Բյուջե թերթելիս

20/10/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Նախորդ տարիներին ավանդույթ կար: Երբ կառավարությունը եկող տարվա բյուջեի նախագիծ էր ներկայացնում, այն անպայման որեւէ անուն էր ստանում: Բյուջեին մի անուն հենց ինքը` կառավարությունն էր կպցնում, երկրորդ անունը` ընդդիմությունը: «Բյուջե 2012»-ը այդ բախտին չարժանացավ: Այս փաստաթղթի նկատմամբ անտարբերությունը աննախադեպ է: Ընդամենը մեկ-երկու քաղաքական գործիչ տնտեսագետներ միայն իրենց կարծիքը հրապարակեցին: Բնականաբար` բացասական կարծիքը: Իշխանամետ եւ ակադեմիական` քաղաքական իմաստով, տնտեսագետները բերանները ջուր առած` լռում են: Ափսոս: «Բյուջե 2012»-ում բավական հետաքրքիր թվեր կան: Դրանք, նախ` արժանի են հասարակության ուշադրությանը ներկայացնելու: Որպեսզի այդ նույն հասարակությունը տեսնի, թե ինչ համամասնությամբ ու չափաբաժիններով են բաժանում փողերը: Իր իսկ փողերը: Երկրորդ` կան հարցեր, որ հարկ է ուղղել կառավարությանը եւ բացատրություն-պատասխաններ ստանալ: Իսկ դա կարող են անել միայն բյուջեի պաշտոնական քննարկումներին մասնակցող մասնագետներն ու քաղաքական գործիչները: Մեր կառավարությունը հազվադեպ է իրեն թույլ տալիս իջնել մամուլի մակարդակին ու պատասխանել լրատվամիջոցներում բարձրացված հարցերին: Բայց մի բան լավ է: Կառավարությունն անտարբեր է այդ հրապարակումների հանդեպ եւ հայոց օլիգարխների նման` լրատվամիջոցներին դատարան քարշ չի տալիս: Այլապես կշահեր բոլոր դատերը` հանց օլիգարխ: Կառավարությանն ամենեւին էլ կարիք չի ունենա յուրաքանչյուր հայցից առաջ համապատասխան վերաբերմունքով «տեսնել» դատավորին: Թերթեք բյուջեի նախագիծը եւ կհամոզվեք, որ հարազատ կառավարությունն օլիգարխներից հեռատես է եւ արդեն «տեսել է» դատավորներին: Բոլոր ատյանների ու բոլոր մակարդակների` միասին վերցրած: «Բյուջե 2012»-ի ծախսային հատվածում «Դատական գործունեություն եւ իրավական պաշտպանություն» տող կա: Տող, որի դիմաց նշված է այն գումարի չափը, որ հարազատ կառավարությունը պատրաստվում է վճարել` 8 մլրդ 813 մլն դրամ: Այս գումարից միայն 347 մլն դրամն է պատրաստվում հատկացնել մեր իրավական պաշտպանությանը: Իսկ մնացած` 8 մլրդ 466 մլն 492 հազար դրամը տալու է դատարաններին: «Շա՞տ է սա, թե՞ քիչ» հարցն ամենեւին էլ հռետորական չէ: Եթե այն համեմատենք բյուջետային մյուս ծախսերի հետ: Մինչ մեր կառավարությունը պատասխանի այդ համեմատության արդյունքում ծնված հարցերին: Օրինակ` եզակի՞ է արդյոք մեր պետությունը իր հետեւյալ ցուցանիշներով. դատական համակարգին տարեկան հատկացնում ենք մոտ 8.5 մլրդ դրամ, իսկ կալանավայրերին` 7.3 մլրդ դրամ: Գրոտեսկային այս թվերն առանձին վերլուծության կարիք չունեն: Ավելի հետաքրքիր են մյուս համեմատությունները: Օրինակ` հանրապետության բնակավայրերի փողոցների լուսավորության համար բյուջեն նախատեսում է 1.7 մլրդ դրամ: Բարձրագույն կրթությանը` ասպիրանտուրայով-բանով` 7.2 մլրդ դրամ, բնակարանաշինությանը` ընդամենը 200 մլն դրամ: Մինչդեռ քրեագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ կրթության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ու պարզապես փողոցների լուսավորության վրա չխնայելու դեպքում երկրում քրեական իրավիճակը կտրուկ կփոխվեր: Հետեւաբար` կվերանար այդքան թանկ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությունը: «Բյուջե 2012-ում» նշված է, որ «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 440 հազար դրամ է»: Փիլիսոփայությունը պարզ է` եթե մենք դատավորին շատ ենք վճարում, նա կաշառք չի վերցնի: Բայց պատմությունը այս մտայնությունը հերքող բազմաթիվ օրինակներ ունի: Ռուսաց Պետրոս Մեծ կայսեր օրոք կաշառակերության մեջ մեղադրվեց Նովգորոդի դատավորը: Նա կայսերը համոզեց, որ կաշառք վերցնելու պատճառը ցածր աշխատավարձն է, եթե ինքը երկու անգամ ավելի մեծ աշխատավարձ ստանար` կաշառք չէր վերցնի: Կայսրը ըմբռնումով է մոտենում` ներում ու երեք անգամ ավելացնում է դատավորի աշխատավարձը: Բայց երկու տարի հետո նույն դատավորին կաշառակերության մեղադրանքով ձերբակալում ու մահապատժի են ենթարկում: Մեր դատավորներին ու համակարգի աշխատակիցներին, իհարկե, նման ճակատագիր չի սպառնում: Մահապատիժը Հայաստանում վաղուց է վերացվել: Բայց միեւնույն է, նրանց վրա մեծ ծախսեր ենք հանում: Մեր դատական համակարգը բյուջեից ընդամենը 1.5 մլրդ դրամ պակաս է ստանում, քան գյուղատնտեսությունն ամբողջությամբ: Հիշո՞ւմ եք` ՀՀ նախագահը գյուղատնտեսությունն այս տարվա գարնանից գերակա ոլորտ է հայտարարել: Մեր բյուջեն երկրի բոլոր թանգարանների համար 1.7 մլրդ դրամ է հատկացրել` ունեցածը խնամելու ու նոր արժեքներ ձեռք բերելու համար: Ու եթե այս նախագիծը հաստատվի` առաջիկա մեկ-երկու տարում ցանկացած դատավորի տուն թանգարանային արժեքների իմաստով ավելի արժեքավոր ու դիտարժան կլինի:

Թողնենք դատական համակարգը: «Բյուջե 2012»-ում ծախսային երկու տող կա, որոնց բացատրությունն արժեր, որ հասարակությունն իմանար: Սուբսիդիաներ բաժնում նշված է, որ հատկացվելու է «պետական կազմակերպություններին 17.7 մլրդ դրամ», իսկ «ոչ պետական կազմակերպություններին»` մոտ մեկ մլրդ դրամ: Իսկապես հետաքրքիր է ազատ շուկայական տնտեսություն դավանող, տնտեսության ոչ մի ոլորտ (անկախ այն փաստից` այն գերակա՞ է հայտարարված, թե՞ ոչ) չսուբսիդավորող կառավարությունը այդ ոչ պետական կազմակերպություններին է սուբսիդավորում: Անկեղծ ասած, ինձ առավել հետաքրքիր է, թե ո՞ր ոչ պետական կազմակերպություններն են պետբյուջեից փող ստանալու եւ ինչի՞ համար: Ափսոս, որ մեր կառավարությունը մամուլին պատասխանելու սովորություն չունի: