Բարեւ, Հայաստան

20/10/2011

Եվա Ռիվասը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Ալլա Լեւոնյանը, Նարինե Դովլաթյանը, Արթուր Հակոբյանը` Միստր X-ը, եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբն օրերս Կանադայից «բարեւ» են ասել Հայաստանին: Անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված համերգին մասնակցելու նպատակով նրանք մեկնել էին Մոնրեալ: Համերգն իրականացվել է «Bonjour lգArmenie» ծրագրի շրջանակներում` Մոնրեալի Արվեստների պալատի համերգային դահլիճում:

Ջազ բենդն ու հայ կատարողները տոնական համերգին մասնակցելու էին մեկնել Կանադայի հայկական համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, այժմ Կանադայում բնակվող երաժիշտ Արմեն Մարտիրոսյանի հրավերով: Ալլա Լեւոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նաեւ տարիներ առաջ է Տորոնտոյում ու Մոնրեալում հայ համայնքի համար մենահամերգներ ունեցել. «Հանդիսատեսին ծանոթ էի, նրանք էլ` ինձ: «Շալախո» երգը մի այլ ոգեւորությամբ ընդունեցին: Երգել ենք մեկ-երկու երգ, իսկ նրանց լավ ընդունելությունը զգացել ենք նաեւ բեմից այն կողմ»,- ասել է նա: Երգչուհու խոսքերով` ուղեւորությունն ու համերգն անցել են ջերմ մթնոլորտում, հրավերի դեպքում` նորից սիրով կմեկնի: «Քանի որ Երեւանը եւ Մոնրեալը քույր քաղաքներ են, մեզ հետ հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Համերգը հրաշալի անցավ: Դահլիճը լեփ-լեցուն էր ոչ միայն հայերով, այլեւ կանադացի հանդիսատեսով»,- ասել է Ալլա Լեւոնյանը:

Համերգի ժամանակ հայ երգիչները երգել են Հայաստանին, Երեւանին նվիրված երգեր: Համերգին մասնակցել են նաեւ Կանադայի երգիչ-երգչուհիները, իսկ վերջում միասին երգել են հատուկ այդ միջոցառման համար ստեղծված հայերեն ու ֆրանսերեն բառերով երգ` գրված Արմեն Մարտիրոսյանի եւ Բագրատ սրբազանի կողմից: Երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանի այս համերգն առաջինն է եղել արտերկրում. «Բացի այդ, արտասահմանցի երգիչների հետ առաջին անգամ էի աշխատում, ովքեր շատ համեստ էին: Ընդհանրապես, օտարազգի արտիստները շատ ավելի հասարակ, անմիջական են, քան հայ երգիչներից ոմանք»,- ասել է Ն. Դովլաթյանը: Նրա խոսքով` համերգին մասնակցելու հրավերը ստացել է Արմեն Մարտիրոսյանից, ով համացանցում լսել է նրա ջազային կատարումներն ու առաջարկել է համագործակցել։ «Ինձ համար այս առաջարկը շատ կարեւոր էր: Բառիս բուն իմաստով` երջանիկ էի, նույնիսկ փորձերի ժամանակ հուզվում էի»,- ասել է երիտասարդ երգչուհին: Հյուրերի համար կազմակերպվել է ընդունելություն, երգիչները նաեւ հանդիպել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Bravo.am