2013թ.-ին՝ 100 դոլարից էժան սմարթֆոններ

22/10/2011

Հարյուր դոլարից էժան սմարթֆոններ կսկսեն արտադրվել 2013թ.-ին։ Այս մասին ասել է Arm Holdings-ի գլխավոր տնօրեն Ուորեն Իսթը` ընկերության Cortex A7 նոր չիպը ներկայացնելիս։ Ըստ «Վեդոմոստիի»` նոր չիպը 5 անգամ փոքր եւ նույնքան արդյունավետ է անալոգներից, եւ շուկայում կհայտնվի առաջիկա երկու տարում։ Իսթը ոչինչ չի ասել նոր չիպի գնի մասին, սակայն հայտարարել է, որ սմարթֆոնների գների նվազման շնորհիվ` եւս 1 մլրդ մարդ կմիանա ինտերնետին։ Սմարթֆոններն առանց այդ էլ արագ են էժանանում` շուկայից դուրս մղելով սովորական բջջային հեռախոսները։ Gartner-ի տվյալներով, համաշխարհային շուկայում սմարթֆոնների բնեղեն վաճառքների ծավալներն այս տարվա յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա համապատասխան եռամսյակների համեմատ աճել են 75-85%-ով, իսկ բաժինն անցել է 25%-ից։ Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինի կանխատեսմամբ` 2010թ.-ի առաջին կիսամյակում սմարթֆոնների բաժինը բջջային սարքավորումների ռուսաստանյան շուկայում կկազմի 30-33%, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 2010թ.-ի առաջին կիսամյակում 9% էր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 18%։