ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Երեւանի «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ հետ 2004թ. կնքված պայմանագրում պարտավորություններ նախատեսված չեն եղել: Միակ պարտավորությունը եղել է այն, որ նա պետք է կատարի 10 մլն դոլարի ներդրում: Ա. Սահակյանի խոսքով` հյուրանոցի սեփականատերը վերջերս պարտավորագիր է ստորագրել, համաձայն որի` մինչեւ 2014թ. պետք է կատարի նշված ներդրումները, իսկ նախատեսված տարեկան ներդրումները չկատարելու դեպքում կվճարի դրանց 12%-ի չափով տուգանք: Անդրադառնալով կիսակառույց հյուրանոցներին` Ա. Սահակյանն ասել է, թե կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցն արդեն վաճառվել է աճուրդով, եւ սեփականատիրոջ կողմից շինարարության ավարտին պետք է հետամուտ լինի Երեւանի քաղաքապետարանը: Իսկ ինչ վերաբերում է «Սեւան» հյուրանոցին, ապա նա ասել է, թե այն պետք է կառուցվեր 5 տարվա ընթացքում կատարվելիք ներդրումներով: «Երեւանի քաղաքապետարանը սեփականատիրոջը տրամադրել է շինարարության առաջադրանք, սակայն սեփականատերն այդպես էլ շինարարության նախագիծ չի ներկայացրել: Հույս ունենք, որ խնդիրը կլուծվի, քանի որ քաղաքապետը մի քանի ամիս առաջ հանդիպել է «Սեւանի» սեփականատիրոջը»,- ասել է Սահակյանը: