Ռուսական բանկը փնտրում է հայազգի գործարարին

20/10/2011

«ՌԲԿ daily»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի կենտրոնական բանկն, արդեն մի քանի ամիս է` փորձում է բանտ ուղարկել «Պետրոֆֆ-Բանկի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ներսիսյանին, սակայն Մոժայսկի քաղաքային դատարանը արդեն երկու անգամ հրաժարվում է քրեական գործ հարուցել նրա նկատմամբ: Ըստ «ՀըԽ daily»-ի` Տ. Ներսիսյանը Կենտրոնական բանկից պարտք է վերցրել 3.8 մլրդ ռուբլի եւ չի վերադարձրել: Արտոնագրերից զրկվելուց հետո երեք բանկերի (Միջազգային արդյունաբերական բանկ, AMT բանկ եւ «Պետրոֆֆ-Բանկ») ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 40 մլրդ ռուբլի: Ռուսաստանի բանկը չի սահմանափակվում դրանց սեւ ցուցակ մտցնելով, այլեւ փորձ է անում հասնել նրանց դեմ քրեական գործի հարուցմանը: ՌԴ Կենտրոնական բանկը քրեական հետապնդում է պահանջում «Պետրոֆֆ» բանկի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ներսիսյանի դեմ, սակայն առայժմ դա նրանց չի հաջողվում, քանի որ վերջինս անհետացել է: Թե որտեղ է գտնվում Տ. Ներսիսյանը` որեւէ մեկին հայտնի չէ։ Քննիչները տեղյակ են, որ 2010թ. ամռանը Տիգրան Ներսիսյանը ԿԲ-ից ստացել է 4.2 մլրդ ռուբլու երաշխավորագիր: Սակայն Ներսիսյանն իր պարտականությունները Ռուսաստանի բանկի նկատմամբ չի իրականացրել նույնիսկ այն բանից հետո, երբ Մոժայսկի քաղաքային դատարանը որոշում է ընդունել նրանից բռնագանձել 3.86 մլրդ ռուբլի, եւ կալանք է դրել նախկին բանկիրի գույքի վրա: Սակայն այդ որոշումը չի իրականացվել, քանի որ պարզվել է, որ Ներսիսյանն իր գրանցման հասցեում չի ապրում, եւ այդտեղ նրան վերջին անգամ տեսել են 15 տարի առաջ: Հետաքննությունն ամիսներ առաջ Ներսիսյանի մեղքն ապացուցող բավարար չափով տվյալներ չէր գտել եւ մերժել էր նրա դեմ քրեական գործ հարուցելու հայցը: ԿԲ-ն բողոքարկել է այդ որոշումը, սակայն երկրորդ անգամ հետաքննությունը անհասկանալի պատճառներով չի կարողացել Ներսիսյանի մեղքն ապացուցող փաստարկներ գտնել:

Նշենք, որ Տ. Ներսիսյանը 1993թ. հիմնադրված ռուսական «Բորոդինո» հոլդինգի նախագահն է, հիմնական բաժնետերը: Ընկերությունը, որն իր մեջ ներառում է տասնյակ ընկերություններ, զբաղվում է սննդամթերքի` պահածոների, կաթի, պաղպաղակի, հյութերի, թույլ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, շինարարությամբ, շինարարական ապրանքների արտադրությամբ, անշարժ գույքով, մեքենաշինությամբ: 2006թ. «Բորոդինոն» սեփական առեւտրային ցանցը ձեռք բերեց` «Պրոդուկտորիան», սակայն 2010թ. ֆինանսական խնդիրների պատճառով սեփականատերերը ստիպված եղան այն փակել: Ըստ ընկերության տվյալների` 2004թ. ընկերության շահույթը կազմել է մոտ 275մլն դոլար, 2005թ.` 350մլն դոլոր, իսկ շինարարությունն էլ ներառյալ` 650-700մլն դոլար: 2010թ. ընթացքում տնտեսական ճգնաժամի պատճառով ընկերությունը եւս մի քանի բանկերի հետ վարկերի մարման հետ կապված խնդիրներ ունեցավ («Խնայբանկից»` ընդհանուր առմամբ, ավելի քան 813մլն ռուբլի): 2010թ. «Բորոդինո» հոլդինգի մեջ գործող «Պետրոֆֆ-Բանկը» զրկվեց արտոնագրից:

Ի դեպ, Տ. Ներսիսյանը 2009թ. «Ֆորբս» ամսագրի տվյալներով` իր 400 մլն դոլար կարողությամբ զբաղեցրել էր Ռուսաստանի 2009թ. ամենահարուստ 100 գործարարների ցանկի 96-րդ տեղը: Իսկ 2011թ. «Ֆինանսներ» ամսագիրը կազմել էր ռուս միլիարդատերերի ցուցակը, որում Տ. Ներսիսյանն իր «Բորոդինո» ընկերությամբ զբաղեցնում էր 439-րդ տեղը` 0,19մլրդ դոլար կապիտալով:

1966թ. Երեւանում ծնված գործարարը «Բորոդինո» կոլխոզի նախագահ Վիկտոր Լապկինի հետ (որն այժմ ընկերությունում փոքր բաժնեմաս ունի) գազավորված ըմպելիքի արտադրություն է հիմնում: Ապա գնում է Մոժայսկի տպարանը` գազավորված այդ ըմպելիքների շշերի պիտակները տպագրելու համար: Ապա գնում է մեքենաշինության գործարանը: Բնակելի շենքեր եւ գրասենյակային տարածքներ կառուցող շինարարական ընկերություն է հիմնում: «Բորոդինոյի» մեջ ընդգրկված ընկերություններից են` Մոժայսկի «Սպասո-Բորոդինյան ջրերը», «Ռուսական պաղպաղակ» գործարանը, Կոնդրովյան մսի կոմբինատը, Վոլգոգրադի «Սլավյանկա» հրուշակեղենի կոմբինատը, Գրայվորոն քաղաքի «Պանիր-Կաթ» ընկերությունը, «Բորոդինո-Օրենբուրգը», որը զբաղվում է հանքային ջրերի եւ հյութերի արտադրությամբ, «Սավելովյան մեքենաշինական գործարանը», «Բորմաշ» սննդի արտադրության տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, արտաքին գովազդով զբաղվող ընկերությունը: Ի դեպ, ըստ Տ. Ներսիսյանի հարցազրույցներից մեկի` «Բորոդինո-Հայաստան» ընկերությունը եւս զբաղվում է հանքային ջրերի եւ հյութերի արտադրությամբ: Ավելին, նշվում է, որ Հայաստանում է գործում «Բորոդինոյի» «ABM Soft» ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունը: Դեռեւս մի քանի տարի առաջ Տ. Ներսիսյանը պլանավորում էր Հայաստանում գտնվող իրենց գործարանում նախաձեռնել կետչուպի եւ մայոնեզի արտադրությունը, որը պետք է ներկրվեր ՌԴ շուկա: Ըստ Տ. Ներսիսյանի` հայաստանյան այդ գործարանը տարեկան արտադրում է մոտ 10.000 տոմատի մածուկ, սակայն այդ գործարանում նրանք նաեւ հյութեր են արտադրել:

«Ֆորբսը» հայազգի գործարարի մասին գրում էր, որ նա սիգարների սիրահար է եւ «Բորոդինո» բիզնես-կենտրոնում սիգարի սենյակ է հիմնել: