Սիրթում գերի ընկած` Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի անվտանգության ղեկավար Մանսուր Դաուն «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Քադաֆիի կյանքի վերջին ամիսների մասին: Նրա խոսքերով` Քադաֆին Տրիպոլիից Սիրթ էր տեղափոխվել դեռեւս օգոստոս ամսին, քանի որ այնտեղ նա մեծ թվով համախոհներ ուներ: Դաուն հերքել է այն լուրերը, թե Քադաֆին Սիրթի բնակիչներին օգտագործում էր որպես կենդանի վահան: Նա պատմել է, որ երբ ԱԱԽ զորքերը մոտեցել են Սիրթին, բնակիչները լքել են քաղաքը, եւ ոչ ոք նրանց չի խանգարել: Դաուի խոսքով` անվտանգության նկատառումներից ելնելով, Սիրթում Քադաֆին հաճախակի փոխում էր իր ապաստարանը: «Նա անհանգստանում էր տեղի ունեցող իրադարձությունների համար, սակայն չէր վախենում»,- հայտարարել է Քադաֆիի անվտանգության ղեկավար Մանսուր Դաուն: Նրա հավաստմամբ` վերջին օրերին Քադաֆիի կողմնակիցները ոչ մեծ խմբերով փորձել են դուրս գալ քաղաքից: Ըստ Դաուի` Քադաֆին այդ ժամանակ նրանց հետ է եղել, սակայն կրակոցից հետո կորցրել է գիտակցությունը, ուստի չգիտի, թե դրանից հետո ինչ է եղել Քադաֆիի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Սիրթը գրավելուց հետո Լիբիայի նոր իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին: Երեկ համացանցում տեղադրված էր այն տեսագրությունը, որտեղ ապստամբները սպանում են Քադաֆիին: Արաբական «Ալդուալիա» կայքի տեղեկություններով` Քադաֆին ձերբակալվել է Սիրթ քաղաքի նվաճման ժամանակ, երբ նա արդեն երկու ոտքից, ինչպես նաեւ` գլխից վիրավոր էր: «Վիրավորված լինելով հանդերձ` Քադաֆին, թաքնվելու նպատակով, կարողացել էր սողալով Սիրթ քաղաքի թունելին հասնել»,- գրում է կայքը: Կայքի աղբյուրը հայտնել է, որ Քադաֆիի ձերբակալողները նրան կենդանի են բռնել, ապա սկսել են վիճել` ինչպես վերջ տալ նրա կյանքին: Ոմանք ցանկացել են այլանդակել բռնակալին, մյուսները` կենդանի թողնել: Կայքը հրապարակել է նաեւ վերջին րոպեների տեսանյութը: Ըստ կայքի` Քադաֆին նույնիսկ հասցրել է դիմել իր հայրենակիցներին` ասելով. «Զավակներս, ինձ սպանում եք, դուք մեղք եք գործում: Ես Քադաֆին եմ, ձեր առաջնորդը»: Սակայն, ըստ կայքի` ապստամբները նրան խեղդամահ են արել: