Բուժիչ նամակներ

21/10/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Սիսեռ

Pisum sativum. ոլոռ մշակովի, թիթեռնածաղկավորների ընտանիքի (Viciaceae = Fabaceae = Papilionaceae) բույս է։ Այս ընտանիքի մաս կազմող բույսերը բաժանվում են մոտ 10.000 տեսակի եւ 300 կարգի։ Կա կարծիք, որ ոլոռ մշակովիի հայրենիքը Փոքր Ասիան է, հնարավոր է` ոլոռի մշակովի տեսակները առաջացած լինեն ոլոռ անտառայինից (Vicia sylvatica), որը նախընտրում է բերրի, պարարտանյութերով եւ կալցիումով հարուստ հողերը` հաճարենու անտառներին բնորոշ բույս է։

Ոլոռ ցանովիի որոշ մշակովի տեսակներից ստանում են կանաչ ոլոռը եւ նրա սերմերը, որոնցից պատրաստում են պահածոներ, այն գնելիս ուշադրություն դարձրեք, որ պատրաստված լինի տարվա երկրորդ եռամսյակում եւ բաղադրության մեջ բացի ոլոռից լինի միայն ջուր, շաքար եւ աղ։ Մեծ արտադրական նշանակություն ունի ձիաոլոռը (Faba vulgaris = Vicia faba), որն օգտագործվում է որպես անասնակեր։ Հայաստանի միջին լեռնային գոտու բնական պայմաններում հանդիպում է ոլոռ բուրումնավետը (hathyrus odoratus), որը աչքի է ընկնում հրաշալի բուրմունքով, նրբերանգ ծաղիկներով եւ բուժիչ հատկություններով, սերմերը տափակ են։

Այսօր մենք կխոսենք սիսեռի բուժիչ հատկություններին մասին, որը հայկական լեռնաշխարհին բնորոշ բույս է, մեր նախապապերը հնագույն ժամանակներից օգտագործել են բոված ոլոռի փոշու եփուկը։ Այսպիսի «սուրճը» պարունակում է զգալի քանակությամբ նիկոտինաթթու (PP վիտամին), որը բնորոշ է նաեւ սեւ սուրճին։

Սիսեռի սննդային արժեքը շատ բարձր է. 100 գրամ չոր հումքի կալորիականությունը մոտ 350 կկալ է, այն պարունակում է մոտ 5,5 գ սպիտակուց, 0,5 գ ճարպ, 15գ օսլա, 6 գ բարդ շաքարներ։ Սիսեռը հարուստ է կալիումով (870 մգ), ֆոսֆորով (330 մգ), կալցիումով (115 մգ), մագնիումով (107 մգ), այս մակրոտարրերի հարաբերակցությունը շատ կարեւոր ցուցանիշ է մարդու օրգանիզմի համար։

Կարեւոր է իմանալ, որ ավելի բարենպաստ հարաբերակցություն ունեն յուղալի կաթնաշոռը, ֆնդուղի պտուղը, բազուկը, կաղամբը, գազարը, պրասասոխը։ Բարենպաստ է նաեւ նատրիումի եւ կալիումի հարաբերակցությունը (1։26), լավագույնը` կարտոֆիլի մեջ (1։20)։

– Սիսեռը պարունակում է նաեւ մի շարք միկրոտարրեր` երկաթ (1,5 մգ), ցինկ (4,2 մգ), պղինձ (0,75 մգ), կոբալտ (13,1 մկգ), յոդ եւ այլ։

– Վիտամիններ B1, B2, B3 (2-3 մգ), B5, B6, B9 (65 մկգ), E, C, կարոտին, ամինաթթուներ (լիզին, լեցիտին, տրիպտոֆան)։

Այս սննդամթերքը խորհուրդ է տրվում սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։

Դեղատոմսեր

Հիշողությունը լավացնող միջոց. Օրը մի քանի անգամ (2-5) կերեք մեկական թ/գ ջրում թրջած չոր սիսեռ։

Քարեր միզապարկում եւ երիկամներում. Թրմեք 1 թ/գ չոր սիսեռը կամ 1 ճ/գ պատիճը 200 մլ եռջրում, խմեք, երբ գոլանա։

Այրոց. Ուտելուց առաջ դանդաղ ծամեք մի քանի սիսեռի հատիկ։

Հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող միջոց. Նախաճաշին կերեք 3-4 ճ/գ կանաչ ոլոռ, կարելի է, նաեւ պահածոյացված։

Միզամուղ. Մանրացրեք ծաղկման շրջանի սկզբում հավաքած սիսեռի (ոլոռի) ցողունը եւ տերեւը։ Հումքի 2 ճ/գ-ն 3 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 4-5 անգամ, սնվելուց առաջ։

Մաշկային ցան. Դրեք թրջոցներ ոլոռի թարմ (կամ չոր) պտուղից, պատիճից պատրաստված թուրմով։

Չիբան

– Ոլոռի ալյուրին հետզհետե ավելացրեք եռջուր, այնպես, որ ստացվի խիտ զանգված։ Դրեք այն եռատակ թանզիֆե պարկիկի մեջ եւ տեղադրեք վերքի վրա։ Ունի փափկեցնող, ներծծող հատկություն։

– Տրորեք թարմ կանաչ ոլոռը, խառնեք 1 ձվի դեղնուցի հետ։ Շիլան օգնում է որոշ մաշկային հիվանդությունների` թարախային վերքերի, կապտուկների, կորյակների բուժմանը։

Գեղարարություն

Դեռեւս Հին Հռոմի կանայք սիսեռի ալյուրն օգտագործել են գեղարարական միջոցների մեջ, պահպանվել է հետեւյալ դեղատոմսը.

– Խառնեք կանաչ սիսեռի ալյուրը եւ կաթի սիճուկը (1։1), պահեք դեմքին 10 րոպե։ Չորացրած խառնուրդը մաքրեք բամբակով։ Լվացեք տաք, ապա սառը ջրով։ Այս «հռոմեական» կոչվող դիմակը մաքրում, հարթեցնում եւ սպիտակեցնում է մաշկը, դարձնելով այն նուրբ թավշյա եւ առաձգական։

– Չոր սիսեռի ալյուրը կարող եք փոխարինել տրորած թարմ կանաչ ոլոռով` ավելացնելով կես թ/գ կիտրոնի հյութ։

Ոլոռի գեղարարական հատկությունները կարող եք օգտագործել մաշկը սնուցելու, մաքրելու, նաեւ զանազան բնույթի կորյակների բուժման համար։

Մաքրող դիմակներ

Ճարպոտ մաշկ. Փոշիացրեք չոր սիսեռը, ավելացրեք 1 ձվի հարած սպիտակուց եւ 1 թ/գ մեղր այնպես, որ ստացվի համասեռ զանգված։ Պահեք դեմքին 20 րոպե, լվացեք գոլ ջրով։

Չոր մաշկ. Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 1 թ/գ բարձր յուղայնությամբ սերուցք եւ սիսեռի ալյուր։

Նորմալ մաշկ

– Խառնեք 1 ձվի դեղնուցը, մեղրը եւ սիսեռի ալյուրը։

– Խառնեք 2-ական ճ/գ սիսեռի ալյուրը եւ թթվասերը, 1 թ/գ ձիթապտղի յուղը։ Քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին։ Կես ժամից մաքրեք դեմքը կաթի մեջ թրջած բամբակե խծուծով, որից` 10 րոպե անց (ոչ ավելի) լվացեք տաք ջրով։ Դիմակն ունի մաշկը հարթեցնող, երիտասարդացնող հատկություն։

– Խառնեք 2-ական ճ/գ սիսեռի ալյուրը եւ քամած մածունը։ 20 րոպեից հանեք ձիթապտղի յուղով թրջված բամբակե խծուծով, 10 րոպե անց լվացեք տաք ջրով։ Դիմակն ունի մաշկը հարթեցնող եւ առաձգականությունը լավացնող հատկություն։

Ցանկացած տեսակի մաշկի համար. Եփեք թարմ կանաչ ոլոռը, տրորեք։ Շիլայատիպ զանգվածին ավելացրեք 2 թ/գ սերուցք (կամ կաթ) մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Մաքրեք 15 րոպե անց։

Չոր մաշկի դեպքում դիմակը հանգստացնում է գրգռվածությունը եւ դարձնում առաձգական, իսկ ճարպոտ մաշկից հեռացնում փայլը։

Պիլինգ. Սիսեռի ալյուրին խառնեք մի փոքր ջուր կամ ձեր մաշկին համապատասխան որեւէ այլ հեղուկ բաղադրամաս։ Ստացված համասեռ զանգվածով կատարեք մերսում` 2-3 րոպե տեւողությամբ։ Այս գործողությունից հետո մաշկի վրա հնարավոր է «այրոցի» զգացում եւ կարմրածություն լինի։ Որոշ ժամանակ անց, սակայն, կատարեք կնճիռների հարթեցում։ Մաշկը կդառնա ավելի նուրբ, կավելանա թթվածնի ներգործությունը։