«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, համաձայն որի` Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքից պարզ է դարձել, որ Ռուզաննա Բեգլարյանը 2009-ից Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Այդ նույն ժամանակահատվածում, ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության, այգու տարածքում գործող փոքրիկ սրճարանը դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն` գրավելով կրկնակի ավելի մեծ տարածք, քան նշված է Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում:
Ի դեպ, սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ: Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն` կառուցապատման արդյունքում խախտվել են քաղաքացիների առողջ եւ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու ու հանգստի սահմանադրական իրավունքները, ՀՀ մի շարք օրենքների պահանջներ ու միջազգային պարտավորություններ: «ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից անտեսվել են 20.000 քաղաքացիների կողմից նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է քննության առնել նաեւ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը: Այս բացահայտմամբ փաստորեն պարզ է դառնում` ո՞ւմ հովանավորության պատճառով ՀՀ քաղաքացիներին չհաջողվեց օրինական ճանապարհով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: Փաստորեն, Ս.Սարգսյանը դարձել է Երեւանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»,- նշում են քաղաքացիական նախաձեռնության անդամները: