Սողանքի գոտին վտանգավոր է

20/10/2011

Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները, երեւույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, նախագծող եւ շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը ներկայացրել է փլվածքի հատվածում վերջին տասը օրում իրականացրած երկրաբանական ուսումնասիրության արդյունքները: Ըստ փորձագիտական եզրակացության` 1947, 1975 թվականների օդալուսանկարների եւ 2006 թվականի տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2011թ. հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որեւէ նշաններ տեղի չեն ունեցել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում: Իսկ Ա. Կարախանյանը տեղեկացրել է, որ սողանքի ակտիվացման եւ փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գորընթացները, ջուրը, որի երկարատեւ եւ անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավեցրել է տակդիրվող պլաստիկ եւ փուխր կավային ապարների շերտը եւ բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը: Ի դեպ, Երկրաբանության ինստիտուտի փորձագիտական եզրակացությունը բացառում է Վրաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի ազդեցությունը սողանքի ակտիվացման եւ փլուզման վրա: Ըստ «Ա1+»-ի` «Ճանապարհ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը կարծիք է հայտնել, թե նպատակահարմար է փլվածքային մասում իրականացնել մաքրման աշխատանքներ, թեթեւացնել ճանապարհը, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել երկրաբանական հետազոտական մանրակրկիտ ուսումնասիրություններ եւ հակասողանքային միջոցառումներ: Բեզոյանի խոսքով` գործող ճանապարհի պաստառի ակնադիտական դիտարկումները ցույց են տվել, որ ճանապարհի մեծ մասը վնասված չէ եւ կարելի է օգտագործել հետագա վերանորոգման ժամանակ: Խորհրդակցության մասնակիցները կարեւորել են սողանքավտանգ հատվածներում մշտական դիտարկումների կատարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի սողանքների հետագա կանխարգելմանը: Վերջում քննարկման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին եւ Դեբեդ գետին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ` պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ եւ վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին: Երկրաբական ուսումնասիրությունները կատարելու համար Մանուկ Վարդանյանի որոշմամբ կստեղծվի մասնագիտական խումբ եւ կիրականացվեն հակասողանքային միջոցառումներ: