Եկեղեցու միջոցով

25/10/2011

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այժմյան փուլն ու գործընթացի հեռանկարները: Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացրել է, որ շաբաթ օրը հատելով Լեռնային Ղարաբաղի սահմանը` համանախագահները մուտք են գործել Ադրբեջանի Բարդայի շրջան: Նշենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքվի հայկական եկեղեցի: Նրանք հանդիպել են նաեւ Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: