Եղինջ
Եղինջը (լատ. Urtika, ռուս. ԽՐՈտՌՉՈ) ամբողջությամբ այրող մազմզուկներով պատված, երկար եւ ուղիղ ցողունով բույս է: Բարբառներում կոչվում է աղինճ, եղիճ, մռմուռ խոտ, մրմնջուկ, ճօյ, մալախու, կծուտիկ եւ այլն: Աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում ու տնամերձ հողամասերում:
Եղինջն ամբողջությամբ` արմատը, ընձյուղը եւ սերմերը, հնուց լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ, ունի արյունը մաքրող եւ հակաբորբոքային հատկություն: Հայկական ժողովրդական բժշկության մեջ հյութը գործածում են հազի, հին խոցերի, վարիկոզ երակաբորբերի ժամանակ, թրջոցը կամ չոր տերեւների փոշին դնում են թարախակալած վերքերին: Արմատը եւ սերմը շաքարի հետ եփում եւ խմում են քարային հիվանդությունների դեպքում, օգտագործում են դեղնուկի, պալարախտային առատ քրտնարտադրության, ճիճվակրության, աղեփքության, նյարդային նոպաների ժամանակ: Ամիրդովլաթ Ամասիացին տերեւների եփուկը կամ տերեւափոշին առաջարկում է բորբոքային ուռուցքների, թոքային հիվանդությունների, պլեւրիտների, փքվածության համար: Նա հունդն անճիրա անունով օգտագործել է երիկամների քարային հիվանդության, միզապարկի ցավերի, բարակ աղին մաքրելու համար: Ծեծած արմատի փոշին ջրի հետ խմում են սրտի ցավերի ժամանակ: Հոդացավի համար եղինջով մերկ մարմինը դաղում են, որը քրիստոնեական երանգ է ստացել: Մասնավորապես Զատիկին եղինջով ձեռքերին հարվածում էին արյունոտելու աստիճան (եղիճում էին), որպեսզի անձամբ զգան Քրիստոսի չարչարանքները, քանի որ, ըստ ավանդության, Քրիստոսին եղինջով են ծեծել: Նույն նպատակով Մեծ պասի ավագ ուրբաթ օրը եղինջ են եփել` դրա ծակող զորությունը վերացնելու համար:
Ծակելու հատկության շնորհիվ համարվում է չարխափան, որի ապացույցը տեսնում ենք ռուսական հավատալիքներում: Ռուսները թարմ եղինջից օղակ են հյուսում ու կախում տան դռնից` հուսալով, որ բույսի ծակող հատկության շնորհիվ կպաշտպանվեն չար ուժերից:
Սննդի մեջ գործածում են մատղաշ եղինջի հում կամ եփած ընձյուղները: Քաղում են ձեռնոցներով: Եղինջով ճաշեր եփում են հատկապես գարնանը եւ ամռանը: Մեծ պասին եղինջից կերակուրներ եփելը պարտադիր էր:
Եղինջից եփում են.
1.Եղինջապուրի պատրաստման ձեւը. արդեն եփած կարտոֆիլին ու բրնձին ավելացնում են եղինջի մատղաշ ընձյուղներ, մի քանի րոպե եփելուց հետո ավելացնում են հարած ձու եւ սոխեռած: Նույն ձեւով եփում են նաեւ առանց բրնձի:
2. Եղինջը գցում են ձավարով, կորկոտով ճաշերի մեջ:
3. Տապակում են` կտրատում են, խաշում ու քամում: Եթե պաս է, տապակում են ձեթով, եթե ուտիս է, տապակում են յուղով ու ձվով: Երկու դեպքում էլ ուտում են սխտոր-մածունով:
4. Աղցան են պատրաստում` խաշում եւ վրան քացախ են լցնում:
5. Մատղաշ հում ընձյուղները թեթեւակի աղ են անում, ափերով տրորում ու անմիջապես ուտում: Հաճախ ուտում են աղով ու հացով:
6. Թթու են պատրաստում մի քիչ կոշտացած տերեւներից:
Գայլուկ
Գայլուկը (լատ. Humulus lupulus, ռուս. ղՎպսՖ) թթազգիների ընտանիքին պատկանող մագլցող, փաթաթվող բույս է: Ծաղկում է ամռանը, ունի կանաչ եւ ողկույզաձեւ ծաղիկներ, պտղակալում է սեպտեմբեր-հոկտեմբերին: Աճում է խոնավ տեղերում, այգիներում ու անտառներում:
Գայլուկը բարբառներում կոչվում է դրոժի թուփ, հմուլ, ջղլաբատ, փղապատ, շրմշուղ, լատիներեն կոչվում է հումուլուս լուպուլուս: Լուպուլուս նշանակում է` գայլ, եւ ծագել է այն բանից, որ փաթաթվելով ծառին` գայլուկն այն չորացնում է (խեղդում է): Պլինիուսն անվանել է արոտավայրի գայլ: Ի դեպ, հայերենում գայլուկ է կոչվում նաեւ հացաբույսերին փաթաթվող մոլախոտը:
Գայլուկը որպես դեղաբույս` մեծ կիրառություն ունի բժշկագիտության եւ ժողովրդական բժշկության մեջ: Գործածում են արմատը, ընձյուղները եւ կոները: Ունի հակաբորբոքային, մանրէասպան, միզամուղ ու ցավազրկող, արյունը մաքրող եւ քնաբեր հատկություն: Կոների թուրմը խմում են ախորժակի վատացման, գաստրիտների ժամանակ, գործածում են նաեւ թրջոցների, լոգանքների ձեւով: Կոների փոշին` լուպուլինը, կամ էլ հենց տրորած կոները խառնում են խոզի ճարպի կամ կարագի հետ ու գործածում քսուքի ձեւով, որպես դեղափոշի` խմում են ջրի հետ: Դեղնուկի դեպքում խմում են մատղաշ ընձյուղների հյութի, ջրի ու կաթի խառնուրդը: Արմատի մզվածքն ունի արյունը մաքրող եւ թմրեցնող հատկություն: Ծաղիկներից դեղին ներկ են ստանում, ցողուններից` մանրաթել, թուղթ եւ պարան: Որպես դեկորատիվ բույս` գործածում են կանաչապատման համար:
Գայլուկը թունավոր բույս է, առաջացնում է գայլուկ հավաքողների հիվանդություն, որն արտահայտվում է քնկոտությամբ, քրտնարտադրությամբ, ընդհանուր գրգռվածությամբ, ջերմության բարձրացմամբ ու սրտի ցավերով, հաճախ առաջացնում է քրոնիկական էկզեմա:
Գայլուկի մատղաշ ընձյուղները գարնանը սննդի մեջ գործածում են հում եւ խաշած վիճակում:
1. Գայլուկը խաշում են, քամում եւ տապակում սոխեռածով (յուղով կամ ձեթով) ու ձվով:
3. Շիլայանման խյուս են պատրաստում` եփում են եւ տրորում:
4. Աղցան են պատրաստում. խաշում են, քամում ու վրան քացախ ավելացնում:
Գայլուկի կոների փոշին ունի ախտահանող ու մանրէասպան հատկություն եւ կոչվում է գայլուկի ալյուր կամ բնագայլուկ, որից պատրաստված թթխմորը բարբառներում հաճախ կոչվում է խաշ: Ծաղիկներից պատրաստում են դրոժ` գարեջրի ու այլ խմիչքների արտադրության համար:
Անժելա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ