Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը կազմակերպում է «UNITED COLORS of ZH Postcards» ցուցահանդեսը: Բացիկների տպագիր նմուշներում, ինչպես նաեւ` շուրջ 50 մեծադիր լուսանկարներում ներկայացված են Հայաստանի եւ հայաստանցիների բնապատկերները: Այս ցուցահանդեսը լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը եւ դիզայներ Հասմիկ Մովսեսյանը հասցեագրում են ոչ միայն տուրիստի աչքերով Հայաստանը դիտած մարդկանց, այլեւ` մեզ բոլորիս: Այստեղ ներկա են մարդիկ` իրենց նուրբ ու բարի հումորով, ինչպես նաեւ` մեզ շրջապատող բնաշխարհի գեղեցկությունը, որը կարիք ունի սիրվելու եւ լուռ հպարտությամբ շեշտվելու. սա մենք ենք` բացիկներում: Սրանք 20 տարվա պատմություն ունեցող բրենդային բացիկներ են, եւ կրում են ZH Postcards անունը: Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն ասում է. «Բացիկների` ներկայացված մեծադիր լուսանկարները ցուցահանդեսում կախելիս մի փաստ հիշեցի. խորհրդային տարիներին մեր խոհանոցներն ու գրասենյակները զարդարում էին սովետական կինոյի վարպետների դիմանկարները. նրանք անհետացան: Հիմա անկախության 20 տարիներն են, նոր պատեր ենք կառուցում, նոր բացիկներ ենք ստեղծում ու այդ պատերին նոր լուսանկարներ կախում»:
Բացումը` հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00, ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 4-ին:
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի սրահում` ՀՀ, Երեւան 0010, Պետրոս Ադամյան 14 շ.: