ԱՄՆ-ը շտապո՞ւմ է

22/10/2011

Տարածաշրջան հերթական այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են այն հարցերի լուծման հիմնական սկզբունքները եւ ուղիները, որոնք երկու կողմերը ձեւակերպել են Կազանում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Մինսկի խումբը միջոցներ է փնտրում` ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացը»,- ասել է դիվանագետը: «ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այսօր կարեւոր է ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ ապա անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջնական խաղաղ համաձայնությանն ուղղված բանակցություններին: Տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, ինչպես եւ անընդունելի է հակամարտության ռազմական կարգավորումը: Այդ իսկ պատճառով, կողմերը պետք է արագացնեն բանակցությունները»,- ասել է Բրայզան: Նաեւ հավելել է. «Պետք է արագացնել բանակցությունները: Ես տեսնում եմ, որ համանախագահող երեք երկրներն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դրանում: Պետք է արագորեն ավարտին հասցնել «հիմնարար սկզբունքները» եւ անցում կատարել մեծ համաձայնագրին։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է ռազմական ճանապարհով»: