Վարչապետը կասկածո՞ւմ է

20/10/2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ հանդես գալով Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստում, ասել է. «Այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է»: «Եթե 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ հարվածեց շինարարության ոլորտի միջոցով, որտեղ արձանագրվեց 43 տոկոս անկում, ապա այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է: Պետք է հասկանալ, թե ինչպես այն կկարողանա հարվածել մեր տնտեսությանը: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ տեղի ունեցած մեր խորհրդակցությունները չեն տալիս այն հարցի հստակ պատասխանը, թե համաշխարհային տնտեսության հնարավոր վատթարացումն ինչպե՞ս կազդի մեր տնտեսության վրա: Հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե հաջորդ տարի կհաջողվի՞ մեզ ապահովել ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ: Առաջին հերթին` դա կապված է ներդրողների սպասումների եւ Հայաստան ուղղվող տրանսֆերտների մակարդակի հետ»։

Վարչապետի մտահոգությունն ու դրա մասին բարձրաձայնելն արտառոց է այն առումով, որ ընդամենը 10 օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հակառակն էր ասում։ Հիշեցնենք, որ Ջերմուկում կայացած Հայաստանի գյուղատնտեսական համայնքների ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում Ս. Սարգսյանը նշել էր, որ պետք չէ խտացնել իրավիճակը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր կրկնության վերաբերյալ տեղեկություններով: Նախագահն այդ խոսքերով հեռակա պատասխանել էր Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապիին, ով հայտարարել էր, որ հայկական տնտեսության համար ռիսկերից մեկը մնում է եվրագոտում առկա անկայունությունը: Պատասխանելով նրա հայտարարությանը` Հայաստանի նախագահը նշել էր, որ ճգնաժամի երկրորդ ալիքի մասին խոսել դեռ վաղ է: «Դեռ շուտ է խոսել այն մասին, որ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները վերածվել են ճգնաժամի երկրորդ փուլի: Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք սովոր ենք աշխատել ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին»,- ասել էր Ս. Սարգսյանը։

Փաստորեն, գույները խտացնելու առաքելությունը ՀԲ-ի փոխարեն իր ձեռքն է վերցրել Տ. Սարգսյանը։ Սակայն առավել զարմանալի է ոչ թե այս թեթեւ հակասությունը, այլ հետեւյալը՝ եթե վարչապետն ինքը վստահ չէ, որ կունենանք 4% աճ եւ մտահոգված է ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքով, ինչպե՞ս է Հայաստանի բնակչությանը հավաստիացնում, որ կարելի է առանց ցնցումների հավաքագրել 101 միլիարդ դրամով ավելի հարկեր, մեծ մասը՝ հենց տնտեսական աճի հաշվին։ Ստացվում է, որ մեր կառավարությունը տնտեսական աճի հաշվով վստահ չէ, բայց «կլպելու» կարողությունների հարցում ոչ մի կասկած չունի։