Հրաժարվել է

25/10/2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` երկրաշարժից հետո Թուրքիային առաջարկված օգնության համար: Reuters գործակալության փոխանցմամբ, Էրդողանն ասել է, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց, միեւնույն ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ` Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել Թուրքիային: Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` այդ երկրի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ս. Սարգսյանը նշել էր, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների:

Վանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ թուրքական կողմին օգնություն առաջարկած առաջին երկրների թվում են Իսրայելը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունաստանն ու Լեհաստանը, Հայաստանը: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ը շնորհակալություն է հայտնել այդ պատրաստակամության համար` ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմի նրանց օգնությանը: Չնայած դրան` Թուրքիան ընդունել է միայն երկու երկրների` Ադրբեջանի եւ Պակիստանի աջակցությունը: Այս երկու պետություններին ընդառաջելու եւ մյուս երկրներին մերժելու կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ «Ադրբեջանն ու Պակիստանն առանց նախապես հարցնելու են օգնություն ուղարկել, եւ որ իրենք չէին կարող չընդունել այդ օգնությունը»: