«Վա՜ու»: Աննմա՜ն է

25/10/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

2006 թվականին ամերիկացիները մահապատժի ենթարկեցին Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին: Հավանաբար շատերն են հիշում աշխարհի բոլոր հեռուստաընկերությունների հիթային կադրերը` ինչպես է դահիճը խնամքով փաթաթում Հուսեյնի պարանոցը սեւ շարֆով` բացատրելով, որ այդպես սեղմող պարանի պատճառած ցավն ավելի է մեղմանում: Ապա բարեկրթորեն առաջարկում է պարկը քաշել գլխին, ինչից Իրաքի առաջնորդը հրաժարվում է: Ապա դահճի ասիստենտը զգուշորեն Հուսեյնի պարանոցին է անցկացնում պարանն, ու վերջ: Երբեմնի բռնակալի մարմինը` պարանից անօգնական կախված` ճոճվում է:

Ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցող այս մահապատժի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ ԱՄՆ իշխանություններն անգամ սկսեցին արդարանալ` Իրաքն ինքնիշխան պետություն է. ինչպես ցանկանում են, այնպես էլ դատում են, եւ, որ կախաղանի միջոցով պատիժն Իրաքի ավանդույթներից մեկն է: Ի դեպ, շատ երկրներում ընդունված է եղել նաեւ մարդկանց այրել խարույկի վրա, քառատել, Լինչի դատաստանի ենթարկել: Սակայն ինչի՞ պատրաստ չէ ԱՄՆ-ը` ֆեոդալական Իրաքում ժողովրդավարություն հաստատելու համար: Եվ կիրառության դրվեց միջնադարի այդ պատժամիջոցը` կախաղանը: Թեեւ պատուհանից այնկողմ համառորեն 21-րդ դարն է:

Իրականությունը օն-լայն ռեժիմով վաղուց է մտել համացանց: Արդեն այս տարվա մայիսի 2-ին ահաբեկիչ Ուսամա բին Լադենի կացարանը շրջափակելու եւ նրան վնասազերծելու օպերացիային էին հետեւում ԱՄՆ առաջին դեմքերը` Օբաման, Քլինթոնը: Շուտով արդեն ԱՄՆ նախագահ Օբաման ամբողջ աշխարհին ներկայացրեց ավետիսը` Ուսամա բին Լադենը ոչնչացված է, այսպիսով` իր նախընտրական խոստումներից մեկն արդեն անցյալում է: Իսկ շարունակությունն արդեն հայտնի է` աշխարհի բոլոր լրատվամիջոցներում ամենապահանջվածը ահաբեկչի սպանության կադրերն էին: Հատկապես մեծ հաջողություն եւ ժողովրդականություն էր վայելում դիակի լուսանկարը` պրոֆիլ, անֆաս:

Եվ, ահա, օրեր առաջ անմարդկայնորեն խոշտանգվում ու սպանվում է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին: Ո՞վ կմտածեր, որ նրբակազմ ու քնքուշ ԱՄՆ պետքարտուղարը, ով Հայաստանում այդքան հիացական հայացքներ հավաքեց, Քադաֆիի խոշտանգված մարմնի լուսանկարը տեսնելով` հիացական կբացականչի` «Վա՜ու»: Քադաֆիի խոշտանգված մարմնի շուրջ խրախճանք էին անում ապստամբները: Նրա կիսամերկ ու արյունոտ դիակի ֆոնին նկարվել ցանկացողները վիճում էին` ով է առաջինը: Եվ այդ մարդիկ վերցրել են իշխանությունը: Այնպիսի տպավորություն էր, թե խոր միջնադարում ենք: Եվ իրականությունն էլ այն է, որ այսօր պայքարի մեջ են մտել ոչ թե քաղաքակրթությունները, արժեքները, այլ դարաշրջանները: Եվ մենք` աշխարհի բնակիչներս, մեր կամքից անկախ` տեղափոխվում ենք միջնադարյան հրապարակներ եւ վերածվում մահապատիժն ըմբոշխնող ամբոխի: Մի տարբերությամբ` 21-րդ դարում մահապատիժը տեսագրվում է հարյուրավոր տեսախցիկներով: Եվ հետո` թամաշա անողների թիվը դարձել է համարժեք մոլորակի բնակիչների թվին:

Թերեւս շատերը կհիշեն իրենց մանկությունը, երբ հեռուստատեսությամբ, հատկապես` պաշտոնական լրատվության ժամանակ, հաղորդավարները նախապես զգուշացնում էին` հեռացրե՛ք երեխաներին էկրանների առջեւից, դաժանություն պարունակող կադրեր են ցուցադրվելու: Իսկ կիրակնօրյա «Հայլուրը», ետ չմնալով առաջադեմ մարդկությունից` արեւմտյան եւ եվրոպական լրատվական ծրագրերից, խոշոր պլանով ցուցադրեց այն, ինչը, ճիշտ է, վաղուց արդեն կար համացանցում, սակայն այնքան անակնկալ էր` դիտել երեխաների ընկերակցությամբ: Հասկանալու համար, որ դաժանություն պարունակող կադրերը այդպես, առանց զգուշացման, չի կարելի դարձնել անխտիր բոլոր հեռուստադիտողների սեփականությունը, անհրաժեշտ է լինել պրոֆեսիոնալ եւ զուգահեռաբար` բարձր գիտակցություն ունենալ:

Սակայն տեղեկատվական հոսքը շարունակվում է: Պատկերացնելով ասվածի թողած տպավորությունը` հայտարարվում է` Քադաֆիի մարմինը խանութում է` բանջարեղենի պահպանման համար նախատեսված սառնարանում: Այն հանում են, լուսանկարում, դնում սառնարան: Դարձյալ հանում են, լուսանկարում, դնում սառնարան… Մնում է միայն մեկ բան` ծիսական պար կազմակերպել եւ տեսախցիկների առաջ ուտել այն: Եվ ամեն ինչ կընկնի իր տեղը: ԱՄՆ-ը, միջազգային հանրությունը դժվար դատապարտի. ի վերջո, մարդակերությունն այսօր էլ ինչ-որ ցեղախմբերի մոտ իր այժմեականությունը չկորցրած ավանդույթ է (տակավին վերջերս մարդակերների մի ցեղախումբ կերել էր գերմանացի մի զբոսաշրջիկի):

Այն, որ Քադաֆիի երկրային կյանքի վերջին մի քանի րոպեն կմթագնեն տասնյակ տարիների նրա վայրագություններն, ակնհայտ է: Այդպիսին է հրապարակային մահապատժի օրենքը: Կյանքի վերջին րոպեների` ոտնահարված, նվաստացած արժանապատվությունը, որը քառակի ավելի էր արդեն ետմահու, Քադաֆիին առասպելական հերոսի կարգավիճակի կարժանացնի: Չմոռանանք, որ նախադեպեր կան. կյանքին հրաժեշտ տված Հուսեյնն ու բին Լադենն ուղեւորվեցին ոչ թե դժոխք կամ դրախտ, այլ ուղիղ Հոլիվուդ` դառնալով ֆիլմերի հերոսներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Քադաֆիի սպանությունը որակեց` որպես «պատմական»: «Լիբիան ազատագրվեց», «Լիբիայի համար նոր դարաշրջան բացվեց»,- արձագանքեցին մյուսները:

Ռուսաստանի արտգործնախարարը խորհուրդ տվեց ճշտել սպանության մանրամասները, պատասխանատվության ենթարկել Քադաֆիի դահիճներին: Սակայն հնարավո՞ր է պարզել` ո՞ւմ կրակոցն է ճակատագրական եղել Լիբիայի առաջնորդի համար: Հայերս «Հոկտեմբերի 27»-ի օրինակով գիտենք` որքան շատ են վկաներն ու ականատեսները, որքան ամեն ինչ չափազանց պարզ ու ակնհայտ է թվում` այնքան բարդ է պարզել իրականությունը: