Կամ՝ կամ

20/10/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ընդամենը հաշված ժամեր, եւ երեկոյան պարզ կդառնա կոալիցիայի ճակատագիրը: Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նախօրեին հայտարարել էր, թե հինգշաբթի երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմինը նիստ կհրավիրի, կշարունակի քննարկել անցած ուրբաթ օրվա նիստի օրակարգային` ներքաղաքական հարցերն, ու հանդես կգա հայտարարությամբ:

Իսկ նիստում քննարկվող ներքաղաքական հիմնական հարցը կոալիցիայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության նպատակահարմարության հարցն է եղել: Արդեն հրապարակումներ են եղել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով հստակ երաշխիքներ տալ, որ 2013թ. նախագահական ընտրություններում կպաշտպանի իր թեկնածությունը, հակառակ դեպքում` առաջարկելով դուրս գալ կոալիցիայից: Այս պարագայում ԲՀԿ ղեկավարը միայնակ չի կայացնում որոշումները: Ասում են, որ նրան ուղղորդում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն` այս օրերին գտնվում է Ֆրանսիայում:

Սակայն, այս անգամ թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից խուսափում են նշված կոնֆլիկտի շուրջ մեկնաբանություններ տալ, նույնիսկ ոչ հրապարակային խոսակցությունների ժամանակ շատ քիչ ակնարկներ են անում, միաժամանակ գաղտագողի հուսադրում են, թե կտեսնեք` «շատ թեմաներ կբացվեն»: Միեւնույն ժամանակ ընդհանուր քննարկումների շրջանակում կարծիքներ են հնչում, թե Ռ. Քոչարյանն ու Գ. Ծառուկյանն այս անգամ որոշել են ոչինչ չանել` ոչ կոնկրետ հավաստիացումներ տալ ՀՀԿ-ին ու Ս. Սարգսյանին, ոչ էլ կոալիցիայից դուրս գալ` որոշումների հիմնական պատասխանատվությունը թողնելով Ս. Սարգսյանի վրա: Այս անգամ հանգիստ են նաեւ ԲՀԿ-ում: Տարեսկզբին, երբ կրկին հասունացել էր այս հարցը, եւ մինչ կստորագրվեր փետրվարի 17-ի կոալիցիոն հայտարարությունը, տեղեկություններ էին հրապարակվում, թե ԲՀԿ-ն հավաքում է ճամպրուկները, այդ կուսակցության նախարարներն արդեն պատրաստ են դուրս գալ կառավարությունից եւ այլն: Այս անգամ, սակայն, ԲՀԿ-ամերձ շրջանակները բավականին սառնասիրտ են իրենց պահում: Որոշ տեղեկությունների համաձայն` անցած 8 ամիսների ընթացքում ԲՀԿ-ում արդեն կոնկրետ որոշման հանգել են, ձմեռվա խուճապային տրամադրություններն անցել են, ավելին` նախապատրաստվել են թե կոալիցիայում մնալու, եւ թե դուրս գալու տարբերակներին: Այս անգամ փոքր-ինչ ջղաձիգ են ՀՀԿ-ի շարքերում, որովհետեւ չեն բացառում, որ ստիպված լինեն նորից հանդուրժել իրենց կոալիցիոն կրտսեր գործընկերոջ քմահաճույքներն ու նրա ղեկավարի` 50+1 տոկոսի հետ կապված նորանոր հայտարարությունները:

Այնուամենայնիվ, կոալիցիայից դուրս գալու պարագայում ԲՀԿ-ի համար գուշակում են բավական մշուշոտ ապագա: Նույնիսկ ՕԵԿ-ում են չարախնդում, թե ՀՀ Քրեական օրենսգիրքը տարածվում է Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության 29 անդամներից առնվազն 26-ի վրա: Եվ թե` Ս. Սարգսյանի պահանջը չկատարելու դեպքում այդ խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես կլքի հարազատ կուսակցությանն այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ՕԵԿ-ի դեպքում: Հակառակ դեպքում նրանք կհայտնվեն ճաղերի հետեւում կամ կզրկվեն իրենց բիզնեսներից: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը բիզնեսներ ունի: Այդ մասին շատ պատկերավոր կարող է ներկայացնել նախկին ՕԵԿ-ական եւ ներկայումս ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն, ով հիմա, ասում են, սարսափում է այն մտքից, որ ԲՀԿ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից, եւ ինքը` ինչպես ՕԵԿ-ից, այս անգամ էլ դուրս կգա նաեւ ԲՀԿ-ից:

Եվ որքան էլ այս կուսակցությունների ներկայացուցիչները զուսպ են թեմայի շուրջ իրենց հայտարարություններում, շատերը նույնիսկ անհասանելի են, ակտիվ են, սակայն, տեղեկատվական դաշտում: Եվ անցած շաբաթ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդ երկու կուսակցություններն իրենց համակիր կայքերում սեփական սոցհարցումներն են «կռվացնում»: Ուրբաթ օրը կայքերից մեկը ինչ-որ սոցհարցման արդյունքներ էր հրապարակել, թե ԲՀԿ-ի վարկանիշը քաղաքական դաշտում ընդամենը 1,6 տոկոս է` ետ մնալով անգամ Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունից»: Եվ այս թվերը ներկայացվում էին ՀՀԿ-ի 35,4 տոկոս վարկանիշի կողքին: Ոմանց կարծիքով` սոցհարցման այս տվյալները հրապարակ նետելով` իշխանությունները ԲՀԿ-ին հստակ զգուշացնում էին, թե որքան տոկոս ձայն կարող են ունենալ նրանք առաջիկա ԱԺ ընտրություններում, եթե կոալիցիայից դուրս գան եւ չընդունեն իրենց առաջարկած խաղի կանոնները: Ընդ որում, սոցհարցման այդ արդյունքները ԲՀԿ-ն այնքան լուրջ էր ընդունել, որ երեկ հրապարակեց իր «կոնտր» սոցհարցումը: Hayland անունով սոցիալական ցանցում կազմակերպված սոցհարցման համաձայն` ի պատասխան «քաղաքական կուսակցություններից որի՞ օգտին կքվեարկեք» հարցի` մասնակիցների 35 տոկոսը ԲՀԿ-ին է ձայն տվել: Եվ ընդամենը 17 տոկոսն է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: ՀՀԿ-ի ԳՄ նիստից առաջ ահա այսպիսի քաղաքական փոխհրաձգություններ են տեղի ունենում, ինչը, թերեւս, շատ մեղմ է առաջիկայում սպասվող զարգացումների համեմատ: Եվ եթե ՀՀԿ-ն չխախտի նախնական հայտարարությունը եւ չհետաձգի նախապես հայտարարված` այսօր երեկոյան տեղի ունենալիք ԳՄ նիստը, ապա ընդամենը մի քանի ժամ, ու Հայաստանի իշխանական բուրգը կամ կձեւափոխվի, եւ վերջապես իրականություն կդառնա 2 տարի առաջ Բարսեղ Բեգլարյանի այն հայտարարությունը, թե «կոալիցիան կամաց-կամաց քանդվում է», կամ էլ կպահպանի նույն կառուցվածքը, բայց արդեն խարխլված հիմքերով: