Հոկտեմբերի 22-26-ը Երեւանում Կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների եւ պատանիների համար («Ռոլան Բիկով» հիմնադրամ) կողմից անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը: Փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ` մասնավոր ընկերություններ, տեղական եւ միջազգային կազմակերպություններ: Փառատոնի ընթացքում ներկայացվել են 98 ֆիլմեր 35 երկրներից: Երեւանում փառատոնի ավարտին հաջորդելիք քառասուն օրերի ընթացքում ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն Հայաստանի մարզերում:
Փառատոնի շրջանակներում «Ռոլան Բիկով» հիմնադրամը եւ Թուրքիայում հիմնադրամի գործընկեր Անադոլու Քուլթուրը համատեղ աջակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի մի շարք կինոմատոգրաֆիստների եւ անիմատորների միջեւ փորձի փոխանակմանը եւ միջսահմանային ծրագրերի ստեղծմանը: Թուրքիան ներկայացնող ժյուրիի երեք անդամների հետ մեկտեղ` փառատոնը հյուրընկալեց Հայաստանից, Թուրքիայից եւ Վրաստանից ընտրված երեքական պատանիների` անիմացիայի ստեղծման տեխնիկային եւ մշակույթին նվիրված սեմինարի շրջանակներում: Սեմինարի արդյունքում ստեղծվել է կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան տեղի է ունեցել երեկ` փառատոնի փակման արարողության ժամանակ:
Մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնին Թուրքիայից հրավիրված ժյուրիի անդամների եւ պատանիների մասնակցությանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը, որի նպատակն է` աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը` խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների եւ պրոֆեսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաեւ` սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւավորմանը եւ խորացմանը, տարածաշրջանում խաղաղության եւ տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով: