Մեկ շաբաթ շարունակ քաղաքական շրջանակների քննարկման թիվ մեկ հարցը` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության թեման, այլեւս կարելի է համարել փակված: Կամ կարելի է առայժմ այդպես համարել:
«ԲՀԿ-ն, ինչպես եւ «Օրինաց երկիրը», շարունակում են մնալ ՀՀԿ-ի քաղաքական գործընկերները»,- երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ Շարմազանովի` ընդհանրապես կոալիցիայից ԲՀԿ-ին հեռացնելու մասին հարց չի քննարկվել: Ըստ Շարմազանովի` ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է հոկտեմբերի 30-ին ՀՀԿ-ի կողմից կազմակերպվելիք տնտեսական համաժողովի կազմակերպչական հարցերը:
Հիշեցնենք, որ հենց ՀՀԿ-ականներն էին տարբեր առանձնազրույցներում լուրեր տարածում, թե ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստում հայտարարություն է ընդունվելու ԲՀԿ-ի` կոալիցիայի կազմում մնալու նպատակահարմարության մասին: Թե ինչո՞ւ են իշխող կուսակցության ներկայացուցիչները նման լուրեր տարածում ու հետո` հերքում, ավելին` ԶԼՄ-ների վրա գցում ողջ մեղքը` առայժմ դժվար է ասել: Մեր տեղեկություններով, երեկվա նիստի ընթացքում որոշ ՀՀԿ-ականներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, նկատողություն են ստացել` նման լուրեր տարածելու եւ զարգացնելու համար: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Ս. Սարգսյանը երեկվա նիստը հրավիրել է հիմնականում այս թեման վերջնականապես փակելու եւ որոշ ՀՀԿ-ականների իրենց «տեղը հիշեցնելու» նպատակով: Այսինքն` հարցը ներկայացվել է այսպես. իրականում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակասություններ չկան եւ մեկ շաբաթ շարունակ քննարկման առարկա դարձած նյութն ընդամենը ապատեղեկատվության արդյունք էր, որը, ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ում կապում են վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Ըստ ՀՀԿ-ամերձ աղբյուրների, Տ. Սարգսյանն այդպիսով ցանկանում է իր համար ավելի նպաստավոր «քաղաքական նոր իրավիճակ ստեղծել»: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանն, արդեն մի քանի ամիս է, զբաղված է նաեւ իր նախկին կուսակցության` ԱԺՄ քառատված բեկորներն ի մի բերելու գործով, որպեսզի այն հետագայում ծառայեցնի որպես իր քաղաքական հենարան: Ավելին, նա որոշ մանր-մունր կուսակցությունների նկատմամբ որոշ ժեստեր է անում` նրանց իր կողմ գրավելու համար: ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրման մասին խոսակցությունները, ըստ նույն աղբյուրների, տեղավորվում են այդ տրամաբանության շրջանակներում, այսինքն` այդպիսով Տ. Սարգսյանը ցանկանում է իր «հենարան-նախագծի» համար քաղաքական ասպարեզում տեղ բացել: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նման լուրեր տարածելով` Տ. Սարգսյանը նպատակ է ունեցել ոչ միայն մասնատել կոալիցիան, այլեւ` որոշակի դիրք ունեցող ՀՀԿ-ականների դեմ արշավ սկսել: Եվ այդ «արշավին», կամա թե ակամա, մասնակցություն ունեցան նաեւ որոշ ՀՀԿ-ականներ, ովքեր այս օրերին տարբեր լրատվամիջոցներում իրար հակասող հայտարարություններ էին անում այս թեմայի շուրջ` հայտնվելով զավեշտալի իրավիճակներում: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դրանք հերթական անգամ ապացուցում են, որ իշխող կուսակցությունում` ՀՀԿ-ում, իրական տեղեկատվությանը տիրապետողներ գրեթե չկան: Նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում կուսակցության ներսում, ի՞նչ հարցեր են քննարկվում` օրակարգում կա՞ արդյոք կոալիցիային ԲՀԿ-ի անդամակցության նպատակահարմարության հարցը, թե՞ ոչ: Իսկ մյուս պատգամավորներին Տ. Սարգսյանն, ըստ էության, օգտագործեց, եւ նրանք ստիպված ամեն օր, մեկ` հերքում, մեկ` հաստատում էին իր կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը: «Երբ Տիգրան Սարգսյանի բուռը ՀՀԿ կրծքանշաններ էին տալիս ու ուղարկում մարզեր` բաժանելու, այդ ժամանակ պետք է մտածեին, որ նրան դրա իրավունքն էլ չպիտի տային: Հենց այդտեղից եկավ սխալը, ու Տ. Սարգսյանին թվաց, թե կարող է արդեն նաեւ ուղղորդել քաղաքական գործընթացները»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց հնաբնակ` բնականաբար ներկայանալ չցանկացող ՀՀԿ-ականներից մեկը: Նրա խոսքով` այն հրապարակումները, թե նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով հստակ երաշխիքներ տալ, որ 2013թ. նախագահական ընտրություններում կպաշտպանի իր թեկնածությունը, նույնպես կապված են Տ. Սարգսյանի անվան հետ: Այդպիսով` Տ. Սարգսյանը նպատակ ունի Սերժ Սարգսյանին «թասիբի գցել», որպեսզի վերջինս պարտադրի Գ. Ծառուկյանին նման հայտարարություն անել, հակառակ դեպքում` առաջարկելով դուրս գալ կոալիցիայից: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ` Տ. Սարգսյանը տեղյակ է, որ Գ. Ծառուկյանը դեռեւս նման հայտարարությամբ հանդես գալու մտադրություն չունի, ինչի մասին նա ասել էր դեռեւս փետրվարին: Եվ, քանի որ ՀՀԿ-ականները որեւէ ներքին ինֆորմացիայի չեն տիրապետում, Տ. Սարգսյանը նրանց կարողացել է բավական հեշտությամբ օգտագործել: ՀՀԿ-ական պատգամավորներն էլ` նկատելով, որ տեղեկատվության այդ արտահոսքը եղել է Տ. Սարգսյանի որոշ համախոհների կողմից, մտածել են, թե այն պետք է ընդունել որպես «մեսիջ» եւ լայն շրջանառության մեջ դնել: Եվ երեկ ՀՀԿ ԳՄ նիստում, մեր տեղեկություններով, նկատողությունների որոշակի չափաբաժին է հասել նաեւ այս օրերին այդ թեմայի շուրջ մեկնաբանություններ եւ կանխատեսումներ անող պատգամավորներին, այդ թվում` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Նրան հանձնարարվել է նաեւ հետեւել խմբակցության պատգամավորների, այդ թվում` ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հայտարարություններին, որպեսզի բացառվեն հատկապես կոալիցիոն գործընկերների վերաբերյալ ոչ «գործընկերային հայտարարությունները»:
Հ.Գ. Բացառված չէ, որ կատարվածի վերաբերյալ վերը նշված տեղեկությունները եւս տարածվում են որոշակի շրջանակների կողմից` որոշակի նպատակներով: Ավելին` գուցե դրանք ստեղծված իրավիճակը այլ կերպ ներկայացնելու խնդիր են լուծում` մինչ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների վերջնական հստակեցումը: Համենայնդեպս, կողմերից ոչ մեկը հրապարակային եւ վերջնական մեկնաբանությամբ հանդես չի գալիս, եւ բնական է, որ դեռեւս շարունակվելու են կուլիսային գործընթացների վերաբերյալ ամենատարբեր տեղեկություններ շրջանառվել: Իրական եւ մտացածին: