«Մեկ-մեկ երգելուց ուզում եմ ասել՝ սա իմ Երեւանը չէ»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը

25/10/2011

Ռուբեն Հախվերդյանը թեեւ ուշ-ուշ է հանդես գալիս հրապարակային ելույթներով, սակայն յուրօրինակ հեգնանքով ու հումորով մշտապես անդրադառնում է հասարակությանը հուզող խնդիրներին: Այս անգամ հրավիրված ասուլիսում նա խոսել է երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի, արտագաղթի, աղանդավորների, շոու-բիզնեսի «աստղերի» մասին: «Մեծ շանսոնյեն ասի, թե փոքրը` նույնն է: Ճշմարտությունը մնում է ճշմարտություն: Հնարավոր է, որ նա ուրիշ բան է ուզել ասել, նրան սխալ են հասկացել: Հաճախ մի բառ` այս կողմ, այն կողմը ամբողջ իմաստն է փոխում: Բայց եթե իրոք այդպես է ասել, ճիշտ էլ ասել է: Տարբերությունը ո՞րն է: Ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ սպանվեց, այս տարիների ընթացքում էլ 1,5 միլիոն մարդ գնացել է Հայաստանից: …Ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես էլ` հետ չեն գա. գան ի՞նչ անեն` Մասիս սարին նայե՞ն, Մասիսին տելեվիզրով էլ կարող են նայել: Անպայման Ազնավո՞ւրը պիտի ասի դրա մասին: Էս 20 տարի ասում եմ` ինչի՞ տեղ ա անցնում: Մեր իշխանավորները պետք է սկսեն իրենցից, ավելին` մեր իշխանության համար կապ չունի` ո՞վ` ի՞նչ է ասում: Էս 20 տարի է` ասում եմ, ինչի՞ տեղ ա անցնում: Իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չեն նման հայտարարությունները, ով ուզում է ասի` լինի մեծ շանսոնյեն, թե փոքր Հախվերդյանը»,- ասել է նա` անդրադառնալով Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցին: Ի դեպ, Հախվերդյանը ասուլիսի սկզբում նշել էր, որ գրիպով հիվանդ լինելու պատճառով չի հետեւել վերջին իրադարձություններին: Նաեւ նշել է, որ Ազնավուրի հայտնի հարցազրույցին էլ տեղյակ չէ, եւ լրագրողները հարցին զուգահեռ` նրան պատմել են հարցազրույցի բովանդակությունը: Պարզվում է` Ռ. Հախվերդյանն էլ է մտածել Հայաստանից գնալու մասին. «Դատապարտելին ոչ թե գնացողներն են, այլ պատճառները, որի համար գնում են մարդիկ: Որ ես մնացի, իմ երեխաներն այստեղ ի՞նչ են անելու, եթե պետք լինի` կգնամ: Եթե չգնամ, իմ երեխաներին ի՞նչ է սպասվում այստեղ: Իրենք կդառնան նեղմիտ մարդիկ, ինչպիսին ես կլինեի, եթե աշխարհում չշրջեի: Այսօր հայ երիտասարդների 50 տոկոսից ավելին ներքին էմիգրացիայի մեջ է, ամեն օր մտածում է` գնա՞լ, թե՞ մնալ»: Ռուբեն Հախվերդյանի համոզմամբ` եթե նրանցից յուրաքանչյուրը դրսում 4000 դոլարանոց աշխատանք ունենար, ապա հաստատ կգնար: Երգահանը վստահ է, որ խնդիրը ոչ թե նյութականն է, այլ այն, որ դրսում մարդիկ կարող են զբաղվել իրենց սիրած գործով եւ առաջ գնալ, իսկ Հայաստանում դա անհնար է. «էդքանն իմանալով` մարդիկ մնան այստեղ` սովից սատկե՞ն: Դա իդիոտիզմ կլինի»: Ռ. Հախվերդյանն անդրադարձել է նաեւ աղանդների խնդրին. «Ես վախենում եմ ամբոխից եւ տգիտությունից: Ինչի՞ արդյունք են մեր աղանդավորները` տգիտության»: Նա պատմել է, թե մի անգամ ինչպես է դաս տվել Եհովայի վկաներին. «Ես քնած էի ու հեչ չեմ սիրում, երբ ինձ քնից հանում են, մեկ էլ` երկու ինտելիգենտ մարդ եկան ասեցին` մենք ուզում ենք քեզ ճիշտ ուղու բերել: Էդ ինձ հիշեցրեց դպրոցը, որից ես մի տեսակ ֆոբիա ունեմ: Մեկ ասեցի` սրանց ներս բերեմ, զանգեմ Ոստիկանություն, ասեմ` տունս են ներխուժել, մեկ էլ չդիմացա` գրտնակս առա, սրանց մի լավ դաս տվեցի, կնոջն էլ ծեծեցի, ասեցին` հա 500 դոլար ենք ստանում»: Հախվերդյանի համոզմամբ` «Հայաստանում Սովետը չի պրծել. «24»-ի մատորով «Մերսեդես» են քշում, ամեն ինչ նույնն է»: Նա ցանկանում է, որ թեկուզ կոշտ ճանապարհով` Հայաստանը խելքի բերեն խելքը գլխին երիտասարդները: «Հիմա պաստառներ են տպում` Հայաստանը դու ես կամ ես եմ… Չէ՞ որ դա նույն պլակատներն են, ինչ կոմունիստների ժամանակ էր ընդունված: Ավելի լավ չէ՞ էդ փողը թոշակառուին տալ: Սովետը չի փոխվում, որովհետեւ երկրի գլխին նույն Սովետի մարդիկ են կանգնած: Ես շատ կուզեի, որ գային խելքը գլխին, նորմալ երիտասարդներ, որոնք կկարողանային խելքի բերել այս երկիրը, թեկուզ կոշտ ճանապարհով: … Մեկ-մեկ երգելուց ուզում եմ ասել` սա իմ Երեւանը չի: Շատ է փոխվել ամեն ինչ: Էդ մարմնավաճառները, որ կանգնած են փողոցներում, ոչ ամոթ կա, ոչ աբուռ: Քաղաքը փոխել է իր դեմքը»:

Նոյեմբերի 1-ին Ռ. Հախվերդյանը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կներկայացնի իր մանկական երգերը, իսկ նոյեմբերի 23-ին մեծահասակների համար մի քանի երգ կկատարի երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ:

«Ես չեմ նայում, չգիտեմ էլ, թե ով կա, միայն գիտեմ, որ երգիչների, գրողների մի խումբ կա, որ պատվերով գրում են, երգում են, դրանով փող են աշխատում, իսկ ժողովրդի մի ստվար հատված ոչինչ չի հասկանում, որովհետեւ բովանդակությունից զուրկ են այդ երգերը, իրենց մեջ պատգամ չունեն»,- հայաստանյան շոու-բիզնեսի մասին ասաց նա` նկատելով, որ շոու-բիզնեսը փող աշխատելու ձեւ է, ոչ թե արվեստ: Խոսելով այն արվեստագետների մասին, ովքեր իրենց հարցազրույցներում ասում են, թե վերադառնում են, որպեսզի հայրենիքում ստեղծագործեն, Ռ. Հախվերդյանը նկատեց, որ նրանք գնացել են զուտ հաստատվելու համար, սակայն չի ստացվել, եւ հիմա հետ են եկել, որպեսզի այստեղ հաստատվեն. «Համոզված եմ` ում էլ այնտեղ լավ բիզնես եւ լավ փող առաջարկեն, կգնա: Էդ որ արվեստագետներ կան` հետ են գալիս, ուրեմն նրանք այնտեղ ստեղծագործելու ասպարեզ չունեն: Գալիս են, անունը դնում են` «հայրենասեր եմ», բայց նշանակում է` չեն ընդունվում դրսում»:

Ռ. Հախվերդյանը, որպես օրինակ նշելով հարսանյաց եւ թաղման արարողությունները, համոզված է, որ մեզ մոտ կուլտուրայի պակաս կա. «Ես այդ ձեւերը չեմ ընդունում, հատկապես այդ տխմար թամադաներին»: Անդրադառնալով հայկական խոհանոցին, Հախվերդյանն ասաց, որ այն եւս մեր մշակույթի մի մասն է կազմում, եւ ինքն այդ խոհանոցը «տանել չի կարողանում», մանավանդ խորովածը, որը երգահանը վառած միս է անվանում, եւ չգիտես ինչո՞ւ` հարսանիքներին անպայման հենց դա են տալիս` մոռանալով ոսպով կամ լոբիով ապուրի մասին. «Ես ընդամենը 4 հարսանիքի եմ եղել, մի 10 րոպե էլ չեմ դիմացել, միայն աղջկաս հարսանիքին կես ժամ նստեցի, որովհետեւ համատարած ոռնոց էր, տղայիս հարսանիքին դա 10 րոպե լսելուց հետո գնացի դիրեկտորի սենյակում քնելու: … Թաղումներն ընդհանրապես կոշմար են. հիմա մրցույթ է գնում, թե ով` ինչքան ճոխ թաղում կանի»: Ի դեպ` Հախվերդյանը պատմել է, որ դստեր հարսանիքն «իր վրա նստել է» 1000 դոլար, որովհետեւ 15 տարի առաջ էր, եւ սրահն էլ իր ընկերն էր տվել, իսկ որդու հարսանիքը` 5000 դոլար. «Մրցույթ է, ամուսնանում եք` ամուսնացեք, էդքան նեղություն տալ կլինի՞: Այդ 5000-ը վզիս նստեց, ստիպված` հետո 2 հատ համերգ եմ տվել: Փողը տնից պակասում է` պիտի համերգ տաս, էդ իմ աշխատանքն է, իմ հաճույքը չէ»: