Ոստիկանության կողմից վնասազերծված եւ մի շարք պաշտոնյաների բնակարանների գողությունների մեջ մեղադրվող բանդայի անդամների մոտ գողոնը մինչ օրս չի հայտնաբերվել: news.am-ի թղթակցին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու համար, եւ նախաքննական մարմինն անում է դատավարական բոլոր միջոցառումները: Ինչ վերաբերում է բանդայի անդամների հետ առերեսմանը, ապա ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը պատմել էր, որ առերեսվել է բանդայի անդամ, իր տունը թալանած Դավիթ Գալստյանի հետ, եւ նա ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե որտեղից է մտել տուն, ինչպես է կապել տանտերերին, որ բազմոցի մոտ, որտեղից է վերցրել գումարը, եւ այլն: Նապոլեոն Ազիզյանի տան թալանից առաջ եւս երկու նմանատիպ դեպք էր պատահել։ Նմանօրինակ հարձակում կատարվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա: Կայքի թղթակցի հետ զրույցում Աղվան Գրիգորյանը նշել էր, որ չի առերեսվել բանդայի անդամների հետ, ոչ նրանց են իրենց տուն բերել, ոչ էլ իրեն են հրավիրել Ոստիկանություն: