– Ի՞նչ է հարցազրույցը Ձեզ համար, մանավանդ, որ լրագրող եք եւ Դուք եք սովորաբար հարցազրույցներ արել:
– Հարցազրույցը ժուռնալիստիկայի կարեւոր եւ հետաքրքիր ժանրերից է` տեղեկություններ ստանալու, մարդ-անհատի բնութագիրը, աշխարհայացքը բացահայտելու, նրա ապրումները, վերաբերմունքը վեր հանելու համար: Ի դեպ, հավասարաչափ կարեւորում եմ եւ՛ հարցերը, եւ՛ պատասխանները:
– 2005թ.-ից Դուք «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրենն եք. չե՞ք կարոտել Ձեր մասնագիտությանը:
– Ոչ այնքան, քանի որ ժուռնալիստ լինելն ապրելակերպ է, աշխարհայացք, պայքար է եւ անհաշտ կեցվածք` ստորի, ցինիզմի, անարդարության, մարտնչող տգիտության եւ մնացյալ վատ բաների հանդեպ: Որտեղ էլ աշխատեմ` նույն մարդն եմ, չեմ փոխվելու:
– «Հայ-Արտն» առանձնանում է ինտելեկտուալ ցուցահանդես-միջոցառումներով, արվեստի տարբեր ոլորտներին նվիրված երեկոներով, լուրջ եւ բարձր մակարդակի հանդիսատեսով: Ինչո՞վ է պայմանավորված:
– Ինտելեկտով:
– Կենտրոնի գործունեությունն աչքի է ընկնում նաեւ մշակութային-փաստագրական ֆիլմերի ստեղծումով, որոնց հեղինակը Դուք եք, ո՞րն է նպատակը:
– Տեսնո՞ւմ եք, դրանք Ձեր ուշադրությանն էլ են արժանացել, որ հարց եք տալիս: Այդ ֆիլմերը, իրոք, հետաքրքրություն են առաջացրել տարբեր սերնդի հանդիսատեսի համար` պրոֆեսիոնալ, իմացական, ճանաչողական, գեղագիտական եւ քարոզչական առումներով:
– Իսկ կոմերցիո՞ն:
– Ես այսպես եմ մտածում. եթե հայ վարպետները, դեռեւս միջնադարում, կառուցել են, օրինակ, Ախթալայի հրաշագեղ վանական համալիրը, կոմերցիա ասվածը գոյություն չի ունեցել, ես «Ախթալա» ֆիլմը ստեղծելիս կոմերցիայի մասի՞ն պետք է մտածեի… Ոչ: Ես միայն ցանկացել եմ այդ սքանչելի կոթողին արժանի ֆիլմ նվիրել: Նույն կերպ եմ մտածել «Խոսիր ինձ հետ» եւ «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարերի դեպքում: Ի դեպ, մոտ օրերս կավարտենք «Պարկապզուկ»` ժողովրդական գործիքին նվիրված ֆիլմը:
– Ինչպե՞ս եք հոգում նյութական կարիքները. չէ՞ որ ֆիլմ ստեղծելը թանկ հաճույք է:
– Դուք իրավացի եք մասամբ. ֆիլմը թանկ է, բայց ոչ` հաճույք: Թանկը նպատակն է, ավելի թանկը` նպատակին հասնելու միջոցները:
– Ի՞նչ ունենք այսօր մշակութային դաշտում:
– Լավ բաներ շատ ունենք, այսօր էլ ծնվում են բարձրարվեստ գործեր, պարզապես արվեստի հանդեպ մոտեցումներն են տարբեր: Կանտը մի հիանալի միտք ունի. «Երկու բան այս աշխարհում հիացնում է ինձ եւ սարսափեցնում միեւնույն ժամանակ. աստղալից երկինքն իմ գլխավերեւում եւ բարոյականության օրենքներն իմ մեջ»: Իսկ ինձ` հասարակ մահկանացուիս, սարսափեցնում է մեր «աստղալից» հասարակությունը, կլիպախառն իրականությունը, եղկելի, անգրագետ երգ կոչեցյալներն ու նույնքան եղկելի կատարումները: Բարոյական օրենքներ չկրող մարդն ընդունակ չէ լավ բան ստեղծել, տարբերակել ծաղիկն ու մոլախոտը, արվեստն ու ինքնագործ զբաղմունքը:
– «Հայ-Արտի» նախաձեռնությունները աչքի են ընկնում բարձր արվեստի հետ հանդիպման հաճելի սպասումներով: Կարո՞ղ եք առանձնացնել այս տարվա ամենասիրելի միջոցառումը:
– Այդպիսիք շատ են, սակայն ուզում եմ հիշատակել Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված երեկոն. ցուցադրվեցին բացառիկ գիտա-փաստագրական նյութեր եւ լուսանկարներ` կապված օրվա թեմայի հետ: Միաժամանակ ներկայացվեց իմ հեղինակային ֆիլմը` «Տիեզերքը ափի մեջ», որը նվիրված էր աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, գրող, նկարիչ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին: Երեկոյին ներկա էին նաեւ ռուս անվանի աստղաֆիզիկոսներ, իսկ Գուրզադյանի որդին` աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանը, ներկաներին փոխանցեց եզակի գիտական տեղեկություններ եւ հուշեր: Թեեւ ֆիլմի հերոսը` 88-ամյա գիտնականը, առողջության պատճառով ներկա չէր, սակայն իր բարեկամ Զորի Բալայանի միջոցով մեզ փոխանցեց իր զգացումը. «Ես երջանիկ եմ»:
– Կարեւորո՞ւմ եք ազգային ավանդների պահպանումը:
– Շատ, դրանք մեր մշակութային հարստության մաս են կազմում: Մեր խնդիրն է` դրանք ապրեցնել:
– Որքան հասկացա` Ձեր հանդիսատեսը հիմնականում մտավորականությունն է, ովքե՞ր են նրանք:
– Ես կարող եմ անուններ թվարկել, թեկուզ միայն նրանց, ովքեր մեր ֆիլմերի մասնակիցներն են եղել` Հովհաննես Չեքիջյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Գուրզադյան, Սոս Սարգսյան, Հրանտ Մաթեւոսյան, Արմեն Ջիգարխանյան, Գալյա Նովենց, Անժելա Աթաբեկյան, Նորայր Դավթյան, Գեւորգ Դաբաղյան եւ այլ անվանի մտավորականներ: Մտավորական` չի նշանակում` մտավոր աշխատանքով զբաղվող մարդ, դա հասարակության այն խավն է, որը տվյալ երկրի, ժողովրդի հասարակական, քաղաքական կյանքի շարժիչ ուժը պետք է լինի, ժամանակներ եւ գաղափարներ ձեւավորի:
– Ձեր կարծիքով` «Հայ-Արտի» գործունեությունը մշակութային դաշտում ինչպե՞ս է ընդունվում եւ գնահատվում:
– Այդ հարցին պատասխանելու փոխարեն` ուզում եմ Ձեզ հրավիրել ներկա գտնվելու մեր մշակութային ձեռնարկներին: Կարծում եմ` դուք կստանաք Ձեր հարցի պատասխանը:
– Կա՞ն խնդիրներ, որոնք խանգարում են Ձեր գործունեությանը:
– Խնդիրներից խոսել չեմ սիրում, խնդիրը լուծում են: Իմ նպատակն է` գործել, ստեղծել, նվիրվել հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Իսկ խնդիրների մասին անընդհատ թմբկահարում են ծույլ եւ անգործունյա «առաքյալները»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ