Ինչպես արդեն տեղեկացրել ենք` կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել հարկային օրենսդրության փոփոխությունների մի փաթեթ, որը նախատեսում է մի շարք հարկատեսակների դրույքաչափերի եւ, ընդհանուր առմամբ, հարկային բեռի ավելացում: Այդ մասին նախօրեին խոստովանել է անգամ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` իհարկե փորձելով համոզել, թե դա ոչ այնքան հարկային բեռի փոփոխություն է լինելու, որքան «ճշգրտում»: Իրականում այդ փոփոխությունները կարելի է կրճատ անվանել «հակային տեռոր», եւ թերեւս հենց դրանով է պայմանավորված այն գաղտնիությունը, որով պատված է օրենսդրական այդ փաթեթը: Ոչ կառավարությունում, ոչ ԱԺ-ում որեւէ մեկը ռիսկ չի անում խոսել այդ փաթեթում ներառված փոփոխությունների մասին: Այդուհանդերձ, որոշակի մանրամասներ արդեն հայտնի են, եւ դրանք, մեղմ ասած, տխուր հետեւանքներ կարող են ունենալ տնտեսության համար: Մեր տեղեկություններով, հարկային նոր փաթեթը նախատեսում է 10-ից ավելի հարկատեսակների, տուրքերի, բնօգտագործման եւ բնապահպանման ու այլ վճարների բարձրացում: Կառավարությունը նախատեսել է, օրինակ, 50 տոկոսով բարձրացնել տեղական արտադրության գինու եւ գարեջրի ակցիզային հարկը: Մեկ այլ փոփոխության համաձայն, պարտադիր սոցիալական ապահովության նվազագույն վճարը 7000-ից դառնալու է 9000 դրամ: ԱԱՀ դեպքում նախատեսվում է չեղյալ հայտարարել գործող այն արտոնությունները, որոնք կիրառվում էին խոշոր ներդրումների նպատակով արվող տեխնիկական ներմուծումների նկատմամբ: Հարկային փոփոխությունները, սակայն, այդքանով չեն սահմանափակվելու, եւ մյուս մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում: Թե ում մտքով է անցել նման փոփոխություններ նախաձեռնել, առավել եւս` ընտրությունների նախաշեմին, դժվար է ասել: Իրականում այս փոփոխություններով լուծվում է ընդամենը մեկ խնդիր` ապահովել հաջորդ տարվա բյուջեի 101 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտները, ինչի մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պարզ է, որ իշխանական քարոզչությունն այս փոփոխությունները ներկայացնելու է` որպես «խոշոր բիզնեսի եւ ստվերային տնտեսության դեմ պայքար», սակայն ակնհայտ է, որ այս փոփոխություններից տուժելու է ոչ թե օղի կամ գարեջուր արտադրող օլիգարխը, այլ շարքային սպառողը: Ավելին` հարկային դրույքաչափերի փոփոխության անվան տակ մի քանի իշխանական խոշոր գործարարներ կարող են ավելացնել իրենց գերշահույթները` նախընտրական ծախսերը հոգալու նպատակով: Խնդիրը, սակայն, այն է, որ նման փոփոխություններով նախընտրական տարի մուտք գործելու դեպքում` իշխանությունները լավագույն դեպքում կարող են հայցել ընտրողների ոչ թե ձայնը, այլ ներողամտությունը, որով, որքան հայտնի է, ԱԺ-ում մանդատներ չեն ապահովվում: Իսկ ավելի լայն իմաստով, այսպիսով վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջնականապես կիրագործի Հայաստանի Հանրապետությունը Հայկական աշխարհի վերածելու իր տեսլականը` դառնալով իրական Հայաստանի` վերջին, եւ վիրտուալ Հայաստանի` մշտական վարչապետը: Կամ որեւէ այլ պետ: