Անավարտ երգեր, սեր, կարոտ, անմոռանալի հուշեր…. Վաղաժամ մահացած Վարդուհի Վարդանյանի հարազատների, ընկերների, երկրպագուների համար լրացել է կարոտի հինգ տարին…
Հոկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է երգչուհուն նվիրված համերգ-երեկո, որին մասնակցել են հայկական շոու-բիզնեսից` երգչուհու ընկերները: Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը, Արսեն Սաֆարյանը, Արամոն, Արմինկան, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Արշակյան քույրերը, Զառա Բաբայանը, Հայկոն, Ալլա Լեւոնյանն ու այլ երգիչներ կատարել են Վարդուհու երգացանկի ստեղծագործություններն ու նրա մասին գրված իրենց հեղինակային երգերը: Համերգը կազմակերպել էին երգչուհու քույրերը եւ ընկերները` ի սկզբանե որոշելով Վարդուհի Վարդանյանին նվիրված երեկոն դարձնել լուսավոր ու հիշել իր մեղեդային, պարային, ռիթմիկ երգերը: Զարուհի Բաբայանը, ով իր կապույտ զգեստով տարբերվում էր մյուս երգչուհիներից, ովքեր հիմնականում սեւ երանգների մեջ էին, կատարել է իր ընկերուհու երգացանկից «Գըքելեր» պարային պոպուրին: Նրա խոսքով` Վարդուհին շատ պայծառ անձնավորություն էր, նրան պետք է հիշել հենց այդպիսին` ժպիտով ու սիրով: «Հոգուս խորքում վստահ էի, որ մեծ մասը կլինեն սեւ հագուստով: Նման համերգին երգել ուրախ երգ, արդեն իսկ դժվար է: Զգալով, որ այսօր գերիշխում է կարոտն ու տխրությունը` զսպում եմ զգացմունքներս, երգի միջոցով ներկայացնում եմ նրա ուրախ, կենսախինդ կերպարը»,- BRAVO.am-ին ասել է Զարուհի Բաբայանը:
Հեղինակ-կատարող Արսեն Գրիգորյանը պատրաստել էր նոր երգ. «Ուզում եմ հասկանալը» նա կատարում էր… այո, Վարդուհու հետ։ «2006-ին գործիքավորող Մուրզոյի մոտ երգել էինք սեւագիր տարբերակը, որ դուետը գործիքավորի: Հետո ձգձգվում էր, այդպես էլ չերգեցինք… Որոշեցի Վարդուհու ձայնագրված հատվածները վերցնել, դրա վրա նոր գործիքավորմամբ կառուցել զուգերգը»,- ասել է նա: Արսեն Գրիգորյանը Վարդուհուն նվիրված մի քանի երգ ունի, վերջերս էլ գրել ու գործիքավորել է «Չենք մոռանա» երգը, որը կատարում են Արմինկան, Զարուհի Բաբայանը, Անդրեն, Սյուզան Մարգարյանը, Արամոն, Էմման, Տիգրան Պետրոսյանը, Ալլա Լեւոնյանը եւ Վարդուհի Վարդանյանի որդին` Ռուբենը: «Հինգ տարի անց կարիք կար, որ խմբակային նոր երգով հանդես գայինք: Տեսահոլովակում մեր ստեղծագործական, ձայնագրման ընթացքն է երեւում»,- ասել է Արսեն Գրիգորյանը: Նա նաեւ դուետներով երգել է Զարուհի Բաբայանի եւ Ալլա Լեւոնյանի հետ:
Համերգի ընթացքում ցուցադրվել են Վարդուհու` տարբեր տարիների համերգային կատարումներից հատվածներ, նաեւ` նրան նվիրված բոլոր տեսահոլովակներն ու երգերը:
Անդրեն երգչուհու հետ զուգերգը` «Հորդ անձրեւը» կատարելիս չէր կարողանում թաքցնել հուզմունքը … Երգչուհու որդին` Ռուբենը, ով որոշել է զբաղվել երգարվեստով, այդ օրը եւս երգել է: Նա դաշնամուրով նվագել ու կատարել է Սիրուշոյի հեղինակած «Արեւ» երգը: Իսկ Երգի պետական թատրոնի նոր սերնդի կատարողներն էլ «Հայաստան աշխարհը» երգել են միասին:
Համերգն ավարտվել է Արսեն Գրիգորյանի «Չենք մոռանա» երգով, որի տեսահոլովակի ռեժիսորը երգչուհու մտերիմ ընկերներից է` Եղիշե Վերդյանը: BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշել է, որ մինչ օրս տարբեր տեղերից հավաքում է երգչուհու արխիվային կադրերը` դրանք հետագայում օգտագործելու համար: Նաեւ նշել է, թե ցանկանում է Զարուհի Բաբայանի եւ Արսեն Գրիգորյանի` Վարդուհուն նվիրված երգի հիման վրա նոր տեսահոլովակ նկարահանել: