Մինչ առաջիկա օրերին կհստակեցվեն Հանրապետական (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները, իշխանական վերնախավում քննարկվում են այն զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Ըստ ամենահավանական համարվող վարկածներից մեկի` ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու քայլին կհետեւեն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ: Իշխանական կուլիսներում քննարկվող այդ սցենարի համաձայն, մասնավորապես, առաջին հերթին «հրաժարական» կտա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնանկ կարվի կամ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով կտեղափոխվի այլ աշխատանքի, ամենայն հավանականությամբ` Ռուսաստանում: