Այստեղ իմ կյանքը խոր իմաստ է գտել

25/10/2011

Հոկտեմբերի 25-ին, Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոսության հիմնադրման 10-րդ, Իտալիայի միասնության 150-րդ եւ Հայաստանի անկախության 20-րդ տարելիցին, Գյումրիում կբացվի Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն: Այս առիթով ներկայացնում ենք մեր հարցազրույցը պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ:

– Ձեզ Հայաստանում ճանաչում են արդեն քսան տարուց ավելի, 1988թ. երկրաշարժից ի վեր: Կարելի է ասել, որ Հայաստանը դարձել է եթե ոչ` Ձեր երկրորդ հայրենիքը, ապա` հաստատ այն երկիրը, որտեղ Դուք բացառապես ծավալում եք Ձեր հասարակական գործունեությունը: Փորձեմ հակիրճ թվարկել. նախ` բավական տարիներ նվիրել եք մայրության, մոր եւ մանկան, բժշկական ծառայությունների եւ որբանոցների վերակազմակերպման գործին: Սկզբում իտալական մի կազմակերպության, այնուհետեւ` Ձեր իսկ հիմնադրած հայաստանյան «Family care» կազմակերպության հետ շարունակել եք առողջապահական ծրագրեր իրականացնել մոր եւ մանկան մասնաճյուղում: Վերջին տարիներին, հրաժարվելով նվիրատվություններից, կազմակերպությունը սկսել է ինքնաֆինանսավորել իր բարեգործական ծրագրերը սեփական գործունեության հասույթներով, որոնք են «Bad and Breakfast» հյուրանոցային սպասարկումը Երեւանում եւ խեցեգործական արտադրությունը Սպիտակում: Այնուհետեւ` լեզուների ուսուցման դասընթացները, Գյումրու հյուպատոսությանը կից հարուստ գրադարանի ստեղծումը եւ մշակութային այլ միջոցառումներ: Եվ հիմա` այս Կենտրոնը: Ինչո՞ւ որոշեցիք հիմնել այս Կենտրոնը եւ ինչո՞ւ Գյումրիում:

– Չգիտեմ` ճի՞շտ է արդյոք ասել` «որոշեցի»: Ինչ խոսք, սկզբում միշտ էլ ինչ-որ բան ձեռնարկելու խնդիրը կա, բայց հետո այդ «ինչ-որ բանն» աճում է, ընդլայնվում եւ ծածկում սկզբնական որոշումը: Շատ հաճախ իրավիճակներն են տնօրինում եւ ուղղորդում անհատական որոշումները: Ճապոնացի նկարիչներն ասում էին, թե կտավն է ստեղծում արվեստագետին: Այս պնդումը, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ է թվում, ճշմարտության մեծ բաժին ունի, որ կարող է վերաբերել ցանկացած տեսակի գործունեությանը: Ես եւ իմ գործընկերները պարզապես ցանկանում էինք ինչ-որ ձեւով մասնակից լինել Գյումրին ոտքի կանգնեցնելու գործին: Բայց դրա համար նախեւառաջ հարկավոր է իրերին վերադարձնել իրենց արժեքն ու գեղեցկությունը: Տեսնել, թե ինչպես է անխնա վիճակում գտնվող պատմական շենքը կամաց-կամաց ետ գալիս, զարթնում, վերգտնում կորցրած արժեքը, մետր առ մետր վերանվաճում նախկին լքված տարածքները եւ դրանց վերադարձնում մարդկանց, քաղաքացիներին ծառայելու սկզբնական արժանապատվությունը` ահա սա էր մեր առաջնային նպատակը, որ սկսում է մասամբ իրականություն դառնալ: Կենտրոնի ստեղծումն էլ մտնում է այս ավելի մեծ ծրագրի մեջ: Խնդիրը վերաբերում է քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկի վերակենդանացմանը, եւ մենք կցանկանայինք, որ Կենտրոնի մշտական այցելուները լինեն հատկապես երիտասարդները, դրսից եկած ուսանողները եւ, իհարկե, առաջին հերթին` գյումրեցի երիտասարդները: Բայց այս նախաձեռնության մեջ կա նաեւ մեկ այլ, թաքնված կողմ, որ թեեւ անմիջականորեն կապված չէ Կենտրոնի բուն նշանակությանը, բայց որը նույնքան կարեւորություն ունի ինձ համար. նկատի ունեմ շենքի վերակառուցման բուն գործընթացը, բոլոր նրանց, որ աշխատել են դրա վրա` բանվորներից մինչեւ գրասենյակային աշխատողներ, մինչեւ ճարտարապետ, որոնք ոգեւորվել են այդ նախաձեռնությամբ: Ահա մարդկային փոխգործունեության այս տեսակը, որ ամփոփված է քարե պատերի ետեւում, ավելի ճիշտ` հենց պատերի մեջ` ինձ համար երեւի ամենանշանակալի արդյունքն է: Պատասխանելով ձեր երկրորդ հարցին` ասեմ, որ Գյումրին մշակութային մեծ ժառանգություն, նրբագեղ ճարտարապետություն եւ մարդկային բացառիկ ներուժ ունեցող քաղաք է, որ ավերիչ ցնցումներից եւ կորուստներից հետո կամաց-կամաց վերադառնում է լիարժեք կյանքի, եւ ես հավատում եմ, որ այս վերածնունդը կարող է վարակիչ լինել ողջ Հայաստանի համար: Երբ մարդիկ աշխատում են եւ իրենց գործում ներդնում են հոգին, ահա այդ դեպքում է, որ քաղաքը կարող է վերածնվել նոր կյանքի համար:

– Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս շենքը Կենտրոնի համար, արդյո՞ք հատուկ պատճառ կամ մտադրություն կա:

– Նախեւառաջ` որովհետեւ այն գեղեցիկ է: 19-րդ դարի երկրորդ կեսի եւ 20-րդ դարի առաջին տարիների միջեւ ընկած ժամանակահատվածում կառուցված բոլոր շենքերը չափազանց գեղեցիկ են, եւ այս մեկը հատկապես յուրահատուկ է, որովհետեւ Հայաստանում «Արթ Դեկո» ոճի հազվագյուտ օրինակներից է: Մենք կարողացանք շենքի ներքին տարածություններն այնպես բաժանել եւ կազմակերպել, որ հնարավոր լինի դրանք գործածել տարբեր նպատակներով: Կա նաեւ հրաշալի ներքին բակ, որտեղ կարելի է ագորայի պես բան հիմնել: Ամեն դեպքում, մենք փորձել ենք հնարավորինս վերականգնել այս տան նախնական տեսքը, ինչը նշանակում է նաեւ, որ երբեմն ստիպված ենք եղել քանդել ժամանակի ընթացքում տարբեր սեփականատերերի արած փոփոխությունները:

– Ի՞նչ կարող է տալ Կենտրոնը Գյումրիին եւ հայ մարդկանց:

– Գիտելիք, կրթություն, մասնագիտական պատրաստություն եւ ավելի լայն դուռ դեպի մնացյալ աշխարհը: Այս իմաստով, օրինակ, ես կարեւորում եմ տուրիզմի զարգացումը, հատկապես այն տեսակի, որ ոչ թե հետաքրքրված է էկզոտիկ լուսանկարներ կամ հուշանվերներ տուն տանելով, այլ ուրիշ մշակույթների եւ ավանդույթների ճանաչողությամբ: Մենք ունենք եւ շարունակում ենք ստեղծել տեղական արհեստների (խեցեգործություն, գորգագործություն) լաբորատորիաներ, որոնցում զբոսաշրջիկները, ցանկության դեպքում, կարող են մասնակցություն ունենալ: Այս համատեքստում, Ձեր հարցը կարելի է շրջել. ի՞նչ կարող են տալ Կենտրոնին Գյումրին եւ հայ մարդիկ:

– Իսկ անձամբ Ձե՞զ:

– Անձամբ ինձ` շատ բան, ինչպես այն ամենը, որ այս երկիրն ինձ տվել է մինչեւ հիմա: Այստեղ իմ կյանքը խոր իմաստ է գտել: Եվ ինչ անում եմ Հայաստանի համար` անում եմ ի նշան երախտագիտության:

Զրույցը վարեց եւ իտալերենից թարգմանեց Նազելի ՂԱՐԻԲՅԱՆԸ
Lragir.am