– Նախ հետաքրքիր է` ո՞րն էր ազդակը Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնելու:
– 1989թ. փետրվարին խորհրդային Ճարտարագետների միության հրավերով ամերիկյան մասնագետների հետ եկանք Հայաստան: Երկրաշարժից հետո դա երկրորդ այցելությունս էր, որը, փաստորեն, որոշակի իմաստով ճակատագրական էր: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոսներից մեկը` Յուրի Սարգսյանը, առաջարկեց` ամերիկյան մոտեցումներով համալսարան հիմնել: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Գորբաչովն արժանացել էր ջերմ ընդունելության ԱՄՆ-ում, եւ երկու երկրների միջեւ սառույցը, կարծես, հալվել էր: Վերադառնալով ԱՄՆ` անմիջապես ձեռնամուխ եղանք Հայաստանում ամերիկյան մոտեցումներով համալսարան հիմնելու աշխատանքներին: Միհրան Աղաբաբյանի հետ համատեղ, ով 1989թ. փետրվարին Հայաստան այցելած ամերիկյան մասնագետների խմբում էր (ամբողջ խմբում միայն երկու հայ կար), առաջարկներ գրեցինք ԱՄՆ-ի Կառավարությանը, սենատորներին, կոնգրեսմեններին եւ այլոց` Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնելու մասին: Հայ բարեգործական միության կողմից Լուիս Սիմոնը պատասխանեց, որ AJP-ն պատրաստ է հովանավորել նախագիծը, իսկ աջակցության համար դիմեցինք Կալիֆոռնիայի համալսարանին: Այնուհետ նույն համալսարանի մի խումբ մասնագետների հետ եկանք Հայաստան` պայմանները հանգամանորեն ուսումնասիրելու համար: Ընդ որում` դեռեւս այն ժամանակ խորհրդային իշխանությունները բավական շահագրգռված էին մեր առաջարկով եւ ընդառաջեցին մեզ: Հետաքրքիրն այն է, որ համալսարանը հիմնվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին: Եվ թերեւս առայսօր արձանագրված հաջողություններն են թույլ տալիս, որպեսզի առաջիկայում համալսարանը շարունակեն` ոչ միայն մագիստրոսի, այլեւ բակալավրի դիպլոմ ստանալու համար: Այլ կերպ ասած` դպրոցն ավարտելուց հետո դիմորդները հնարավորություն են ստանում կրթություն ստանալ Ամերիկյան համալսարանում: Իսկ ինչ վերաբերում է Ամերիկյան համալսարանի կրթության որակին, ապա այդ մասին կարող են վկայել մեր այն ուսանողները, ովքեր այսoր հանրապետությունում ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներից են եւ աշխատում են Հայաստանի հայտնի ընկերություններում:
– Բայց միեւնույն ժամանակ մեզանում դեռ ամրացած են խորհրդային դպրոցի ավանդույթները, որոնք, շատերի գնահատմամբ` լավագույնն են ամբողջ աշխարհում: Դա խոչընդոտ չէ՞ համալսարանի համար:
– Ամերիկյան համալսարանն ունի իր ավանդույթներն ու ընդունելության կարգը, որոնք գիտեն նրանք, ովքեր պատրաստվում են դիմել համալսարան: Մենք հատկապես կարեւորում ենք ուսանողի վերլուծական միտքը, քննադատական մոտեցումները: Հետաքրքիր է, որ համալսարանում ամենամեծ պահանջարկն ունի բիզնեսի կառավարումը, եւ տպավորություն է, որ ամեն հայ պետք է դառնա բիզնեսմեն: Իհարկե, դա լավ է, բայցեւ կարծում եմ` բիզնեսի կառավարում ընտրելը պետք է պայմանավորված լինի երկրի արտադրությամբ: Այլ կերպ ասած` երկիրը պետք է ունենա արտադրություն, որը հիմք կհանդիսանա մարքեթինգի համար: Այսինքն` խոսքն իրական բիզնեսի մասին է, այլ ոչ թե, ասենք, Դուբայից ապրանք բերելու ու վաճառելու: Խորհրդային Միության ժամանակ անհրաժեշտություն չկար բիզնեսի կառավարման, եւ յուրաքանչյուր որոշում գալիս էր Մոսկվայից: Մոսկվան որոշում էր, որ տվյալ գործարանը պետք է կարի 700 զույգ կոշիկ, եւ հասարակությունը չուներ ընտրության հնարավորություն: Իսկ այսօր բաց շուկայում մրցելու համար քո կարած կոշիկը պետք է ավելի լավն ու էժան լինի, այլապես չեն լինի գնորդներ: Բիզնեսի, արտադրության ոլորտում ամենակարեւորն ապրանքի որակն է: Միգուցե իմ դիտարկումը խորհրդային կրթության մասին կոռեկտ կամ ճիշտ չհնչի, բայց դա արդյունքն է իմ տեսածի, լսածի եւ կարդացածի: Խորհրդային կրթության ձեւն այն է, երբ անձը լսում, կարդում, ընկալում է` յուրացնելով տեղեկությունները: Այլ է ամերիկյան կրթության դեպքում, երբ հարց ես տալիս, այսինքն` ուսանողն ազատորեն կարող է իր քննադատական մոտեցումը հայտնել դասախոսին:
– Այսինքն` ուսանողն ազա՞տ է:
– Այո, ուսանողն ազատ է հարց տալու, պահանջելու, որ դասախոսը փաստի իր ասածը` հայտնելով իր քննադատական մոտեցումը: Ի տարբերություն խորհրդային եւ եվրոպական կրթական համակարգերի, ամերիկյան կրթական համակարգում ուսանողն ազատ է, եւ նա ավելի շատ գնորդ է: Դա նման է խանութի գնորդին, որին պետք է անընդհատ գրավել, հակառակ դեպքում` կկորցնես նրան: Ամերիկյան կրթական համակարգում ուսանողը կարեւոր դեր է խաղում, իսկ դասախոսն էլ պետք է միշտ հասանելի լինի ուսանողին: Օրինակ, ԱՄՆ-ում դասախոսը հայտնում է ուսանողներին, որ օրվա տվյալ ժամանակահատվածում ինքը լինելու է իր գրասենյակում, եւ ուսանողները հարցեր ունենալու դեպքում կարող են գնալ իր մոտ: Եվրոպայում այլ է` դասախոսը կարդում է իր դասախոսությունը, ուսանողներն էլ հնարավորություն կամ առիթ չունեն անմիջապես դիմել նրան: ԱՄՆ-ում դասախոսները պարտադրված են հնարավորություն տալ ուսանողներին` դասերից հետո հարցեր ուղղելու իրենց: Այսինքն` դասախոս-ուսանող շփումն ավելի ուղղակի եւ հասանելի է:
– Բայցեւայնպես, երկու պարագայում էլ կարեւորը գիտելիք ստանալն է, եւ, ինչպես վստահեցնում էր Ավստրիայի Գրաց քաղաքի համալսարանի ղեկավարը` սովորելը պետք է լինի հաճելի գործընթաց:
– Կարծում եմ` միշտ այդպես չէ, թեեւ ամերիկացիներն էլ հաճախ են կրկնում, թե սովորելը պետք է զվարճանք լինի: Հաճույքը ոչ թե սովորելու գործընթացն է, այլ դրան հաջորդող հոգեվիճակը: Սովորելու համար անձը պետք է կենտրոնանա` լարելով իր բոլոր ուժերը: Երբ ուսանողը նկատում է, որ սովորելուց հաճույք չի ստանում, կարծում է, թե ինքն ինչ-որ բան սխալ է անում: Մինչդեռ այլ է խնդիրը:
– Այնուամենայնիվ, Հայաստանի ամերիկյան համալսարանը որքանո՞վ է առաջնորդվում ամերիկյան համալսարանների չափորոշիչներով` հաշվի առնելով նաեւ միջավայրը:
– Նախ նշեմ, որ համալսարաններն ունենում են հավատարմագրություններ, եւ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններ ունեն դրանք, որոնց շարքում բացառություն չէ նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որը հավատարմագրված է արեւմտյան դպրոցների եւ քոլեջների կազմակերպությանը: Ի դեպ, այս կազմակերպությունն է, որ հավատարմագրում է Բըրքլիի, Ստանֆորդի համալսարանները, նույնիսկ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը: Հավատարմագրություն ստանալը նշանակում է, որ մեր կրթության որակը համապատասխանում է իրենց չափորոշիչներին, պահանջներին: Ընդ որում` հավատարմագրությունը տրվում է որոշակի ժամանակի համար: Մինչ 2013թ. Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի հավատարմագրություն: Իսկ համալսարանի հավատարմագրությունը ուսանողին տալիս է որոշակի ստանդարտ: Այսինքն` մեկ այլ համալսարան դիմելու պարագայում որոշակի դեր է խաղում համալսարանի հավատարմագրված լինելը: Ամերիկյան համալսարաններ կան մի քանի երկրներում` Եգիպտոսում, Չինաստանում, Լիբանանում, վերջերս` նաեւ Արաբական Միացյալ էմիրություններում: Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ ամերիկյան ամենահին համալսարանը հիմնվել է Բեյրութում: Ինձ հասած տեղեկատվության համաձայն` Ադրբեջանում եւս կա ամերիկյան փոքրիկ համալսարան, որը, ըստ իս, այդքան էլ երեւելի չէ: Հետաքրքիր է, որ Վրաստանի իշխանությունները փորձեր են անում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի միջոցով ամերիկյան համալսարան հիմնելու:
– Չնայած կրթության որակին, բայցեւ բավական թանկ հաճույք է ամերիկյան համալսարանում սովորելը: Ինչպե՞ս է որոշվում վարձավճարի չափը, եթե, օրինակ, Բեյրութի ամերիկյան համալսարանի վարձավճարը երեք անգամ բարձր է, քան Հայաստանի ամերիկյան համալսարանի դեպքում, ինչը, սակայն, մեծ գումար է Հայաստանի բուհերի վարձավճարների համեմատ: Աղքատ տնտեսությամբ երկրի ուսանողն ինչպե՞ս դիմի ձեզ, երբ ցանկությունը մեծ է, բայց գրպաններն են դատարկ:
– Կարող եմ ասել, որ համալսարանի կատարած ծախսը յուրաքանչյուր ուսանողի համար ավելին է, քան մեկ ուսանողի ուսման վարձը:
– Դրանք ի՞նչ ծախսեր են:
– Համալսարանի դասախոսական կազմի, շենքի մաքրության համար արվող ծախսը եւ այլն: Ձեր հարցին ուզում եմ հստակ պատասխանել. մեզ մոտ կան ֆինանսական աջակցության ծրագրեր, այսինքն` համալսարանն օգնում է այն ուսանողներին, որոնց ֆինանսական միջոցները չեն բավականացնում ուսման վարձը վճարելու համար: Յուրաքանչյուր ուսանող երկու դիմում է ներկայացնում` ընդունելության եւ ուսման վարձի զեղչման համար: Իհարկե, երկրորդ դիմումին անդրադառնում ենք միայն ընդունելության քննություններից հետո: Մենք երբեք չենք նայում` ուսանողն աղքա՞տ է, թե՞ հարուստ: Մեզ համար գլխավորը ուսանողի կարողություններն են, որոնք պետք է համապատասխանեն մեր համալսարանի չափանիշներին: Իսկ վարձավճարը զեղչելու համար հաշվի ենք առնում բոլոր մանրամասները` նույնիսկ բջջային հեռախոսների քանակը: Ընդունված ուսանողների շուրջ 40%-ը ստանում է օգնություն: Մենք ունենք ուսանողներ, որոնց վարձավճարի շուրջ 90%-ը զեղչել ենք: Ընդ որում` եթե ուսանողը չունի մնացյալ գումարը, համալսարանը պարտքով գումար է տալիս նրան: Մեր քաղաքականությունն է` հնարավորություն տալ ուսանողներին սովորել, եթե, իհարկե, նրանք համապատասխանում են մեր համալսարանի չափորոշիչներին: Համալսարանի գրադարանը միշտ բաց է բոլոր նրանց համար, ովքեր կարդալու ցանկություն ունեն, այսինքն` գրադարանից կարող են օգտվել մնացյալ բուհերի ուսանողները: Մեր համալսարանը դեռ երկար ճանապարհ ունի գնալու, այսպես ասած` պատանի է:
– Ամբողջ աշխարհում ընդունված է կրթության ոլորտի մենեջմենթը, ինչը հաճախ բավական սվիններով է ընդունվում մեր իրականությունում: Ինչո՞ւ:
– Գիտեք` դա բավական լայն հարց է, որի պատասխանը կարող է շատ երկար լինել: Ամերիկյան մոտեցումների համաձայն` դասախոսին պետք է հնարավորություն տալ քննելու, դասավանդելու: Կարծում եմ` սովետական կրթական համակարգի մնացորդները դեռ շարունակում են մնալ Հայաստանի կրթության ոլորտում, երբ ամեն բան վերահսկվում էր կենտրոնից: Այսինքն` դասախոսին պարտադրված է, թե նա ինչպես պետք դաս տա, ժամերի քանակը եւ այլն: Երբ 1986թ. առաջին անգամ եկա Հայաստան, զարմացել էի` տեսնելով սովետական դասախոսների համար որոշված դասավանդման ժամաքանակը: 34 տարի է` դասավանդում եմ Բըրքլիի համալսարանում, ինքս եմ որոշում, թե տվյալ առարկան քանի՞ ժամ եմ դասավանդելու: Պետք է առիթ տալ մարդուն, որ իր արվեստով, մտայնությամբ կատարի լավագույնը: Խնդիրը կրկին սովետական կոշիկն է եւ Մոսկվայի որոշումները, այնինչ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում կոշիկ կարողն ինքն է մտածում, թե ինչպե՞ս կարի, որ շահույթ ունենա, եւ ինչպե՞ս գրավի գնորդին: Իսկ եթե գնորդը չունի ընտրության հնարավորություն, ապա պարզ է, որ կոշիկի որակն ու գեղեցկությունը կարեւոր չեն: Նույնը վերաբերում է դասախոս-ուսանող հարաբերություններին, որտեղ ուսանողը միշտ պետք է գնահատի դասախոսի աշխատանքը: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին ուսանողները գնահատում են դասախոսների վարքը, դասավանդման մեթոդները եւ այլն:
– Այսօր երիտասարդներից շատերն ավելի շատ մտածում են կրթություն ստանալով` փող աշխատելու, քան բուն կրթության մասին:
– Շատ մտահոգիչ կլինի, եթե երիտասարդն ուսման փափագ չունենա: Կրթությունը մարդու կյանքի որակը բարելավելու միջոց է: Իհարկե, կրթություն ստանում են նաեւ հետագայում մեծ գումարներ աշխատելու համար, բայց երանի մարդիկ ուսում առնեն իրենց կյանքի որակը բարելավելու համար: Կան հարուստ մարդիկ, որոնց կյանքի որակը լավը չէ: Այսինքն` խնդիրը գումարը չէ, այլ, նորից եմ կրկնում` կյանքի որակը բարձրացնելը…