«Տեսնո՞ւմ ես, տղաս, երբ ես չլինեմ՝ էն աշխարհուն գոնե կիմանամ, որ մարդ է եկել մեր տուն»

20/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ապագան հոգնել, մաշվել ու լուռ հեռացել է Մարինա Անդրեեւնայի բանտախուց հիշեցնող սենյակից: Ինձ հյուրընկալելու համար Վիկտորն ու Վլադիմիրը նեղլիկ սենյակից դուրս են գալիս: Այստեղ հերթով են տեղաշարժվում: Միայն Մարինա Անդրեեւնան է տեղում` անկողնուն գամված: Ոտքերն անշարժացել են: Ընտանիքի երեք անդամները ապրում են անցյալի հետ, որը նույնքան դաժան է, որքան իրենց սենյակի ծանր կենսապայմանները: Հարեւանուհին ասում է` «Տե՛ս, եթե հոտից նեղվես` դուրս կգաս, չամաչես»: Հոտն ապտակի պես սկզբում դաղում է, բայց հետո ընտելանում, հարմարվում ես: Ճիշտ այնպես, ինչպես մայր ու որդիներ իրենց ճակատագրից մշտապես հարված են ստանում, ապա` վարժվելով` շարունակում են ապրել: Ապրում են ֆիզիկապես, բայց հոգեպես ջարդված, խեղաթյուրված են: Կյանքն իմաստազուրկ է, օրերը` դառը: Անկողնում դանդաղ շրջվելով Մարինա Անդրեեւնան շփոթված հայացքով բղավում է` «Վիկտո՛ր, մա՞րդ է եկել»: «Հա՛, մայրիկ, պատկերացնո՞ւմ ես, մարդ է եկել»,- մի քիչ հեգնանքով ու մի քիչ էլ զարմացած` պատասխանում է Վիկտորը: Մարինա Անդրեեւնայի հուզմունքն ինձ դառնացնում է: «Ի՞նչ տեսակ մարդ է»,- հարցնում է ծեր կինը, ով գրեթե կորցրել է տեսողությունն ու լսողությունը: Խոսելիս բղավում է` կարծելով` մարդիկ էլ իր պես դժվարությամբ են լսում: Վիկտորը սրամտում է` «Դե մայրիկ, մարդ է… բավական չէ` մարդ է, դեռ ավելին` ժուռնալիստ է»: Մարինա Անդրեեւնան խառնվում է իրար, շտապելով փորձում է նստել մահճակալին: Վիկտորի վերաբերմունքը մոր նկատմամբ ինձ ապշեցնում է: Տեղից վեր թռչելով` ծարաքաշ մորն օգնում է նստել, ծածկոցով փակում է մարմինն ու նստելով կողքին` ձեռքն ամուր բռնում ու շոյում է. «Հանգիստ Մարինա Անդրեեւնա, մարդն այստեղ է, չի շտապում»: «Մարդ է եկել մեր տուն… Ուրեմն` ամեն ինչ կորած չէ: Տեսնո՞ւմ ես տղաս, երբ ես չլինեմ` էն աշխարհում գոնե կիմանամ, որ մարդ է եկել մեր տուն: Վիկտոր, ի՞նչ տեսակ մարդ է, բարի՞, ազնի՞վ է երեւում, թե՞ մեզ պատահածներից է»: Ես ու Վիկտորն իրար նայելով` ժպտում ենք: Վլադիմիրը թեեւ սենյակում է, բայց ասես` եւ կա, եւ չկա: Գլուխն ափերի մեջ առած` անշարժացել է: Երբ գլուխը բարձրացնում է` ալկոհոլի հոտը տարածվում է առանց այդ էլ ծանր, թթվածնից զուրկ օդի մեջ: Վիկտորը նրբանկատորեն բացում է պատուհանի փոքրիկ փեղկը: Ասում է` մայրը զրկված է տեղաշարժվելուց եւ կարիքները հոգում է տեղում, դրա համար էլ սենյակը գարշահոտով է բուրում: «Վիկտոր, ժուռնալիստին ե՞ս եմ կանչել: Հիշացրու ինձ, խնդրում եմ»,- իմ այցից անակնկալի եկած Մարինա Անդրեեւնան ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես պատահեց, որ իրենց տուն մարդ եկավ: Չափազանց համբերատար որդին կրկին պատասխանում է` «Ոչ, մայր, դու չես կանչել: Դու արդեն չես կարողանում դիմել որեւէ մեկին: Մայրիկ, պատկերացնո՞ւմ ես, ինքն իր կամքով եկել է»: «Իր կամքո՞վ, Աստված իմ, ի՞նչ նպատակով: Մեզ այստեղի՞ց էլ են վռնդելու: Ես չեմ դիմանա այլեւս, որդի՛ս: Ի՞նչ է ուզում այդ ժուռնալիստը, ուզում է մեզ վերջնականապես սպանե՞լ»: Անհանգստությունից դողացող մոր ուսերը պինդ բռնելով`

Վիկտորը խուճապի մեջ է ընկնում, բայց իրեն զսպելով` կրկին հանգիստ, խաղաղ ձայնով հորդորում է մորը. «Մայր, լսիր, նա չի եկել մեզ վնասելու, նա նրանցից չէ: Հանգստացի՛ր, խնդրում եմ»: Սենյակում ծանր լռությունն ավելի անտանելի է դառնում, քան գարշահոտը: Մարինա Անդրեեւնան ինձնից է վախենում, ես էլ` իրենից: Այնքան խոցելի է, որ չեմ համարձակվում բառ ասել: Հարցնում եմ` «Ինչպե՞ս եք, Մարինա Անդրեեւնա»: Խոսքս դեռ չավարտած` ծեր կինն այնպես է բղավում, որ քարանում եմ. «Վատ եմ, հասկանո՞ւմ ես, շատ վատ: Էս 10 տարի է` շատ վատ եմ, ու ի՞նչ: Ասում եմ` վատ եմ, հետո՞…»: Վիկտորը դեմքով մոտենում է նրա ականջին ու անհարմար զգալով գոռում է` «Հանգստացի՛ր, մայրիկ, հանգիստ խոսիր: Պետք չի էդպես, նա տեսնում է, որ վատ ես, որ ամեն ինչ շատ վատ է: Լաց մի լինի, Մարինա Անդրեեւնա, խնդրում եմ, մի տանջիր մեզ»: Վլադիմիրը մոր ճչոցից տեղից վեր թռնելով` ուզում է հասկանալ, թե ինչ կատարվեց այն ժամանակ, երբ ինքը բնազդաբա՞ր, թե՞ ալկոհոլի ազդեցությունից` տեղում ննջել էր: Աջ ու ձախ նայելով ու մոր թաց աչքերի վրա կանգ առնելով` հասկանում է, որ մայրը նորից պոռթկացել է: «Դե, դե մայրիկ, պետք չի ամեն ինչ նորից սկսել: Նորից լա՞ց ես եղել…»,- հարցնում է նա, ում բարկացած աչքերով ինչ-որ բան է հասկացնում եղբայրը: «Հեռացիր նրա մոտից»,- ասում է Վիկտորը: Երկու եղբայրների արանքում հայտնված կռիվը նոր չէ: Հավանաբար խմիչքի պատճառով է Վիկտորը եղբորը «չորում»:

Բաքվի ջարդերից փրկված մայրն ու որդիները տեղափոխվել են Հայաստան ու թափառականի պես տարիներով բարեկամների տանն են ապրել: Փախստականի պիտակը շալակած` Բաքվից փախուստը դարձել է ճակատագրական: Հիմա մարդիկ են իրենցից փախչում` հասկանալով, որ օգնության խիստ կարիք ունեն: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայությունը 7 տարի առաջ Շենգավիթ համայնքում գտնվող հանրակացարանի մի քանի մետրանոց սենյակ է հատկացրել: Մարինա Անդրեեւնան ասում է` «Երբ էստեղ հաստատվեցինք` մեր կողքի սենյակն ազատվեց: Ես էն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ գրեցի: Խնդրեցի, ասացի, որ երկու` արդեն 60-ն անց որդիներիս հետ երեք մետրանոց սենյակի մեջ եմ: Դեռ կարողանում էի քայլել: Բացատրեցի, որ քնելու տեղ չունենք, չենք կարողանում շարժվել, որովհետեւ, եթե մեկը շարժվում է` մյուսները պետք է սենյակից դուրս գան: Ասացի` սիրելի նախագահ, աղաչում եմ` էդ սենյակն էլ հատկացրեք մեզ, որ քնելու տեղ ունենանք, որ մարդու պես ապրենք, ոչ թե կենդանու»: ՀՀ նախկին նախագահին ուղղված դիմումը վերահասցեագրվել է Միգրացիոն ծառայություն, որտեղից էլ ծեր կնոջ խնդրանքը մերժել են: Մայր ու որդիների տարածքն աննկարագրելի փոքր ու ավելի շատ խորդանոցի նման է: Հնամաշ կաթսաները, փալասները, ունեցած-չունեցածն իրար գլխի լցրած է, որտեղ ոչ ջուր, ոչ էլ կոմունալ պայմաններ կան: Մարինա Անդրեեւնայի սենյակը մարդուն խելագարության հասցնելու չափ ճնշող է: Փախստական են, որոնցից բոլորը փախչում են: Իրենք էլ ուզում են իրենցից փախչել, բայց մի տեսակ հոգնել են փախուստից: Հիմա ապրում են անհույս ու անապագա, որտեղ վաղվա օրը թեեւ թափառում է սենյակում, այդուհանդերձ` ուզում է վայրկյան առաջ փախչել ու այլեւս ոտք չդնել այդ սենյակ: Երեքն էլ թոշակառու են, իսկ աղքատության նպաստից զրկված են, քանի որ մեր պետությունը թոշակների չափը բարձր է համարում: «Մեզ մոտ գալիս են միայն «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները: Մայրիկին լողացնում են, սենյակն են կարգի բերում, չնայած` իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է էս սենյակը կարգի բերել: Շնորհակալ ենք իրենց, որովհետեւ այս ընթացքում միայն նրանք են մեզ այցելում եւ շատ օգնում»,- ասում է Վիկտորը, ով թեեւ մասնագիտությամբ ինժեներ է, այդուհանդերձ, գործազուրկ է: Երկու եղբայրն էլ միայնակ են, ընտանիք չունեն: Հարեւանուհին վստահեցնում է, որ նրանք մշտապես մեկուսացած են ապրել: «Երբեւէ այս մարդկանց դրսում չես տեսնի: Ո՞նց են առավոտից իրիկուն դիմանում էս խցում»: Վիկտորն ասում է` «Մենք Ռուսաստանում էինք աշխատում: Մարինա Անդրեեւնան` Բաքվում: Հեռուստացույցով լսեցինք այդ դաժան բաների մասին, իմացանք, թե ինչ անմարդկային գործողություններ են կատարվում, ու…»: Ու գալով այստեղ` փրկվեցին… Հայաստանում դարձան փախստական: Թվում էր` փրկվեցին: Երբ եկան` կարծում էին` շուտով կդառնան հայաստանցի: Արդեն 20 տարուց ավելի` նրանց կյանքը կանգ է առել: 20 տարուց ավելի` միայն կյանքը սպառում են: Հիմա վստահ են, որ փախստական էլ կմեռնեն, ու հավանաբար ինչ-որ մարդիկ նույնիսկ գերեզմանաքարերին անուն-ազգանունները կդաջեն «փախստական» բառից հետո: