Ո՞վ է թերթից պատիվ պահանջողը

20/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2010թ. Արտաշատի բնակչուհի Մարգարիտ Մարտիրոսյանը «168 Ժամ»-ում տպագրված «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» հոդվածի կապակցությամբ մեր թերթին դատի էր տվել: Հիշեցնենք, որ նրա հարսը` Հռիփսիմե Կարապետյանը, վկայություն էր տվել սկեսրոջ մասին` փաստելով, որ Մ. Մարտիրոսյանն իր համաքաղաքացիների հանդեպ խարդախություն է կատարել, դիմել է շանտաժի եւ իրեն սպառնալով` ստիպում է լռել: Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Մ. Մարտիրոսյանի կողմից ներկայացված` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու հայցը` Արտաշատի ոստիկանությունում Մ. Մարտիրոսյանից տուժածները բողոքներ էին ներկայացնում: Այսինքն, մի դեպքում` խարդախություն, վաշխառություն կատարելու մեղադրանքով նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, իսկ մյուս դեպքում` նա, ինչպես իր հարսին` Հ. Կարապետյանին, այնպես էլ` մեզ դատի էր տվել իր դեմ հարսի վկայությունները տպագրելու համար: Հ. Կարապետյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանը դատարանին էր ներկայացրել ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը: Այնուհետեւ դատարանին միջնորդել էր կասեցնել այս քաղաքացիական գործի վարույթը` մինչեւ հայցվոր Մ. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործի ավարտը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ գործը կասեցրել էր: Հայցվոր կողմը դիմել էր ՀՀ Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Օրեր առաջ մեր խմբագրությունը Վերաքննիչ դատարանից ծանուցում է ստացել, ըստ որի` բավարարվել է հայցվորի բողոքը։ «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` գործի վարույթը կասեցնելու մասին 29.06.2011թ. որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարել եւ նշված որոշումը վերացնել»,- նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ: Մինչդեռ նշենք, որ այդ ընթացքում Արտաշատի քննչական բաժնում հափշտակության հոդվածով քրեական գործ էր հարուցվել եւ մեղադրանքը տեղափոխվել էր դատարան: Մ. Մարտիրոսյանից տուժած անձանցից Վարազդատ Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մ. Մարտիրոսյանին դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Հետաքրքիրն այն է, որ Մ. Մարտիրոսյանից տուժած Արտաշատի շատ բնակիչներ նրա կատարած գործողությունների մասին Ոստիկանությունում ցուցմունքներ են տվել, ինչը հաստատվել է նաեւ դատարանում: Այսինքն` թերթում տեղ գտած վկայությունը գտնվում է նաեւ քրեական գործ հարուցելու որոշման մեջ զետեղված նյութերում, ինչպես նաեւ` պաշտպանվել է դատարանում: Բայց արի ու տես, որ Մ. Մարտիրոսյանը թիրախ է ընտրել, ուզում է թերթով վերականգնենք իր պատիվն ու արժանապատվությունը: Ավելին` Հ. Կարապետյանից էլ դատարանով ահագին գումարի փոխհատուցում է պահանջում: Այն դեպքում, երբ ամիսներ առաջ հափշտակության հոդվածով դատապարտվել է: Մնում էր` Մ. Մարտիրոսյանի պես հանցագործները թերթերից պատիվ պահանջեն: