Ատոմակայանի 158 աշխատակից ազատվել է աշխատանքից

22/10/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ օրվա երկրորդ կեսից Հայաստանի ատոմակայանի տնօրինությունը սկսել է ստորագրել ատոմակայանի 158 աշխատակիցների` աշխատանքից ազատման դիմումները:

«Խայտառակ վիճակ է տիրում: Ժամը ուղիղ 17:00-ից սկսել են դիմումների ստորագրումը: Ընդ որում` ոչ միայն 158 աշխատակիցների, նրանց են միացել նաեւ ատոմակայանի ինժեներատեխնիկական անձնակազմը` երեկվա դրությամբ աշխատանքից ազատման 150 դիմում է մակագրվել, 7-8 հոգու դիմում չեն մակագրել` պատճառաբանելով, թե նրանք գտնվում են արձակուրդում»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց ատոմակայանի աշխատակիցներից Արայիկ Գեւորգյանը, ում ազատման դիմումը դեռ չեն մակագրել: Ըստ վերջինիս` երեկ եւս 20 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մարտին Հայաստանի ատոմակայանի աշխատակիցները նամակներով դիմել էին ՀՀ Կառավարությանը` աշխատավարձերը բարձրացնելու պահանջով, սակայն վերջիններիս դիմում-պահանջները, մեղմ ասած` անուշադրության մատնվեցին: Իսկ մեկ ամիս առաջ ատոմակայանի 158 աշխատակից դիմում էր գրել ատոմակայանի տնօրինությանը աշխատանքից ազատման համար: Հոկտեմբերի 20-ին լրացավ 158 աշխատակիցների` աշխատանքից ազատման դիմում գրելու 30-րդ օրը: Աշխատակիցները երեք օր շարունակ բողոքի ալիք էին բարձրացրել ատոմակայանի հարեւանությամբ: Եռօրյա բանակցային շոուները, սակայն, որեւէ օգուտ չտվեցին: «Երեկ առավոտյան ատոմակայանի աշխատակիցները, ովքեր մեկ ամիս առաջ դիմում էին ներկայացրել տնօրինությանը, կանգնել էին ատոմակայանի դիմաց` սպասելով տնօրինության արձագանքին, բայց ոչ մի բան տեղի չունեցավ, ուղղակի մինչ կեսօր լուր տարածվեց, թե ՀՀ էներգետիկայի փոխնախարարն է գալիս ատոմակայան»,- ասաց ատոմակայանի հերթափոխի աշխատակից Ա. Գեւորգյանը` ավելացնելով, որ փոխնախարարի հետ խոսելու նպատակով ատոմակայանի բակ էին դուրս եկել բոլոր հերթափոխների աշխատակիցները: Ատոմակայանի աշխատակիցների փոխանցմամբ` դրանից հետո պարզվել է, որ փոխնախարարի այցելության լուրը սուտ էր, փոխարենը ատոմակայանի կենտրոնական վերանորոգման արտադրամասից ներկայացրել են աշխատակիցների ցուցակ, ըստ որի` իրենք եւս կներկայացնեն աշխատանքից ազատման դիմում, եթե ատոմակայանի աշխատակազմից որեւէ մեկն աշխատանքից ազատվի: Աշխատակիցների փոխանցած տեղեկություններով` երեկ տնօրինությունը կրկին կազմակերպել էր բանակցություն, որը, ըստ նրանց, ճիշտ կլիներ որակել որպես համոզման գործընթաց: Աշխատակիցների ասելով` այդ գործընթացն ուղղված էր ատոմակայանի այն աշխատակիցներին, ովքեր ներկայացրել էին աշխատանքից ազատման դիմումներ: Ընդ որում` երեկ ատոմակայանի ներկա աշխատակիցներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ տնօրինության եւ աշխատակիցների միջեւ բանակցությունները հաջողությամբ են ընթանում, եւ տնօրինությունը խոստացել է ատոմակայանի պահուստային ֆոնդից որոշակի գումարներ տրամադրել դիմումատու-աշխատակիցներին, ինչը քիչ անց աշխատակիցներից ոմանք հերքեցին: «Դա ընդամենը խոսակցություն է, արտադրամասերի պետերի առաջարկը, ըստ որի` ազատման դիմում գրողների աշխատավարձերը բարձրացնել 30-50 հազար դրամով այն պայմանով, որ նրանք ընդունեն հերթափոխը, եւ գոնե հերթափոխն աշխատի, բայց դա ընդամենը առաջարկ էր, որը որեւէ արդյունք չունեցավ»,- ասացին ատոմակայանի աշխատակիցները` ավելացնելով, որ տնօրինությունը ստորագրել էր մեկ հերթափոխի աշխատակիցների դիմումները, որից հետո դիմումատուներին միացան մյուս հերթափոխի աշխատակիցները: «Աշխատանքից ազատման դիմումն արդեն մակագրվել է: Մենք աշխատավարձերի բարձրացման համար դիմել էինք դեռ 6 ամիս առաջ, բայց ոչ մի արդյունք չստացանք: Տնօրինությունը մեզ առաջարկեց հունվարի 1-ից աշխատավարձը բարձրացնել 10 տոկոսով, որը մեզ ձեռք չէր տալիս: Մի գործ կգտնենք: Տնօրինության ասելով` ատոմակայանն առանց ազատված աշխատակիցների չի կարողանալու շահագործվել: Իսկ այս մասին թող իրենք մտածեն»,- նշեց ատոմակայանի ռեակտորային հերթափոխի նախկին պետ Արտաշես Գեորգինովը: «Հարցի լուծում չկա: Ատոմակայանի հիմնական անձնակազմը ստանում է 150.000 դրամ, իսկ օրեցօր սննդի գներն աճում են, ու մենք ուղղակի էդ գումարով ընտանիք չենք կարող պահել: Մարտից սկսած նամակներով դիմել ենք ՀՀ նախագահին, վարչապետին` խնդրելով օգնել մեզ, ասելով, որ մեր վիճակը վիճակ չի, չենք կարողանում յոլա գնալ»,- շարունակեց Արայիկ Գեւորգյանը` միաժամանակ ընդգծելով, որ ատոմակայանը հասարակ էլեկտրացանց չէ, որ անջատել-միացնելով աշխատի: «Պարզապես ուզում էին փափուկ բարձ դնել մեր գլխին, որ` եկեք-աշխատեք, մենք հնարավորություն չունենք: Տարիներ շարունակ այդ վիճակն է մեզ մոտ: Մեր աշխատողներից շատերը` պատրաստի մասնագետներ, լքեցին ատոմակայանը` աշխատանքի ընդունվելով Իրանի Իսլամական Հանրապետության նորակառույց ատոմակայանում»,- ասացին աշխատակիցները` նկատելով, որ իշխանությունների կողմից որեւէ արձագանք այդպես էլ չստացան: Ընդ որում` հետաքրքիր է այն հանգամանքը, որ երեկ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվության հետ կապերի պատասխանատու Լուսինե Հարությունյանը մեզ պատասխանեց, թե տվյալ պահին ընթանում են բանակցություններ, եւ իրենք տեղեկատվություն կտրամադրեն իրավիճակը որոշակի դառնալու դեպքում: Մեր այն հարցին, թե ի՞նչ բանակցություններ են ընթանում, Լ. Հարությունյանը պատասխանեց. «Փորձում են ընդհանուր ճանապարհներ գտնել խնդիրը լուծելու համար: Աշխատանքից ազատվելն այդքան հեշտ չէ: Մարդը չի կարող այդքան հեշտությամբ աշխատանք կորցնել: Բանակցությունները դեռ շարունակվում են, եւ երբ լինեն աշխատանքից ազատվածներ, իրավիճակը որոշակիացվի, մենք կներկայացնենք թիվը»: ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվության պատասխանատուի ասելով` նախարարության քայլն այն է, որ տնօրինությունն ու աշխատակիցները գտնեն ընդհանուր լեզու, ճանապարհներ: Երեկ կեսօրից հետո մենք կրկին զանգահարեցինք նախարարություն` «բանակցությունների» արդյունքի մասին հստակ տեղեկատվություն ստանալու համար, սակայն նախարարությունում այդպես էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին: Ի դեպ, երեկ առավոտից մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանից, ով նշեց, որ ինքը զբաղված է եւ չի կարող պատասխանել: Թե ի՞նչ կլինի ատոմակայանի վերագործարկման հարցը, դժվար է ասել: Աշխատակիցների ասելով` ատոմակայանի` սեպտեմբերի 5-ից սկսած պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, ըստ որոշ աղբյուրների, ՀՀ Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն արգելել է ատոմակայանի վերագործարկման հարցը` համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: «Ատոմակայանի տնօրինությունը մեզ դեռ չի դիմել վերագործարկման համար: Ըստ կարգի` ատոմակայանը պետք է դիմի մեզ, ներկայացնի անհրաժեշտ հիմնավորումներ, որ սարքավորումներն ու անձնակազմը պատրաստ են թողարկման, մենք էլ կանցկացնենք տեսչական ստուգում, եթե դրական լինի արդյունքը, թույլ կտանք, որ ատոմակայանը թողարկվի, բայց ատոմակայանը նման հայտ մեզ չի ներկայացրել»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, թե ատոմակայանի վերագործարկումն արգելվել է համապատասխան մասնագետների բացակայության պատճառով, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ նման հարց դրել են ատոմակայանի տնօրինության առջեւ: «Մինչեւ անձնակազմն ամբողջ քանակով եւ համապատասխան որակավորման ապահովված չլինի, ատոմակայանի թողարկումը չի թույլատրվելու»,- նկատեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը: Հարցին, թե մասնագետների բացակայությունը կարո՞ղ է հանգեցնել ատոմակայանի աշխատանքների սառեցման, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Դրանք խոսակցություններ են, որոնք ոչ մի հիմք չունեն»: Նշենք, որ Հայաստանի ատոմակայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 1 Կվտ-ի վաճառքի գինը 8 դրամ է, իսկ սպառողին այն վաճառվում է 30 դրամով: Թե ի՞նչ կլինի ատոմակայանի ճակատագիրը, դժվար է ասել, բայց մեկ անգամ չէ, որ ատոմակայանի տնօրինությունը հայտարարել է գումարներ չունենալու մասին, ավելին` որոշ աղբյուրների համաձայն` ատոմակայանի ղեկավարությունը դիմել է Կառավարությանը` խնդրելով 1 դրամով ավելացնել էլեկտրաէներգիայի բացթողնման գինը, ինչը կբավականացնի ոչ միայն աշխատավարձերի բարձրացման, այլեւ` ատոմակայանի կարիքները հոգալու համար: Իսկ Կառավարությունն իր հերթին շարունակում է պնդել, որ աշխատավարձերի բարձրացման համար գումար չկա` որդեգրելով իրեն խիստ բնորոշ միջնորդի կամ «կողքից» նայողի դերը: