Թվեր են նկարում

25/10/2011

Երեկ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշել է, որ թեեւ բնակլիմայական պայմաններն այս տարի գյուղատնտեսության համար բարենպաստ էին, սակայն ներկայացվող թվերն ուռճացված են: «Ուռճացված են ցորենի, ծիրանի բերքի ցուցանիշները: Թվեր են նկարում: Ինչպե՞ս կարող է կաթնատվությունը բարձրանալ, երբ գլխաքանակի նվազում կա: Այս տարի կունենանք նույնքան կարտոֆիլ, որքան անցած տարի: Մի փոքր ավելին կլինի, սակայն դա չի ազդի գնի վրա, իսկ գարնանը կարտոֆիլը կթանկանա եւ ամռանը կլինի 300-400 դրամ»,- ասել է նա: Ըստ նրա` նախկինում պարարտանյութերի գները ֆիքսված էին, եւ հայտարարվել էր, թե ազատում են ԱԱՀ-ից, եւ 20%-ով էժանացում էին խոստանում, սակայն այդ հարկատեսակը միշտ էլ չէր գործում, իսկ հիմա 30% գնաճ եղավ. «Որոշ պետական այրեր այդ բիզնեսն իրենց ձեռքը վերցրեցին: Մանրածախ ներկրողները հրաժարվեցին ներկրել, եւ այսօր ունենք արհեստական դեֆիցիտ պարարտանյութերի շուկայում: Պետությունը խառնվեց բիզնեսին, տեսանք` ինչ եղավ: Արջի ծառայություններ պետք չէ մատուցել»,- ասել է նա: