ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը խիստ մտահոգված է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի քաղաքական ապագայով եւ վստահ է, որ անհետեւանք չի մնա ուրբաթ օրն ԱԺ-ում կառավարության անդամների հետ նրա խմած շամպայնը, որով նրանք շնորհավորեցին 2006թ. պետբյուջեի նախագծի ընդունումը:
«Մտահոգված եմ, որովհետեւ մեր պատմությունից գիտեմ, թե շամպայն խմելն ինչ վատ նշան է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շամպայն խմեց եւ ընդամենը մեկուկես տարուց հետո զրկվեց իշխանությունից: Մեկուկես տարի հետո մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, մի՞թե դուք իմ ընկերական, բարեկամական մտահոգությունը չեք գնահատում»,- երեկ ԱԺ-ում Արթուր Բաղդասարյանին հիշեցրեց Հմայակ Հովհաննիսյանը` հորդորելով նրան քննարկման ներկայացնել «Ավանդների փոխհատուցման մասին» օրինագիծը, որպեսզի չարժանանա Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատագրին: Սակայն Հ. Հովհաննիսյանի «ընկերական ու բարեկամական» մտահոգություններն անիմաստ էին: «Այլ թեմաներ մտածեք, որոնք իրոք ժողովրդին հուզում են,- Հ. Հովհաննիսյանին առաջարկեց Ա. Բաղդասարյանը` հավելելով,- մենք չենք կարող երկու անգամ նույն օրենքն ընդունել: Մենք չպետք է խելագարության կանխավարկածով առաջնորդվենք, ընկերներ: Մենք դա արդեն ընդունել ենք, եւ միացել է բյուջեին»: Հմայակ Հովհաննիսյանի պնդումներին ի պատասխան, թե բյուջեում բացակայում է «պետական երաշխիքներ» ձեւակերպումը, որպեսզի հստակ լինի, որ իսկապես պետությունը երաշխավորում է ավանդների վերադարձը, Ա. Բաղդասարյանը հայտարարեց. «Իհարկե, ձեզ պատասխանող կլինի: Բայց որոշ պատգամավորներ իրենց չիմացությամբ բռնաբարում են հայրենի ուղղագրությունը: Հայերեն լեզվով պարզ ասացի, որ մենք այդ օրենքն արդեն ընդունել ենք եւ իրավունք չունենք նույն օրենքը երկու անգամ ընդունել: Ինչի՞ չեկաք քվեարկեիք, երբ ավանդների վերադարձման հարցն ընդունվում էր, բա գայիք քվեարկեիք, ինչի՞ չեկաք «կողմ» քվեարկելու»:
Իսկ պատգամավոր Համլետ Հարությունյանին դուր չէր եկել Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ավանդների փոխհատուցման համար բյուջեի նախագծով կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամը նման է «շնից մազ պոկելուն», եւ, դիմելով ԱԺ նախագահությանը, դժգոհեց, թե ինչու նրանք չեն միջամտում, երբ պատգամավորները ոչ կոռեկտ արտահայտություններ են թույլ տալիս կառավարության հասցեին: «Ես նկատի ունեմ մեր չինովնիկական դասին, որը, այո, շնային հետեւողականությամբ փորձեց ամեն ինչ անել, որպեսզի նվազագույն աշխատավարձը, թոշակները բարձրացվեն ընդամենը 14 տոկոսով, իսկ կառավարման համար ծախսերը` 40 տոկոսով: Կրկնակի ավելացավ նրանց տրամադրվելիք բենզինի լիմիտը, ավելացավ չինովնիկների մեքենաների պարկը: Դրանք իսկապես շան նման չեն ցանկանում կիսվել ժողովրդի հետ, որպեսզի գոնե համաչափ լինի տրվելիք գումարները: Բարեբախտաբար, մենք ամբողջատիրական համակարգը թոթափել ենք, եւ ես իրավունք ունեմ նման հայտարարություններ անել»,- իր ասածը վերստին հաստատեց Հմայակ Հովհաննիսյանը` ավելացնելով, թե ինքը ոչնչից չի վախենում` ասելու համար, որ կառավարությունն ու նրան սատարող կոալիցիան խաբում են առանց այն էլ խաբված ավանդատուներին` համոզելով, թե պետբյուջեով նրանք ամեն տարի ստանալու են իրենց փոխհատուցումը: «Ո՞նց են ստանալու, եթե բետբյուջեում հստակ նշված է, որ կառավարությունն է որոշելու, թե ինչպես եւ երբ են մնացած ավանդատուները ստանալու իրենց փոխհատուցումները»,- ԱԺ դահլիճում բղավում էր Հմայակ Հովհաննիսյանը, բայց ոչ ոք այլեւս նրան չէր արձագանքում: