Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա» լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեւսկու գլխավորած պատվիրակությունը երեկ քննարկել են մայրաքաղաքում հյուրանոցային շինարարության հարցը: Հյուրերը ներկայացրել են աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Hilton» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը եւ իրենց հետաքրքրությունները հայտնել Երեւանում «Hilton» ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում: «Մենք շահագրգռված ենք ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ «Hilton» ապրանքանիշը ներկայացված կլինի Երեւանում, եւ պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ»,- նշել է Կ. Կարապետյանը:
Ի դեպ, ամիսներ առաջ նաեւ քննարկվում էր աշխարհահռչակ մեկ այլ բրենդի` Kempinski հյուրանոցային ցանցի` Հայաստան մուտք գործելու մասին: Նշվում էր, որ պայմանագիր են ստորագրել KempinskiYerevan-ի շուրջ: Ավելին, այս հյուրանոցի համար էին իշխանությունները երկար ժամանակ փորձում ազատել ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքը: Այս հյուրանոցը, որը պետք է ունենա 150-ից ավելի սենյակներ, ըստ իշխանական աղբյուրների` պետք է պատրաստ լինի 2013թ.: Նույն աղբյուրների հավաստմամբ` իշխանությունները դեռ չեն հրաժարվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը այլ շենք տեղափոխելու գաղափարից: Իհարկե, նման ապրանքանիշերի առկայությունը Երեւանում շատ լավ է, բայց հետաքրքիր է` «Hilton»-ին եւ KempinskiYerevan-ին որտե՞ղ պետք է տեղավորեն: Դարձյա՞լ Հանրապետության հրապարակում: