Նամակ Սարկոզիից

18/10/2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Ձեզ այն բացառիկ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք ինձ Հայաստան պետական այցի ընթացքում, որը կատարելու պատիվն ու հաճույքն ունեցա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին: Իմ պետական այցից նախեւառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի

24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից: Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչեւիսկ միաձուլվելով նրան: Նույն կերպ, ես պահպանում եմ հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը եւ որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված եւ նախորդ դարի փորձություններում կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության: Նաեւ, ցանկանում եմ Ձեզ վերահաստատել, որ Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում: Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է` Ձեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին: Ձեր երկրի համար ճակատագրական պահերին, Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի եւ տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա: Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջեւ բարեկամության առավել ամրապնդմանը: Հավատացած եղեք, որ Ֆրանսիան ի սրտե եւ անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար: Հայաստանին ցանկանում եմ խաղաղ եւ բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, եւ մաղթում եմ, որ երկրի ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի եք: Խնդրում եմ ընդունել, մեծարգո՛ պարոն Նախագահ, սիրելի՛ Սերժ, ամենախոր հարգանացս, ինչպես նաեւ իմ խորը բարեկամական զգացումների հավաստիքը»: