Չե՞ն մոլորվել

16/11/2005

Չեխիայի Կասլավ ռազմաօդային կայանի Jas-39 Gripen 2 ինքնաթիռները կիրակի օրն օգնել են Չեխիայի օդային տարածքում ցամաքային ծառայությունների հետ ռադիոկապը կորցրած հայկական Airbus A 320 ինքնաթիռին: Չեխական CTK գործակալությանը ռազմաօդային կայանի խոսնակ Միխալ Պրեյզեկը հայտնել է, թե NATO-ի արտակարգ իրավիճակների համակարգի Jas-39 Gripen 2 ինքնաթիռները հայտնաբերել են 11կմ բարձրության վրա թռչող հայկական օդանավ եւ ուղեկցել շուրջ 100 կմ՝ մինչեւ Գերմանիայի օդային տարածք, որտեղ հայկական ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է վերականգնել ռադիոկապը ցամաքային ծառայությունների հետ: Քաղաքացիական ավիացիայի վարչության մամլո-քարտուղար Գայանե Դավթյանը հերքեց այս լուրը՝ ասելով, որ մեր ինքնաթիռները բոլորն էլ բարեհաջող ժամանել են, եւ որեւէ արտակարգ միջադեպ չի արձանագրվել: