– Հայաստանն, ըստ էության, գրեթե քսան տարի ապրում է տնտեսական շրջափակման մեջ: Ինչպե՞ս է երկրին հաջողվում գոյատեւել:
– Դուք ճիշտ եք` գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային ինտեգրացիոն ինտենսիվ գործընթացների դարաշրջանում դեպի ծով ուղղակի ելք չունեցող երկրի համար հեշտ չէ զարգանալ երկու անմիջական հարեւանների հետ փակ սահմանների պայմաններում: Դա բացասաբար է ազդում ինչպես մեր երկրի տնտեսության, այնպես էլ` ողջ տարածաշրջանի լիարժեք զարգացման վրա: Բաքվի ու Անկարայի համակարգված հակահայկական, հակաիրավական քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային ինտեգրացիային, հանգեցնում է տարածաշրջանի մասնատմանն ու խոչընդոտում է Հարավային Կովկասում ամուր խաղաղության ու կայունության հաստատմանը: Դա լրջագույնս խոչընդոտում է մեր արտադրողների մրցունակությանը: Մեր արտահանողները ստիպված են լրացուցիչ ջանքեր ու միջոցներ ներդնել շրջափակման հետ կապված վնասների փոխհատուցման ու խնդիրների լուծման համար: ՀՀ տնտեսությունը համապատասխան կերպով ադապտացվել է` կենտրոնանալով տեղափոխման մեծ ծախսեր չպահանջող ապրանքների արտադրության վրա. օրինակ, մշակված թանկարժեք քարերը, ոսկերչական ապրանքները, տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումները: Նույնը կարելի է ասել այն ապրանքների մասին, որոնց արտահանման դեպքում գնային մարժան բավականին բարձր է, օրինակ, պղինձն ու մոլիբդենը: Տնտեսական աճին հատկապես նպաստել են չարտահանվող ոլորտները, այդ թվում` շինարարությունն ու ծառայությունների ոլորտը: Ոչ քիչ կարեւորություն ունի զբոսաշրջությունը. տարեցտարի աճում է օտարերկրյա այն զբոսաշրջիկների քանակը, ովքեր ցանկանում են այցելել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն ու դիտել Բիբլիական Արարատը: Հայաստանում ինտենսիվ զարգանում են զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքները: Ներդրումների ներգրավման հարցում քիչ դեր չունի հայկական սփյուռքը: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ադրբեջանա-թուրքական շրջափակմամբ հետապնդվող նպատակները ոչ միայն չիրականացան, այլեւ երբեք չեն էլ իրականանալու:
– Ինչպե՞ս երկիրը հաղթահարեց ճգնաժամը: Արդյոք վերականգնվե՞լ է տնտեսական աճը:
– 2008-2009թթ. փորձություն էին բոլոր երկրների տնտեսությունների համար` անկախ նրանց զարգացվածության աստիճանից: Հայաստանը տնտեսական առաջին ալիքին կարողացավ դիմակայել արդյունավետ ֆինանսական հսկողության եւ տնտեսության ֆինանսական հատվածում, այսպես կոչված, «տաք փողերի» բացակայության շնորհիվ: Բայցեւայնպես Հայաստանին, ինչպես եւ շատ երկրների, չհաջողվեց խուսափել տնտեսական ճգնաժամի ազդեցությունից: Նախորդող տարիների ՀՆԱ կայուն աճի ֆոնին 2009թ. տնտեսական անկում գրանցվեց: Դա հիմնականում պայմանավորված էր արտաքին ֆինանսական հոսքերի ու ներդրումների կրճատմամբ: ՀՀ կառավարությունը օպերատիվ կերպով մի շարք գործողություններ իրականացրեց: Իրավիճակը կարգավորելու նպատակով հակաճգնաժամային քաղաքականության փաթեթում ներկայացվեցին գլխավորապես չորս ուղղություն: Առաջին հերթին, դա արդյունավետ դրամա-վարկային եւ ֆիսկալ քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության վերականգնումն էր, իրական հատվածի ուղղակի օժանդակությունը` արտահանման եւ նորարարական ներուժ ունեցող ընկերություններին սատարելու միջոցով, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացումն ու հաղորդակցությունների, հիդրոէներգետիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: Այսօր մենք կարող ենք ասել, որ ճգնաժամի այդ փուլը հաղթահարված է: Տնտեսության շատ ճյուղերում դրական դինամիկա է նկատվում: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ ու ծրագրեր` ուղղված առավել արդյունավետ տնտեսական համակարգի ձեւավորմանը, որն ունակ կլինի հետճգնաժամային մարտահրավերներին համարժեք արձագանքել:
– Հայաստանի համար այսօր տնտեսության ո՞ր ճյուղերն են հիմնական: Ինչպիսի՞ն է երկրի տնտեսական ներուժը:
– Ժամանակակից ու մրցունակ տնտեսություն զարգացնելու մեր քաղաքականությունը հիմնված է արտադրական ներուժի արդիականացման, գործարար միջավայրի հետեւողական բարելավման, արտաքին առեւտրի ընդլայնման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման, գիտական ներուժի վերարտադրման վրա: Մեծ ուշադրություն է հատկացվում վերամշակող արդյունաբերությանը: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ներդրումներ ներգրավելու եւ արտահանումը խթանելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում, այդ թվում` հարկային արտոնությունների տեսքով, այն ընկերություններին, որոնք նորարարական ներուժ ունեն, օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ: Նոր ռազմավարության շրջանակներում պետությունն օժանդակում է այն ընկերությունների մրցունակության բարձրացմանը, որոնք աշխատում են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, թանկարժեք քարերի մշակման ոլորտներում: Մենք հետեւողականորեն աշխատում ենք ծառայությունների ոլորտի զարգացման վրա: Անշուշտ, մեզ համար կարեւորագույն նպատակ է եղել եւ մնում մարդկային կապիտալի զարգացումը, ինչն էլ եւ հանդիսանում է երկրի երկարաժամկետ զարգացման հիմքը:
– Ինչպիսի՞ն է այսօր հայ-ռուսական տնտեսական համագործակցության մասշտաբը:
– Ռուսաստանի հետ Հայաստանին կապում է ռազմավարական սերտ գործընկերությունը, այդ թվում` տնտեսական ոլորտում: Այսօրվա դրությամբ ստորագրվել են 80 միջպետական համաձայնագրեր ու պայմանագրեր: Մենք արդյունավետ համագործակցում ենք բազմակողմ ձեւաչափերով, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: Մենք մի շարք համատեղ խոշոր նախագծեր ենք իրականացնում էներգետիկայի, տրանսպորտի ու հեռահաղորդակցության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Ռուսաստանը Հայաստանի կարեւոր առեւտրային ու ներդրումային գործընկերն է: Փաստերն ինքնին խոսուն են. Հայաստանում գործում են ռուսական կապիտալի մասնակցությամբ մոտ 1500 ընկերություններ, տարեկան ներդրումների ողջ ծավալի մեկ երրորդը բաժին է հասնում ՌԴ-ին: Երկու երկրների առեւտրային հարաբերությունները նույնպես պետք է գնահատել կայուն զարգացող: Նախորդ տարի մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար: Սրանով, իհարկե, փոխադարձ շահավետ գործընկերության հնարավորությունները չեն սպառվում: Համագործակցության ներուժը շատ ավելի լայն է, եւ ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում դրա լիարժեք օգտագործման համար:
– Այսօր Հայաստանի տնտեսության առաջ ինչպիսի՞ հիմնական խնդիրնեչ են կանգնած:
– Տնտեսության հետագա դիվերսիֆիկացումը թիվ մեկ խնդիրն է, քանի որ այն կօգնի մեզ նվազագույնի հասցնել արտաքին տատանումների հետ կապված մեր խոցելիությունը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն հարցերին, որոնք ամրապնդում ու զարգացնում են պետական ու մասնավոր ոլորտների միջեւ համագործակցության գործուն մեխանիզմները: Դա կնպաստի երկրում տնտեսական ակտիվությանը, խոշորամասշտաբ նախագծերի իրականացմանը եւ պետության կողմից մասնավոր հատվածին արդյունավետ ծառայությունների մատուցմանը:
– Շատերն ասում են, որ հայկական տնտեսությունը խիստ մոնոպոլիզացված է: Այս հիմնախնդիրը գիտակցվո՞ւմ է պետության կողմից, եւ արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են մենաշնորհների դեմ պայքարելու համար:
– Նոր սուբյեկտների շուկա մուտք գործելու համար բարենպաստ պայմանների ձեւավորումն ու բոլորի համար խաղի հավասար կանոնների ապահովումը մեր տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններն են: Նոր գաղափարների զարգացման եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման փորձերը մշտապես գործնական աջակցություն են ստանում պետության կողմից: Ունենալով սահմանափակ ներքին շուկա` պետությունը որդեգրել է արտահանումը խթանելու ուղին` ամեն կերպ օժանդակելով նորարարական նախաձեռնություններին: Ազատ մրցակցային միջավայրի կայացումն այդ նպատակին հասնելու կարեւորագույն մեխանիզմներից մեկն է: Ձեռքբերումներից բացի, առկա են նաեւ խնդիրներ, որոնց լուծման համար մի շարք համակարգային բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես պետք է ընդգծեմ, որ բավականին արդյունավետ գործում է Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովը, եւ այդ ինստիտուտին մենք ամեն կերպ կսատարենք ու կուժեղացնենք այն:
– Որոշ փորձագետներ գտնում են, որ Հայաստանը լուրջ տնտեսական օգուտներ կքաղի Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում: Ըստ Ձեզ, այդ օգուտները որքանո՞վ մեծ կլինեն:
– Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը չի կարելի գնահատել բացառապես երկկողմ տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների կոնտեքստում: Ողջամիտ ու ռացիոնալ չէ 21-րդ դարում հարեւան երկրի հետ վաղուց արդեն իր դարն ապրած երկաթյա վարագույրի սկզբունքով փակ սահման ունենալ: Այդպիսի դիրքորոշում ունի նաեւ ողջ միջազգային հանրությունը, որը մեծ եռանդով ընդունեց կարգավորման մեր նախաձեռնությունը: Բայց, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը ընդունակ չեղավ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել ու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել: Ակնհայտ է, որ դրական արդյունքի դեպքում երկու կողմերն էլ շահելու էին: Բայց դա առաջին հերթին նպաստելու էր ավելի զարգացած, դինամիկ ռեգիոնալ տարածության ստեղծմանը:
– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ նրա քաղաքականությունը տարածաշրջանում:
– Հարավային Կովկասի տարածաշրջանում ՌԴ-ն կարեւորագույն դերակատարություն ունի. այն լուրջ ջանքեր է գործադրում այստեղ խաղաղության ու բարեկեցության հաստատման ուղղությամբ: ՌԴ նախագահին ես շնորհակալ եմ այն բանի համար, որ նա անձամբ է ներգրավվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործընթացում: Ժամանակին` 1994թ., ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը նույնպես հնարավոր դարձավ հենց ռուսական միջնորդության շնորհիվ: Իսկ ընդհանուր առմամբ, մենք համարում ենք, որ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման մեջ: Որպես ՀԱՊԿ գծով դաշնակիցներ` մենք պարբերաբար խորհրդակցում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության հարցերով: Երկկողմ մակարդակում մենք սերտ համագործակցում ենք` մեր երկրների զինված ուժերի փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախորդ տարի ստորագրվեց արձանագրություն, որով երկարաձգվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետն ու ընդլայնվեց նրա ռազմավարական պատասխանատվության շրջանակը:
– ՀՀ-ում ռուսերենին տիրապետողները գնալով քչանում են: Այս հարցին ուշադրություն դարձվո՞ւմ է:
– Մենք բարձր ենք գնահատում մեր հումանիտար կապերը. համատեղ մշակութային, կրթական, գիտական նախագծերը գտնվում են երկու կառավարությունների ուշադրության կենտրոնում: Մենք նշանակալից ջանքեր ենք ներդնում մեր երկրների երիտասարդության միջեւ կապերի ընդլայնման համար: Այս իմաստով էական դեր ունեն ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհուրդն ու հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Ինչ վերաբերում է լեզուների իմացությանը, ապա ՀՀ-ում դրան առանձնակի հարգանքով են վերաբերվում: Մենք, հավանաբար, միակ երկիրն ենք աշխարհում, որտեղ դեռեւս միջին դարերից սկսած ամեն տարի Թարգմանչաց տոն է նշվում: Չէ՞ որ լեզուների իմացությունը թույլ է տալիս այլ կերպ տեսնել ու ճանաչել աշխարհը, հասկանալ այլոց տեսակետները: Ավանդաբար ռուսերենը մեզ համար եղել է պատուհան դեպի աշխարհը, որի միջոցով մենք շփվել ենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս երկրների ու մշակույթների հետ: Հուսով եմ եւ հավատացած, որ այդ հարստությունը մենք երբեք չենք կորցնի: Ընդհանրապես ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է գերազանց տիրապետի իր մայրենի լեզվին եւ եւս երկու օտար լեզուների: Հայկական դպրոցներում լեզուների դասավանդման հիմքում այս տրամաբանությունն է ընկած, իսկ ռուսերենին ու ռուս գրականությանը հատուկ ուշադրություն է դարձվում: