Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրելու են թուրքական տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը: Հղում անելով Եվրոպայի նավթագազային շրջանակներին, երեկ նման տեղեկություն է հրապարակել ադրբեջանական APA գործակալությունը: Վերջինիս տվյալներով, ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Թուրքիայի Իզմիր քաղաքում, որտեղ նախատեսված է տեղի նավթավերամշակման գործարանի հիմնարկեքի արարողությունը: Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, թե թուրք-ադրբեջանական գազային համաձայնագիրը պետք է կնքվեր մինչեւ սեպտեմբերի վերջ, սակայն կողմերի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով այն հերթական անգամ հետաձգվեց: Պայմանագիրը վերաբերում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլի (2017) արդյունքում ստացվելիք գազին, որից ադրբեջանական կողմը տարեկան պետք է 6 միլիարդ խորանարդ մետր գազ վաճառի Թուրքիային եւ 10 միլիարդ խորանարդ մետր` Թուրքիայի տարածքով տարանցի դեպի Եվրոպա: Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Իզմիրում մեկնարկելու է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցելու են Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ` մի շարք նախարարներ: