Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցությունն իր վարչության վերջին նիստում որոշում է կայացրել բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Եվ երեկ ՀՀՇ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ:
– Ինչպե՞ս եք վերահսկելու բոյկոտը եւ ի՞նչ երաշխիքներ, որ բոյկոտի դեպքում էլ հանրաքվեի արդյունքները չեն կեղծվի:
– Խնդիրը նրանում է, որ ՀՀ քաղաքական ուժերն ընտրություններին մասնակցություն կարող են ունենալ, եթե ներկայացուցիչներ ունեն ընտրական հանձնաժողովներում: Տվյալ պարագայում ՀՀՇ-ն զրկված է նման հնարավորությունից: Բազմիցս համոզվել ենք, որ հանձնաժողովները միշտ չէ, որ քաղաքական նկատառումներով են առաջնորդվում: Սակայն կոնկրետ այս պարագայում` կարծում եմ, որ նրանք պարտավոր են քաղաքական խնդիրը հիմնական համարելով՝ գնալ ճիշտ ուղղությամբ: Եվ այդ առումով պետք է հատուկ շեշտեմ, որ «Արդարություն» դաշինքի ու «Ազգային Միաբանության» թիվ մեկ խնդիրն է՝ առավելագույնս պահպանել արդյունքները եւ անել այնպես, որ հնարավորինս արդարացի ընտրություններ անցնեն: Հենց իրենք են պարտավոր պայքարելու, տեր կանգնելու ժողովրդի ձայներին: Ցավոք, անցած ընտրությունների փորձը հակառակն է ցույց տվել: Իրենք իրենց այնքան էլ դրական չեն դրսեւորել (չեմ ուզում ավելի կոպիտ բառեր ասել): Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք մասնակցություն չենք ունենալու դրանցում, դրա հնարավորությունն էլ չունենք: Բայց ունենք կուսակցության անդամներ, որոնք այս կամ այն հասարակական կազմակերպության անդամ են եւ որպես դիտորդներ ներկայացված կլինեն տեղամասերում: Քանի որ ողջ հանրապետությունով մեկ մեր կուսակցությունն ունի իր անդամները, ապա նրանք մարդկանց կփորձեն քարոզել, համոզել, որ բոյկոտն ամենաճիշտ ճանապարհն է:
– Կարծես թե ի սկզբանե ՀՀՇ-ն ձեռքերը լվանում եւ հեռու է կանգնում այս գործընթացներից: Մտավախություն չունե՞ք, որ ՀՀՇ-ին մեղադրեն պասիվության մեջ:
– Ճիշտն ասած՝ ՀՀՇ-ին ինչի մեջ ասես մեղադրել են: Եվ առանձնապես չենք տառապի, որ դրա համար էլ մեղադրեն: Հիմա ամբողջ քաղաքական դաշտը շատ ակտիվ է, եւ կարծում եմ, որ դա բավարար ներուժ է, որպեսզի հարցն այս կամ այն ձեւով լուծում ստանա: Վստահ ենք, որ որեւէ քաղաքական պրոցեսին եթե նույնիսկ փորձ կատարենք մասնակցել, ապա դրանից առավել հարվածները ստանում ենք մենք, շահողը լինում է միշտ երրորդ կողմը: Արդեն յոթ տարի է՝ այդպես է:
– Ավելի ճիշտ չէ՞ր լինի մտնել բովանդակային քննարկման մեջ ու ժողովրդին բացատրել նախագծում առկա բացերը, որպեսզի ժողովուրդն էլ համոզվի, թե ինչու է պետք մերժել:
– Կարծում եմ, որ հասարակությանը պետք չէ շատ բան բացատրել: Կա մի բան՝ մենք չունենք իշխանություններ, որոնք վայելեին հասարակության գոնե մի մասի վստահությունը: Իսկ մեր երկրում 1998թ. ի վեր Սահմանադրությունը բազմիցս խախտվել է: Խախտողը եղել է հանրապետության նախագահը, իսկ այն ուժերը, ովքեր այսօր գտնվում են կոալիցիայում, աջակցել են նրան: Եվ այսօր այդ մարդիկ չունեն ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ իրավական իրավունք, որ փորձեն փոփոխության ենթարկել Սահմանադրությունը:
– Այսօր ընդդիմությունը երեք մասի է բաժանված: Մի մասը բոյկոտում է սահմանադրական փոփոխությունները, մյուս մասը կոչ է անում «ոչ» քվեարկել այդ փոփոխություններին, իսկ երրորդ հատվածն էլ համաձայն է «այո» ասելու, եթե Ռ. Քոչարյանը խոստանա, որ դրանից հետո կլուծարի ԱԺ-ն ու նոր ընտրություններ կանցկացվեն: Երեք բեւեռով գնալու դեպքում մտավախություն չկա՞, որ ընդդիմությունը ժողովրդի մոտ կկորցնի իր վստահությունը եւ հերթական անգամ կպարտվի իր պայքարում:
– Ես չեմ գտնում, որ ընդդիմությունը պարտավոր է միասնական գնալ, մանավանդ, որ այդ կուսակցությունները գաղափարական ընդհանրություն չունեն: Իսկ այս իշխանությունների պարագայում ընդդիմությունը երբեք պարտվելու հնարավորություն չունի: Եթե ցանկություն ունենա պարտվելու, ապա դրա հնարավորությունը չունի: Եթե լինեն արդար ընտրություններ, բնականաբար, ընդդիմությունը միանշանակ հաղթելու է: Իսկ եթե կեղծվեն արդյունքները (եւ ես համոզված եմ, որ հենց այդպես կլինի), ապա ընդդիմությունը միասնական լինի թե անջատ, դա որեւէ դեր չի ունենալու: Եվ նա կարող է իր ձայնը բարձրացնել, միտինգներ անել, գնալ քաղաքացիական անհնազանդության ճանապարհով:
– Ընդդիմությունը խոստանում է նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեն վերածել իշխանությունների վստահության հանրաքվեի: Եվ, ի վերջո, իրականացնել այդքան սպասված իշխանափոխությունը:
– Հասարակության մեջ դեռեւս հասունացած չի այն պահը, որը թույլ կտա իրականացնել իշխանափոխություն: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա ընդդիմությունն ի սկզբանե վրիպել էր, քաղաքական լուրջ սխալ էր կատարել: «Արդարություն» դաշինքը սՎենետիկի հանձնաժողովի մոտ փորձում էր աշխատել Սահմանադրության նախագծի վրա: Այն ընդդիմությունը, որ ակտիվ դերակատարություն է ունեցել 2003 թ., այն ընդդիմությունը, որ ապրիլի 12 էր անցել, պետք է հասկանար մի բան. այս իշխանությունների հետ կոնստրուկտիվ դաշտում ինքն անելիք չունի, եւ ի սկզբանե իր դիրքորոշումը պետք է արտահայտեր:
– Եթե ճիշտ հասկացա, չե՞ք հավատում ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում իշխանափոխության հավանականությանը:
– Մի առիթով ասել եմ՝ ՀՀ-ում իշխանափոխությունը որքան անհնարին է, նույնքան էլ հնարավոր է: Հասարակության համբերության բաժակը լցված է, եւ ցանկացած առիթ կարող է իշխանափոխության առիթ լինել: Եթե հիմա քաղաքական պրոցեսներն այդ ուղղությամբ չընթանան, ապա համոզված եմ, որ պառլամենտական ընտրությունները ՀՀ-ում բերելու են իշխանափոխության: Բայց տա Աստված, որ իշխանափոխությունը հնարավորինս շուտ լինի: Եթե կան ուժեր, որոնք տեսնում են իշխանափոխության հնարավորությունը, ապա մենք պատրաստ ենք նրանց հետեւից քայլել, աջակցել այդ գործընթացին, համագործակցել, պայքարել այդ նպատակի համար: Իսկ եթե չէ, պետք է համբերենք, մինչեւ համապետական ընտրությունների ժամանակ դրանց հնարավորությունը վերստին ընձեռվի:
– Իսկ ընդդիմության խոստացած միտինգների, քաղաքացիական անհնազանդության դեպքում Ձեր ղեկավարած կուսակցությունն ի՞նչ մասնակցություն է ունենալու այդ գործընթացներին:
– Եթե իրադարձությունները դուրս գան փողոց, մեր մասնակցությունը պարտադիր կլինի: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք փորձ են անում ամեն գնով իրենց ներկայացուցչին տեսնել հարթակում, մենք նման կոմպլեքս չունենք: Վերջին տարիներին մենք փորձել ենք միշտ կանգնել ներքեւում՝ հասարակ ժողովրդի հետ, եւ չենք հավակնել հարթակը վերցնելու:
– Իսկ առաջիկայում է՞լ եք ներքեւում լինելու, թե՞ կբարձրանաք հարթակ:
– Դա կախված կլինի նրանից, թե ովքեր են լինելու հարթակում, ովքեր` ներքեւում: ՀՀ-ում գործում են մի շարք քաղաքական ուժեր, որոնց հետ ինչ-որ գործողությունների ճանապարհին շատ դժվար է, որ մենք ունենանք ընդհանրություն: Բնականաբար, ընդդիմության մեջ էլ բազմաթիվ են այն ուժերը, ովքեր նպաստել են այս ռեժիմի կայացմանը, հիմա նրանք այդ ճամբարում են գտնվում, սակայն մոտեցումների, հայացքների լրջագույն տարբերություն կա, եւ մենք գտնում ենք, որ քաղաքական ուժն իր դեմքը պետք է պահպանի: