Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 138-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է Լոռու մարզի Կողբ գյուղում վարձակալական հիմունքներով բնակություն հաստատած, 26-ամյա Արմեն Սարուխանյանի նկատմամբ: Բանն այն է, որ հոկտեմբերի լույս 18-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, Սարուխանյանը ներխուժել է Կողբ գյուղի բնակիչ, 83-ամյա Ա.Ա.-ի տուն եւ բռնաբարել է ծեր կնոջը: Շամշյանի տեղեկություններով` Արմեն Սարուխանյանը 2009 թվականին 3 տարի 15 օր ժամկետով ազատազրկման է դատապարտվել սեռական ոտնձգության փորձ կատարելու մեղադրանքով, սակայն 2010թ. մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել: Առաջին անգամ դատապարտվելիս Սարուխանյանը պայմանագրային զինծառայող է եղել, եւ նրա նկատմամբ քրգործն այն ժամանակ հարուցվել է ՔՕ 34-138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երիտասարդն այժմ գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: 83-ամյա կինը ամուսնացած է, ունի երեխաներ: Արմեն Սարուխանյանը Կողբ գյուղում ծեր կնոջ հարեւանն է եղել, բնակվել է մենակ` վարձակալությամբ: