղբյուրի պես, որ փայտը քարը փոխակերպում է,
Փոխում է նրա թերությունները առաքինության,
Եվ իմ նետերը, շատ թեթեւ փայտից շինված լինելով`
Այնպիսի ուժեղ մի հողմի ընդդեմ սուրալու համար:
Դեպի աղեղս ետ կդառնային
Ոչ դեպի այնտեղ, ուր ես ուղղեցի:
(«Համլետ», Արարված 4-րդ, տեսարան 7-րդ):
Այս ամենից զատ, Շեքսպիրը զարգացրել է բանաստեղծական սիմվոլների եւ պատկերների իր համակարգը: Ինչպես ցույց է տալիս Ուիլսոն Նայթը, շեքսպիրյան պիեսների մեծ մասում առկա է սիմվոլների երկու տեսակ: Առաջինին են պատկանում փոթորիկները, վայրի գազանները, գիսաստղերը, հիվանդությունները, չար դիտավորություններն ու անձնական արատները, այսինքն` երկպառակության ու անկարգության տիեզերքը, երկրորդին են պատկանում` երաժշտությունը, ծաղիկները, թռչունները, թանկարժեք քարերն ու ամուսնությունը, այսինքն` համաձայնության ու կարգուկանոնի տիեզերքը: Պատկերների զարգացումը Շեքսպիրի ստեղծագործության մեջ հետազոտվում է Քերոլայն Սփերջենի ուսումնասիրություններում:
Շեքսպիրի պիեսներն ընթանում են հետզհետե պարզեցման ուղով: Վաղ շրջանի, քիչ բան նշանակող սոնետներում նա խոսում էր այն մասին, որ իր ստեղծագործությունները կհարատեւեն ժամանակի մեջ: Սակայն առավել հաճախ ակնարկում է, ինչպես Թեսեւսը «Ամառային գիշերվա երազում», որ «այդ տեսակից լավագույնները` սոսկ ստվերներ են», որ արվեստը, ըստ էության, ձանձրալի է: Նա, որ իր ողջ կյանքը նվիրել է արվեստին, այն առանձնապես կարեւոր մի բան չի համարում: Նրա հերոսներից շատերն իրենց պահում են որպես գործողության մարդիկ, բայց նրանց լեզուն այնքան մոտ է հենց Շեքսպիրի լեզվին, այնքան հարուստ է նրբերանգներով եւ զգացողությամբ, որ, եթե այդ պերսոնաժները կյանքի տեր լինեին, նրանք չէին կարողանա գործել, նրանք կուժասպառվեին: Ինձ շատ է դուր գալիս Շեքսպիրի վերաբերմունքն արվեստին: Ինչ-որ անորսալիորեն նյարդայնացնող բան կա մեծագույն արվեստագետների պատրաստակամության մեջ` օրինակ, Դանթեի, Ջոյսի, Միլթընի` գլուխգործոց ստեղծել, իրենք իրենց չափազանց լուրջ ընկալելու մեջ: Քո մեջ ամբողջովին արվեստին նվիրվելու ուժ գտնել, ընդ որում, չմոռանալով, որ արվեստը թեթեւամիտ է` դա արտասովոր անհատականության ձեռքբերումն է: Շեքսպիրն ինքն իրեն երբեք չափազանց լուրջ չէր ընկալում: Երբ արվեստագետն ինքն իրեն շատ լուրջ է ընդունում, նա ջանում է անել ավելին, քան կարող է: Այն բանի համար, որ գոյի աշխարհիկ արվեստը, արվեստագետներին, անկախ իրենց համոզմունքներից եւ հավատքից, հարկ է նեցուկ կանգնել կրոնին: Կրոնական զգացողության անկման պայմաններում արվեստը կամ դառնում է պետական շամանություն, կամ վերածվում է ստի, որը գիտությունը ժխտում է:
Ամեն դեպքում, որպեսզի շարունակի ցանկացած ձեւով գոյատեւել, արվեստը պիտի հաճույք պատճառի:
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
(Ալան Անսենի հետ)
Հոկտեմբերի 8, 1947թ.
Օդեն. – Ես պիտի հին հունական գրականության ծաղկաքաղ կազմեմ: Ինչպե՞ս եք դուք համարում, ո՞ւմ պետք է ներառել դրա մեջ: Կարծում եմ, որ այնտեղ տեղ կգտնեն «Իլիականի» վեցերորդ եւ քսաներկուերորդ գրքերը, «Օրեսթեան»` ամբողջությամբ` ողբերգության բաժնում, Արիստոֆանեսի «Ամպերը», «Գորտերը» կամ «Թռչունները»` կատակերգության ժանրում, սիցիլիական արշավն ու բժշկական երկխոսությունը Թուկիդիդեսից` օ, մի՞թե գոյություն ունի Հոբսի թարգմանությունը` Պոլիկրատեսի պատմությունը Հերոդոտոսի մոտ, Հերակլիտեսի բոլոր պահպանված հատվածները, Հիպոկրատեսը եւ նրա «Օդի, ջրի եւ տեղի մասին» երկը, զուգահեռ տեղերը Արիստոտելի «Ֆիզիկայից, եւ «Մետաֆիզիկայից»` այն հատվածները, ուր նա խոսում է «անշարժ շարժիչի» մասին, Պլատոնի «Թիմեոսն» ու «Խրախճանքը», ինչպես նաեւ Արիստոտելի «Պոետիկան»: Չգիտեմ ինչպես վարվել քաղաքականության հետ: Այո, հնարավոր է Պլատոնի «Օրենքները»: Նաեւ ես ուզում եմ գրքի մեջ ընդգրկել հատվածներ քիստոնեական տեքստերից` Հովհաննի Ավետարանի սկիզբը, ես կարծում եմ, որ շեշտը պետք է դրվի սկզբի վրա) ինչպես նաեւ Թուղթն առ հռոմեացիները, Թուղթն առ կորնթացիները եւ Աթանասյան հավատի խորհրդանիշը: Ես կկամենայի, որ դուք աչքի անցկացնեիք եկեղեցու հայերին` արդյո՞ք չի կարելի նրանց էլ ներառել: Եվ ընդհանապես գաղափարի մասին ես ձեր խորհրդի կարիքը կունենամ:
Անսեն. – Ինձ թվում է, որ դուք իմ օգնության կարիքը չունեք:
Օդեն. – Ես պիտի հույների հետ զգույշ լինեմ: Ես, օրինակ, շատ եմ սիրում ատոմիստներին: Նրանք մեծ ազդեցություն են թողել Թուկիդիդեսի վրա: Նույնը վերաբերում է բժշկագետներին: Ընդհանրապես, եթե հույներին արժե հարգել, ապա նախեւառաջ այն բանի համար, որ նրանք միշտ կարողանում էին բացատրել այս կամ այն երեւույթը: Նրանք կենաց բոլոր դեպքերի համար վարկածներ ունեին: Արժեր, իհարկե, ծաղկաքաղի մեջ մտցնել Էվկլիդեսին: Նրա «Տարրերը», օրինակ, եւ ինչ-որ բան Օպիանոսից:
Մեզ ի՞նչ է հայտնի Էսքիլեսի տեքստերի մասին` ձեռագրերի մասին, որ հասել են մեզ: Ես միշտ ակնածանք եմ տածել ան մարդկանց հանդեպ, որ ուսումնասիրում են հույներին: Պլատոնը հանճար էր, բայց միշտ սխալվում էր: Մարդիկ միանգամայն իզուր են հակադրում Պլատոնին եւ Արիստոտելին: Պլատոնի հակադրությունը` Թուկիդիդեսն է: Ի տարբերություն Արիստոտելի եւ Պլատոնի, նա հետեւում էր Պերիկլեսին, եւ պետությունը չէր աստվածացնում, այլ դիտարկում էր այն` որպես անհրաժեշտ հարմարություն:
Տարօրինակ է, թե որքան քիչ են անգլիական գրականության մեջ հույներից լավ ընդօրինակությունները: Ես գիտեմ միայն երկուսը` «Սամսոն Ագոնիստը» եւ «Գերմանիայի» նավաբեկությունը»: Այո, այո: Հոփքինսը լեզուն գործածել է այնպես, ինչպես դա անում էր Պինդարոսը: Նա, ով ասել է, որ սոկրատեսյան երկխոսությունները սերում են էլեւսինյան միստերիաներից, ճշմարիտ է եղել: Այո, եւ դուք միանգամայն ճիշտ եք, երբ ասում եք, որ Լենդորի էպիգրամները հունական մոդելների հետագա զարգացումն է: Այդ ենթատեքստում ուշագրավ է նաեւ Բրաունինգը:
Երբ Մյորիկե ես կարդում, տպավորություն է ստեղծվոմ, որ նա շատ հաճելի մարդ է: Օ, այո, Լանսելոթ Էնդրյուսը շատ լավն է, թեպետ համարյա անհայտ է: Նրա «Խորհրդածությունները» շատ ավելի են կարդում, քան «Քարոզները»: Ինձ շատ է դուր գալիս Ջերեմի Թեյլորը: Ես հիանում եմ Շոտլանդական սաղմոսագրքով, նրա տարօրինակ մետրիկայով եւ ֆանտաստիկ քերականական ինվերսիաներով:
Այո, Բուսուելն ինձ Էքերմանից շատ ավելի է դուր գալիս: Կարդալով Էքերմանին, հասկանում ես, որ Գյոթեն ամեն կերպ ջանում էր շփոթեցնել Էքերմանին, իսկ հետո Էքերմանը գնում էր տուն եւ մտածում էր` ի՞նչ նկատի ուներ Վարպետը:
Անսեն. – Ներեցեք անկեղծության համար, բայց ինձ թվում է, որ դուք այսօր շատ ավելի լավ տրամադրություն ունեք, քան նախորդ անգամ:
Օդեն (զարմացած). – Իրո՞ք: Ի՞նչն էր պատճառը: Գուցե շոգից էր:
Դեկտեմբերի 11, 1946թ.
Դասախոսությունից հետո ես մոտեցա Օդենին. որպեսզի նրան ցույց տամ իմ ձեռք բերած Կիերկեգորի գրքերից մեկը` «Փորձեցեք ինքներդ ձեզ»:
Անսեն. – Դուք սա ունե՞ք:
Օդեն. – Այո, ինձ թվում է, հիմա ես նրա բոլոր գրքերն ունեմ: Դե, եթե չհաշվենք նրա մի քանի խրատական տրակտատները, որոնք քիչ հայտնի հրատարակչություններ են լույս ընծայել եւ աննշան տպաքանակով: Իսկ ինչո՞ւ չխմենք:
Անսեն. – Շատ լավ: Ինչպե՞ս եք դուք համարում, Շեքսպիրը համաձայն կլինե՞ր իր ստեղծագործությունների ձեր մեկնաբանությանը:
Օդեն. – Ի՞նչ տարբերություն` կհամաձայնվե՞ր, թե՞ ոչ: Կա տեքստը, եւ դա լիովին բավական է: Եվ ընդհանրապես Շեքսպիրը գրում էր «Հենրիխ 4-րդը»` հետապնդելով երկու նպատակ` «Սոնետների» երիտասարդին ցույց տալ, թե որքան վտանգավոր է արքայազն Հենրիի տիպի մարդը, եւ ցույց տալու համար հենց նրան, թե ինչ է իրականում իսկական հերոսը: Չէ՞ որ, ի վերջո, հիշվում է ոչ այլ ոք, քան Ֆալստաֆը:
Անսեն. – Դուք ինչ-որ հարմար բար գիտեք:
Օդեն. – Ոչ, մենք մեր տուն կգնանք:
Անսեն.- Չէի կամենա աներես թվալ:
Օդեն. – Բայց չէ՞ որ ես ձեզ հրավիրեցի: Եվ հետո, միեւնույն է, ես շուտով ձեզ կվռնդեմ, այնպես որ կարող եք չանհանգստանալ: Ես հիմա աշխատում եմ Բեթմենի ստեղծագործություններից ծաղկաքաղ կազմելու վրա: Եվ բացի այդ, նոր եմ ավարտել իմ գիրքը:
Անսեն. – «Տագնապի դա՞րը»:
Օդեն. – Այո: Սարսափելի ձգձգված ստացվեց: Ես դեռեւս գրքից չեմ հեռացել: Չգիտեմ, թե այս տեսքով ինչպես նա կընկալվի:
Անսեն. – Ես շատ ճնշված էի ձեր գրախոսականներից մեկից, ես այն այսօր կեսօրին կարդացի` Ջերալդ Հոփկինսի մասին միսս Ֆեյերի գրքի առթիվ: Դուք բացառիկորեն բարի էիք, հեղինակի բոլոր վրիպումները վերագրելով համալսարանական կրթության համակարգի անկատարությանը:
Օդեն. – Երբեք չգիտես, թե ինչ ասես, երբ գրում ես գրքի մասին, որը քեզ դուր չի գալիս: Վատ գրքի մասին երկար գրախոսական գրելը` կորած գործ է: Նմանատիպ դեպքերում ընդհանրապես պետք էլ չէ գրել, որ այն լույս է տեսել:
Մենք մտնում ենք Օդենի բնակարանը, եւ ես նկատում եմ կանաչ թավիշով պատված նոր թախտը:
Անսեն. – Դուք կարդացե՞լ եք Վագների «Կրոնն ու արվեստը»:
Օդեն. – Վագների արձակն ինձ աներեւակայելի տաղտկալի է թվում: Ես կարդացել եմ հրեաների եւ երաժշտական կուլտուրայի մասին էսսեն եւ ինչ-որ բան լեզվի ծագման մասին: Ինչպե՞ս է ձեզ հաջողվել այդ ամենը հաղթահարել: Լեզվի մասին էսսեն սարսափելի ձախողանք է: Նրան չի բավում խոնարհությունը: Նույնիսկ նրա Պարսիֆալը հաղթանակող է: Նա միանգամայն աշխարհիկ արքա է դառնում, նվաճում է Գրաալի սկահակը: Ի՞նչ կխմեիք, խերե՞ս, թե՞ կարմիր գինի: Ես կարծում եմ, որ օրվա այս ժամին գինին լավ է:
Շատ տարօրինակ է, որ փողի թեման ամերիկյան գրականության մեջ տեղ չի գտել: Եթե դու գրող ես, դու պիտի ոչ միայն գլուխ հանես սիրային պատմություններից, այլ նաեւ ճաշացանկից բան հասկանաս եւ իմանաս, թե ինչն ինչ արժե: Նույնիսկ Ֆիցջերալդը թեպետ նա որոշակի տրամադրություն ստեղծում է, փաստեր չի բերում: Օրինակ, ինչ արտահայտիչ կերպով կարելի էր ցուցադրել, թե ինչպես է 30-ականների ճգնաժամն ազդել մարդկանց ճակատագրերի վրա:
Անսեն. – Այդժամ ինձ համար անհասկանալի է, թե ինչու դուք եւ Իշերվուդն այդպիսի տհաճությամբ էիք արտահայտվում Թրոլոփի մասին:
Օդեն. – Գիտեք ինչ, Թրոլոփն այդ հարցերում հավաստի չէ: Որոշ չափով նա գունազարդում է իրականությունը: Իսկ ահա Բալզակը իրոք հիասքանչ էր գրում փողի մասին: Զարմանալի է, թե ամերիկացիներն ինչքան են ամաչում փողային հարցերից խոսելուց: Նրանք ավելի շուտ ձեզ կպատմեն իրենց սեքսուալ կյանքի մասին` բոլոր մանրամասներով, ի դեպ, քան այն մասին, թե ինչքան են իրենք վաստակում: Նրանք անգլիացիներին գաղտնապահ են համարում, բայց առաջին հարցը, որ անգլիացիները տալիս են միմյանց հանդիպելիս, դա «Որքա՞ն ես դու վաստակում» հարցն է: Անցյալ տարի ես առաջին անգամ կյանքում ուղեւորվեցի միսս Սթերնի մոտ, որպեսզի նա հաշվարկի իմ եկամտահարկը: Այսպիսով, երբ նա ավարտեց, ես սարսափեցի, նա հաշվեց ամեն ինչ, նույնիսկ լուսանկարների համար ստացած հոնորարները: Ես նույնիսկ սկսեցի մտածել, որ ինձ կբանտարկեն: Ոչ, մարդիկ Ամերիկայում այնուհանդերձ շատ մեծ նշանակություն են տալիս փողին: Կարծես դա հեքիաթային ոսկի է:
Գիտեք, ես ուրախ եմ, որ ես ստիպված եղա քոլեջը լքելուց հետո փող վաստակել, թեթեւամիտ կյանք կվարեի եւ անընդհատ անշնորհքություններ կանեի: Ամերիկայում ռանտյեի վիճակը լավ չէ: Նա սկսում է խմել: Ավելի լավ կլինի նա Եվրոպա տեղափոխվի: Հարեւաններին տեղը դնելը հարբեցողության է հանգեցնում: Անթիվ-անհամար ամերիկացիներ զբաղվում են աշխատանքով, որը նրանց տաղտկալի է թվում: Նույնիսկ մեծահարուստը համարում է, որ ինքն ամեն օր պիտի գրասենյակ իջնի: Ոչ այն բանի համար, որ նրան դուր է գալիս, այլ այն բանի համար, որ նա չգիտի, թե էլ ինչով զբաղվի: Թեեւ ես հիմա երազում եմ, որ ինչ-որ մեկը մեռնի ու ինձ մեծ ժառանգություն թողնի: Այո, այժմ ինձ հարկավոր է մշտական եկամուտ:
Անսեն. – Ես էլ պորտաբուծության հակում ունեմ:
Օդեն. – Եվ ընդհանրապես, ես չեմ հասկանում ինչու է ամոթալի համարվում զանգվածային հրատարակությունների համար գրելը, ինչպիսին են, ասենք, Հենրի Լյուսի ամսագրերը կամ «Քաղաքն ու գյուղը»: Մինչեւ այն պահը, իհարկե, որ նրանք սկսում են միջամտել քո տեքստերին: Իհարկե, նրանք կարող են մի քանի բառ փոխել, որպեսզի տեքստն ավելի հասկանալի լինի: Դա ոչինչ չի որոշում: Բայց երբ նրանք խնդրում են փոխել քո մտքի ընթացքը, դա արդեն պոռնկություն է: Այդժամ պետք է դրանցից հեռու մնալ: Ես տանել չեմ կարողանում մարդկանց, ովքեր խնդրում են հոդվածը էժան ծախել «հանուն ընդհանուր գործի»: Հարկ է վաճառել բարձրագույն գնով: Երբեմն կարելի է հինգ հարյուր դոլար ստանալ փոքրիկ մի գրախոսականի համար, որին դու առանձնահատուկ արժեք չես տալիս: Եվ ընդհակառակը, երբեմն քսանհինգ դոլար ես ստանում այն բանի համար, ինչի վրա ահագին էներգիա ես վատնել: Հեքիաթային ոսկին, հեքիաթային ոսկին…
Անցած շաբաթ ես Վաշինգտոնում էի` անգլիականական գիտնականների Ազգային միության համագումարին: Ես այդ կազմակերպության անդամ եմ: Ես պիտի ելույթ ունենայի: Մեկ օրվա ընթացքում մենք ստիպված եղանք աներեւակայելի շատ ժամասացություններ լսել, չորս թե հինգ: Երեկոյան ժամերգությունը հատկապես սարսափելի էր: Դուք չեք կարող պատկերացնել, բայց այդ պատարագը ստեղծվել էր, ճիշտ է, ան ժամանակ, երբ բարբարոսները կանգնած էին Հռոմի դարպասների մոտ:
Անսեն. – Չեմ կարծում, որ դուք այն միանգամայն անտեղի համարեցիք:
Օդեն. – Դուք իրավացի եք, թեպետ հենց այդ աղետը հազիվ թե սպառնում է Վաշինգտոնին: Աշխարհը մեզ ստիպում է հաշվի նստել անհերքելի փաստերի հետ: Այդուհանդերձ զարմանալի է, թե որքան չար կարող է լինել այդ անգլիականացի գիտնականների լեզուն: Ինչո՞ւ: Ի՞նչ եք դուք կարծում:
Անսեն. – Գուցե՞ դա կապված է որկրամոլության մեղքի հետ, որը սովորաբար վերագրում են հոգեւորականությանը: Նրանք էներգիան պարպելու այլ ելք չունեն:
Օդեն. – Այո, երեւի: Նրանցից մեկը յուրաքանչյուրին, որ իր հետ համաձայն չէր, ընկալում էր որպես անձնական թշնամի:
Գիտեք. մի անգամ Վաշինգտոնում ես ստիպված եղա ացելել Պենտագոն` դա Կաֆկայից ելած մի դիպված էր: Եվ ահա, երբ ես ուզում էի միջանցքով դուրս գալ, պահակն ինձ կանգնեցրեց եւ հարցրեց` «հեյ, իսկ դուք ո՞ւր եք ուղեւորվում». «Ես ուզում եմ դուրս գալ»,- պատասխանեցի ես: Եվ նա ասաց. «Բայց դուք արդեն դրսում եք»:
Անսեն. – Դա պատահեց մինչեւ ձեր Գերմանիա ուղեւորվե՞լը:
Օդեն.- Ոչ, հետո: Ես կարգին վախեցել էի, ես նույնիսկ կաֆկայական երազներ էի տեսնում:
Բանն այն է, որ պատերազմի ժամանակ ՖԲՌ-ը ինձ վրա սեւեռուն ուշադրություն դարձրեց: Այնտեղ ինչ-որ մեկը որոշել էր, որ ես լրտես եմ: Եվ ահա նրանցից մեկն ինձ ասում է` «Չէ՞ որ դուք սկանդինավցի եք, այդպես չէ՞»: Նրանք կարծում էին, որ ես հենց նոր եմ սուզանավից ելել: Դե այդ մեկը դեռ ոչինչ: Նա ինձ ասաց. «Ես տեսա, թե դուք ինչպես գրքով ռեստորան մտաք, եւ որոշեցի, որ դուք այնտեղ մի քանի ժամ կանցկացնեք»։ «Դե ուրեմն, ինչո՞ւ իմ ետքից չմտաք»,- հարցրի ես: «Չէի ուզում ձեզ շփոթեցնել», – պատասխանեց նա: