«Մտավորականությունն այն ուժն է, որն ինքնին կարող է ընդդիմություն հանդիսանալ, բայց դա չի նշանակում հեղափոխական կոչեր անել, պարզապես մտավորականությունը պետք է միավորի հասարակությանն ընդհանուր խնդրի շուրջ, որը, ցավոք, չի ստացվում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` հավելելով, թե քաղաքականացված մթնոլորտում մտավորականի համար շատ դժվար է կարծիք հայտնել: Նրա խոսքով` դժվար է համախմբել մտավորականներին, քանի դեռ «մենք բարեկեցիկ կյանքով չենք ապրում, քանի դեռ չենք կարողանում մտավորականին արժանի գնահատականը մատուցել»: «Իսկ այն մտավորականները, որոնք համարձակվում են մտնել քաղաքականության մեջ, հալածանքների ու վիրավորանքների են ենթարկվում ԶԼՄ-ների կողմից, քանի որ լրատվամիջոցներն էլ տրոհված են»,- ասել է նա: Անանյանը նաեւ հավելել է, թե մտավորականի խնդիրն է` ճշմարտությունն ասել մինչեւ վերջ` առանց սեթեւեթելու, առանց իշխանության ու ընդդիմության հետ հաշվի նստելու. «Մենք պիտի ստեղծենք մի միջավայր, ուր պիտի նայենք ոչ թե աթոռին, այլ պետությանը»: Ըստ նրա` սովետական ժամանակաշրջանում մտավորականները ծառայում էին որպես քարոզիչներ, միաժամանակ պետությունն էլ ուշադիր էր մտավորականների նկատմամբ։ «Մենք տեսնում ենք, որ անկախությունից հետո փոխվել է մտավորականի դեր»,- վերադառնալով այսօրվան` ասել է Լ. Անանյանը: Նրա կարծիքով` իշխանությունները «ձեռքերը լվացին» մտավորականներից, նրանց ազատություն տրվեց շուկայական հարաբերություններում իրենց հարցերն ինքնուրույն լուծելու: «Մտավորականի կարեւորությունը ստվերի մեջ է, մտավորականները, ինչպես եւ հասարակությունը, տարբաժանված է: Սակայն մենք պետք է միավորվենք, քանի որ կան արտաքին ու ներքին սպառնալիքներ, ամեն բնագավառում ես վտանգներ եմ տեսնում»,- ասել է նա: Լ. Անանյանի կարծիքով` երբ մտավորականները ներքաշվում են քաղաքականության մեջ, դադարում են լինել մտավորական-ստեղծագործող. «Լավ կլիներ, որ մտավորականները քաղաքականացված չլինեին, մյուս կողմից` դա նրանց իրավունքն է, նրանց որոշելու հարցն է` այս կամ այն կերպ մտնել քաղաքականության մեջ»:
Անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի` «Nouvelles d’Armenie» ամսագրին տված հարցազրույցին, Լ.Անանյանն ասել է, թե այն կարդացել ու զարմացել է. «Անպայման պիտի բնագիրը կարդամ` հասկանալու, թե այդ ինչ թյուրըմբռնում է հրապարակվել նրա հարցազրույցից»: