Աշխատենք միասին

18/10/2011

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնավարման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը: «Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Այսօր մենք մեր հարաբերությունները գնահատում ենք` աննախադեպ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել նախկին դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ջոն Հեֆերնն էլ, իր հերթին, ասել է. «Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, եւ մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»: